×


Սրբուհի Հովհաննիսյան. “Երբ կա սեր, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում”

“Դեղ” ռոք-խմբի վոկալիստ Սրբուհի Հովհաննիսյանը, որը հասարակության լայն զանգվածներին հայտնի է “Հայաստանի ձայնը” նախագծից, վստահեցնում է` իր համար արվեստում գոյություն չունի մրցույթ հասկացությունը: Իսկ թե ինչու էր որոշել մասնակցել մրցութային նախագծի ու ինչ ձեռքբերումներ ունեցավ, երիտասարդ երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

Սրբուհի Հովհաննիսյանը


“Հայաստանի ձայն”-ի մասին

“Հայաստանի ձայնը” մրցութային կոմերցիոն նախագիծ է, իսկ ինձ համար արվեստում կոմերցիա ու մրցույթ հասկացությունները գոյություն չունեն: Երգից, երաժշտությունից չես կարող մրցույթ սարքել, քանի որ դրանք սպորտ չեն: Նախագծին հետեւած մարդիկ տեսել են, թե ինչ տարբեր են եղել մասնակիցների ներկայացրած ոճերը: Բոլորն էլ լավն են եղել իրենց տեսակի մեջ, իսկ համեմատել փոփ, ջազ, դասական ու այլ մի շարք ոճերում երգող երգիչների ու ընտրել լավագույնին, կարծում եմ` ճիշտ չէ:

Սրբուհի Հովհաննիսյանը


“Հայաստանի ձայն”-ում իր ձեռքբերումների մասին

Ի սկզբանե նախագծին մասնակցելու եմ գնացել Արտո Թունջբոյաջյանի դպրոցն անցնելու համար: “Հայաստանի ձայն”-ում իմ ամենամեծ ձեռքբերումը մարզչիս հետ շփումն է, որը շարունակվում է մինչ օրս: Նրա շնորհիվ սկսել եմ ամեն ինչ էլ ավելի լուրջ ու խոր ընկալել, չնայած` երբեք մակերեսորեն չեմ վերաբերվել արվեստին, երգին, քանի որ միշտ կարծել եմ, որ մակերեսային մարդը արվեստի աշխարհում անելիք չունի: Իսկ այն, որ հասա մինչեւ կիսաեզրափակիչ, իրոք, շատ մեծ անակնկալ էր ինձ համար, քանի որ ես երգում էի ոչ մրցութային երգեր:

“Հայաստանի ձայն”-ի ընթացքում “Դեղ”-ի ծավալած գործունեության մասին

Նախագծի ընթացքում ընդհանրապես ելույթ չենք ունեցել. խմբի անդամներից ամեն մեկն իր անհատական գործունեությունն էր ծավալում: Այս վեց ամսվա ընթացքում շատ էի կարոտել իմ “underground” կյանքը, խումբս, լսարանս: Բայց, ցավոք, նախագծի ավարտից հետո էլ “Դեղ”-ը դեռ ելույթ չի ունեցել. փորձատեղի, երգացանկի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք, բացի դա, մեզ մեր թմբկահարն է լքել, որը սկսել է բաս-կիթառ նվագել: Այս խնդիրների լուծումը ժամանակատար է, բայց մոտ ապագայում անպայման կվերամիավորեմ “Դեղ”-ն ու համերգ կտանք, այլ կերպ հնարավոր չէ:

Սրբուհի Հովհաննիսյանն ընկերոջ հետ


Ստեղծագործական դադարի մասին

Կարելի է ասել, որ ստեղծագործական դադարի մեջ եմ. վեցամսյա այդ ծանր օրակարգից հետո նման հանգիստը դեռ անսովոր է ինձ համար: Այժմ փորձում եմ հասկանալ` ինչ եմ արել մինչ օրս ու ինչ եմ ուզում անել հետագայում: Նոր բան անելու ու ասելու որոնումների մեջ եմ, քանի որ դժվար է մեր օրերում զարմացնել. աշխարհին Ուիթնի Հյուսթոնի նմանակներն այլեւս պետք չեն:

Անհատական կարիերայի մասին

Սոլո կարիերա սկսելու ցանկություն չունեմ. 15 տարեկանից հանդես եմ գալիս բենդով ու այդպես էլ կշարունակեմ: Եթե անգամ որոշ ժամանակ անց ես հայտնի դառնամ պարզապես որպես Սրբուհի Հովհաննիսյան, մեկ է` իմ անունը տալիս պետք է նկատի ունենան նաեւ իմ բենդը:

Սրբուհի Հովհաննիսյանը


Անձնական կյանքի մասին

Կան մարդիկ, ովքեր առանձնացնում են իրենց անձնական ու ստեղծագործական կյանքը: Ինձ համար դրանք մեկ ամբողջություն են. եթե չկա մեկը, ապա չկա նաեւ մյուսը: “Հայաստանի ձայն”-ի ընթացքում ինձ շատ են օգնել ու աջակցել ինչպես մայրս, այնպես էլ` ընկերս: Ո′չ խմբում ծավալած գործունեությունս, ո′չ էլ նախագծին մասնակցությունս չեն խանգարել իմ եւ ընկերոջս հարաբերություններին, քանի որ, երբ մեկին սիրում ես, միշտ էլ կարող ես ժամանակ գտնել նրա համար: Ի վերջո, երբ կան անձնական հարաբերություններ, կա այդ սերը, թրթիռը, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի, Դամիան Հովհաննիսյանի, Կատյա Ավետիսյանի եւ “The Voice” նախագծի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW