Երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչ գաղտնիքներ եք թաքցնում ձեր բջջային հեռախոսում, եւ արդյոք պատրաստ եք այն վստահել ձեր ընկերներին ու հարազատներին: Հենց այս հարցի շուրջ են խորհել Կամերային թատրոնում ու բեմադրել նոր ներկայացում, որը պատմում է մեր օրերի ամենաարդիական խնդիրների մասին: «Սեւ արկղ»՝ այսպես է կոչվում դերասան եւ ռեժիսոր Արշո Հարությունյանի հեղինակած նոր ներկայացումը, որի առաջնախաղը երեկ էր: Մեծ պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Նոր բեմադրությունը դիտելու էին եկել ինչպես դերասանների մտերիմները, այնպես էլ ներկայացմանն անհամբերությամբ սպասող հավատարիմ հանդիսատեսը: Ոմանք նույնիսկ համաձայնեցին հոտնկայս դիտել ներկայացումը, միայն թե բաց չթողեն սպասված առաջնախաղը:
«Սեւ արկղ» ներկայացման պրեմիերային
«Երբ թատրոնում նոր ստեղծագործություն ես բեմադրում, միշտ ուզում ես որեւէ նոր թեմայի մասին խոսել, որը համահունչ կլինի մեր կյանքին ու կհետաքրքրի մարդկանց: Սա նոր ներկայացում է մեր «սեւ արկղերի»՝ բջջային հեռախոսների մասին, որոնք այնքա՜ն բան գիտեն մեր մասին ու այնքա՜ն գաղտնիքներ են թաքցնում: Դրանք մեզ ստիպում են երկդիմի կերպարով ներկայանալ կյանքում: Յուրաքանչյուր մարդ էլ ունի իր ներաշխարհը, իր գաղտնիքները, բայց քանի որ այսօր կան նաեւ սմարթֆոններ, մեր ներքին աշխարհի զգալի մասը տեղափոխված է այնտեղ՝ մեր մտքերը, մեր մասին տեղեկությունները, մեր ընկերները եւ նույնիսկ այն ընկերները, որոնց չենք ճանաչում: Այդ իսկ պատճառով էլ մենք այդ սմարթֆոններն անվանում ենք «սեւ արկղ», որոնցում պահվում է գաղտնի ինֆորմացիան: Իսկ թե ինչ է լինում, երբ բացահայտվում է այն, փորձել ենք ցույց տալ ներկայացման մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Արշո Հարությունյանը:
Ռեժիսորի խոսքով՝ այս ներկայացմամբ իրենք նոր ժանր են հորինել ու ներմուծել թատերական իրականության մեջ՝ հարաբերությունների կատակերգություն. «Գոյություն ունի իրավիճակների կատակերգություն, բնավորությունների կատակերգություն, բայց մենք այս բնորոշումն ենք ընտրել՝ ներկայացումը լավագույնս բնութագրելու համար: Երբեմն մարդկային հարաբերությունները կարող են շատ ծիծաղելի թվալ, բայց իրականում դրանցում մեծ ողբերգություն լինի: Մեզ միայն կողքից է ծիծաղելի թվում, քանի որ ուրիշինն է, մերը չէ, բայց մեկ էլ հանկարծ իրավիճակը պտտվում է, ու նույն խնդրի առջեւ ինքդ ես կանգնում»:
Լուիզա Ներսիսյանը
«Սեւ արկղ» ներկայացման մեջ ներգրավված են նաեւ նոր դերասաններ, որոնց Արշո Հարությունյանը հրավիրել է հատուկ այս ստեղծագործության համար: Դերերում հանդես են գալիս Բաբկեն Չոբանյանը, Էվա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Միկա Վաթինյանը, Լիլի Էլբակյանը, Ժորա Հովհաննիսյանը, Արթուր Մանուկյանը եւ Արմինե Նազարի-Դեխնավին.«Հրավիրել եմ հենց այն դերասաններին, որոնց հետ ուզում էի աշխատել այս ստեղծագործության շրջանակում: Կարծում եմ`շատ հետաքրքիր դերասանական աստղաբույլ է հավաքվել, որոնք հանդես են գալիս մաքուր էմոցիաներով`առանց հանդիսատեսին խաբելու»:
Սրամիտ թեմաներ, հումոր, ընկերական հարաբերություններ, բորբոքված կրքեր, արդիական խնդիրներ ու տաք հույզեր՝ այսպես կարելի է բնութագրել Կամերային թատրոնի նոր ներկայացումը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում`բուռն ծափահարությունների եւ բրավոների ուղեկցությամբ: Բեմում տեղի ունեցող իրադարձությունները ստիպեցին ներկաներին մի պահ մտածել`արդյոք իրենք ազնիվ են իրենց ու իրենց հարազատ մարդկանց հետ, ինչ կերպարներով են ներկայանում իրական ու վիրտուալ կյանքում: Ներկայացման ավարտին էլ բոլորը քննարկում էին` արդյոք իրենք այդքան համարձակություն կունենային իրենց բջջայինը վստահել ընկերներին ու բացեիբաց խոսել այնտեղ պահվող գաղտնիքների մասին:
Լիլի Էլբակյանը, Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Էվա Խաչատրյանը
Ներկայացման ավարտին դերակատարներից մի քանիսին հարցրինք`արդյոք իրենք համարձակություն կունենային իրենց բջջայինը դնել ընկերների հեռախոսների կողքին եւ բարձրաձայն պատասխանել բոլոր զանգերին ու նամակներին, ինչպես ներկայացման մեջ արեցին: Պատասխանները բավական անկեղծ էին. դերասանուհի Էվա Խաչատրյանը, օրինակ, խոստովանեց, որ ինքն իր տեսակով ու հոգեբանությամբ բաց մարդ է եւ սովորաբար գաղտնիքներ պահել չի կարողանում, եթե դրանք իրենն են, այլ ոչ թե ուրիշինը.«Իհարկե, կան բաներ, որոնք իմն են, շատ խոր ու ներքին զգացողություններ են, որոնք չեմ ցանկանա կիսել մեկ ուրիշի հետ` նրանց չտխրեցնելու համար: Մյուս բոլոր դեպքերում հեռախոսս շատ հանգիստ կարող եմ վստահել սիրածս մարդուն, եւ ինչպես Լիլի Էլբակյանն ասաց, իմ հեռախոսի վրա նույնիսկ գաղտնաբառ չկա(ծիծաղում է,-հեղ.)»:
Իսկ ահա Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ իր անձնական տարածքը պետք է ունենա, որտեղ միայն ինքն ու իր ապրումները կլինեն, եւ դա բնավ կապ չունի ազնվության կամ անկեղծության հետ.«Ես եկել եմ այն խոր համոզմունքին, որ մարդուն պետք է հանգիստ թողնել: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր առանձին տարածքը, որտեղ չի կարելի ներխուժել՝ անկախ նրանից՝ մտերիմ բարեկամ ես, ընկեր, թե հարազատ: Դա ոչ մի նշանակություն չունի: Յուրաքանչյուր մարդու պետք է օդ եւ այդ օդից առաջ գնալը, կարծում եմ, կոռեկտ չէ»:
Հրանտ Թոխատյանը
Դերասան Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ էր համագործակցում Արշո Հարությունյանի հետ թատերական ներկայացման շրջանակում, թեեւ ֆիլմերում մի քանի անգամ աշխատել են միասին: Կարծում է` կարեւոր ասելիք կա «Սեւ արկղ»-ում, եւ արդիական թեմա է բարձրացվում.«Թերեւս ակտուալ ասելով՝ ոչինչ ասած չեմ լինի, քանի որ խնդիրը բոլորիս է վերաբերում: Աստված չանի՝ այդ իրավիճակներում հայտնվենք, բայց ինչպես տեսաք, նման բան հնարավոր է ու կարող է լինել: Այստեղից հետեւություն, որ պետք է հարաբերությունների նկատմամբ մի քիչ ավելի զգույշ լինել: Ի վերջո ազնիվ լինել, ազնիվ ապրել, այլապես մի վայրկյանում կարող է ամեն ինչ քանդվել»:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: