Սոնա Մովսիսյանը, նույն ինքը` Սոնե Սիլվերն, օրեր առաջ իր ակումբային առաջին մենահամերգին ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հավաստագիր: Երգչուհին այս համերգ-քննությամբ ավարտել է “Կատարողական եւ ստեղծագործական բարձրագույն վարպետություն” լրացուցիչ կրթության դասընթացը` “Էստրադային-ջազային երգեցողություն” մասնագիտությամբ:
Սոնե Սիլվերը
“Yans” ակումբում Սոնե Սիլվերը “Colors of Music” բենդի նվագակցությամբ կատարել է երգեր Նինո Քաթամաձեի, Քրիստինա Ագիլերայի, Ալիշա Քիզի, նաեւ Էվելինա Մակարյանի երգացանկից, իսկ համերգին նրան գնահատել են դասախոսները` Երվանդ Երզնկյանը, Արմանուշ Հակոբյանը, Դավիթ Ղազարյանը, Նարինե Զարիֆյանը եւ այլք:
Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե ինչու է որոշել ասպիրանտական կրթություն ստանալ.“Նախ ուզում էի մասնագիտությանս մեջ որքան հնարավոր է պրոֆեսիոնալիզմի հասնել, չի բացառվում, որ հետագայում նաեւ դասավանդեմ: Սիրում եմ ավելիին հասնել, “աստիճաններով” բարձրանալ. կոնսերվատորիայի արդեն երրորդ դիպլոմն եմ ստանում: Կարծում եմ` երգիչը պարտավոր է երաժշտությունից խորությամբ հասկանալ ու լավ երաժիշտ լինել, միայն վոկալը բավարար չէ”:
Սոնե Սիլվերը
Թեեւ Սոնեի հուզմունքը համերգի ընթացքում կրկնապատկվել էր, այն իր հաղթանակներից մեկն է համարում.“Թե´ հանձնաժողովը, թե´ հանդիսատեսը ջերմ էին, նրանց դրական արձագանքի շնորհիվ կարողացա լավ ելույթ ունենալ: Քանի որ դասախոսներս միշտ խստապահանջ են եղել, համերգին առաջին անգամ լսեցի նրանց գովեստի խոսքերը: Ստանալով պրոֆեսիոնալ երաժիշտների օրհնությունը` այժմ ավելի մեծ պատասխանատվություն եմ կրում եւ ավելի ինքնավստահ եմ”:
Սոնե Սիլվերը
Ակումբային հաուս ոճում հանդես եկող 24-ամյա երգչուհին հիմնականում համագործակցում է դիջեյների հետ.“Սիրում եմ էլեկտրոնային երաժշտություն, բայց չի բացառվում, որ հետագայում սոուլ եւ R'n'B երգեր էլ կկատարեմ: Իմ երգացանկը շատ համերգների ձեւաչափին չի համապատասխանում, ավելի շատ հրավերներ եմ ստանում մասնակցել երեկույթների ու կորպորատիվ միջոցառումների: Շատերն են առաջարկում, որ հայերեն երգեր կատարեմ, բայց դեռ տատանվում եմ”:
Հավելենք, որ երգչուհին մենահամերգի ընթացքում զգեստափոխվել է երեք անգամ` կրելով իր մայրիկի կարած զգեստները.“Հիմնականում նրա հետ եմ խորհրդակցում զգեստներիս դիզայնի հարցում: Իսկ ձեռագործ ոսկեգույն զգեստը ստեղծվել է “Lola handmade”-ի կողմից”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: