×


Սուրեն Առուստամյան. «Աղջիկս մի ուրիշ զգացմունքներ է առաջացրել»

Փոքրիկ Արեւի ծննդից հետո դերասան-ամուսիններ Սուրեն Առուստամյանի եւ Լիլիթ Տիտոյանի առավոտը սկսվում է երեխաների հետ զբոսանքով: BRAVO.am-ն էլ օրերս միացել է նրանց, զրուցել եւ, իհարկե, լուսանկարել: Զույգի երեք ամսական դստերը գրավել էր նկարվելու ընթացքը, անգամ ժպտացել է, իսկ 9-ամյա Հայկը ստանձնել էր հոգատար եղբոր դերը: Նրա խոսքով` քույրն ամենաշատն իրեն է ժպտում:

Սուրեն Առուստամյանի ընտանիքը


«Տղաս ասաց` «Պապ, կլինի, էլ գործի չգնաս…»»

-Օրս հագեցած է աշխատանքով, բայց փորձում եմ ժամանակ տրամադրել նաեւ ընտանիքիս: Արդեն երկու ամսից ավելի է` առավոտս սկսվում է նրանց հետ, ինչն էլ ինձ ուժ է տալիս աշխատելիս: Իհարկե, նրանք երբեմն բողոքում են, նույնիսկ տղաս վերջերս ասաց` «Պապ, կլինի, էլ գործի չգնաս»: Փորձում եմ հնարավորինս ուշադիր լինել: Սուտ կլինի, եթե ասեմ` շատ եմ օգնում կնոջս. ավելի շատ որպես տան տղամարդ  ձգտում եմ երեխաներիս ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:

«Աղջիկս մի ուրիշ զգացմունքներ է առաջացրել…»

Արեւի ծննդից հետո, բնականաբար, ամեն բան փոխվել է. գիշերները հաճախակի արթնանալը, առավոտյան զբոսանքները եւ ամենակարեւորը, աղջիկս մի ուրիշ զգացմունքներ է առաջացրել` ավելի նուրբ, ավելի փխրուն, ավելի քնքուշ:

Տղաս հետաքրքրվում է սպորտով, մասնավորապես նրան գրավում է ֆուտբոլը: Մի անգամ ասաց` ուզում է բանկիր, ծրագրավորող, կամ էլ հայտնի ֆուտբոլիստ դառնալ, բայց Իսպանիայում: Իսկ աղջիկս արդեն զգացվում է, որ կլինի արվեստի մարդ. սիրում է երաժշտություն, իսկ երբ ուզում եմ լուսանկարել, սկսում է աշխատել ֆոտոխցիկի հետ(դրանում ինքներս էլ համոզվեցինք-հեղ.:)):

Սուրեն Առուստամյանը՝ դստեր հետ


«Հոգնեցինք սառը աչքերով, «տուպոյ» հայացքով անտաղանդ դեմքերից…»

Ներկա պահին հիմնականում զբաղված եմ երեկոյան աշխատանքով. ակումբային շոուներ եմ վարում: Նաեւ «Արմենիա TV»-ով հեռարձակվող  բրազիլական սերիալների համար ձայնային կրկնօրինակում եմ անում, ինչը շատ եմ սիրում. բավական հետաքրքիր աշխատանք է:

Կարճամետրաժ սերիալում նկարվելու առաջարկ ունեմ «Շանթ»-ից: Համաձայնեցի, քանի որ բավական պրոֆեսիոնալ դերասանական կազմ է հավաքվել. խաղալու եմ Ժան Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Ռուդիկ Ղեւոնդյանի ու տաղանդավոր այլ մարդկանց հետո, որոնցից հաստատ շատ բան ունեմ սովորելու: Ամենակարեւորը` դերասաններ են, հոգնեցինք սառը աչքերով, «տուպոյ» հայացքով անտաղանդ դեմքերից, ովքեր մանկուց երազել են «տելեվիզորի» մեջ հայտնվել:

Մեկ այլ սերիալի առաջարկ էլ մերժել եմ, քանի որ կերպարը դուրս չեկավ: Որպես դերասան` հարմար չգտա ու հրաժարվեցի: Թատրոն վերադառնալու մեծ ցանկություն ունեմ, հավանաբար, դա կլինի նոր ներկայացմամբ նոր թատրոնում, որի մասին հիմա դեռ չեմ ուզում խոսել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին