×


Վահե Զիրոյանը

Վահե Զիրոյան․ «Սկզբնական շրջանում նույնիսկ աման եմ լվացել»

Երիտասարդ դերասան Վահե Զիրոյանին կարծես կյանքն է ուղղորդել`երբ եւ որտեղ հայտնվել ճիշտ պահին ու ժամանակին: Թեեւ ի սկզբանե Վահեն ցանկություն չի ունեցել թատրոնում աշխատելու, փոխարենն որպես խոհարար, գանձապահ է աշխատել, սակայն ժամանակի ընթացքում ճակատագիրն արել է իր գործը, ինչի համար դերասանը միայն ուրախ է: Արդեն 5 տարի է` նա աշխատում է Կամերային թատրոնում` վերջին տարիներին պարբերաբար նկարահանվելով նաեւ տարբեր ֆիլմերում, սերիալներում: BRAVO.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ եւ որոշ բացահայտումներ արել:

«Նույնիսկ աման եմ լվացել»

Դպրոցն ավարտելուց հետո խոհարարություն սովորեցի, աշխատեցի: Չեմ նեղվի եւ կասեմ․ սկզբնական շրջանում նույնիսկ աման եմ լվացել, մինչեւ հասել եմ խոհարարի աշխատանքին: Աշխատում էի, քանի որ չէի ցանկանում ծխախոտի գումար ուզել ընտանիքիս անդամներից:

Վահե Զիրոյանը


«Թատերական վախեցա գնալ»

Պատանեկության տարիներին մեծ ցանկություն ունեի KBH խաղալու եւ իմացա, որ պետք է որեւէ ուսումնական հաստատությունում ուսանող լինեմ, որպեսզի մասնակցեմ այդ խաղերին: Թատերական վախեցա գնալ, ընդունվեցի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, որտեղ էլ քասթինգի եւ KBH-ի մեկ խաղի մասնակցեցի: Մեկ տարվա դադարից հետո իմացա, որ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում նոր թիմ են հավաքում, գնացի եւ մեկ տարի էլ էնտեղ խաղացի: Այդ տարիներին «Վիտամին» ու «32 ատամ» ակումբները բաժանվեցին, եւ «32»-ը քասթինգ էր անում: Ընկերոջս` Վահե Խաչատրյանի հետ մասնակցեցինք, հանձնարարությունները կատարեցինք եւ ընդգրկվեցինք նրանց ակումբում:

«Թողեցի թատրոնն ու Լիտվա մեկնեցի»

««32»-ում ծանոթացել էի Ռաֆոյի եւ Անդոյի հետ: Թեեւ որոշ ժամանակ անց դուրս եկա ակումբից եւ սկսեցի որպես գանձապահ աշխատել, բայց մի օր տղաներից իմացա, որ Կամերային թատրոնում ռեկվիզիտորը բանակ է գնում, եւ աշխատանք կա: Գնացի, եւ պարզվեց նաեւ, որ այդ ժամանակ թատրոնում դերասանական նոր խումբ էին հավաքում, մասնակցեցի, եւ սկսվեցին մեր փորձերը: Բայց մինչ այդ իմ գործերը Եվրոպա էի ուղարկել, որ, եթե հաստատվեր, պետք է գնայի` որպես խոհարար աշխատելու: Հենց այդ ժամանակ զանգ ստացա, որ կարող եմ գնալ, թողեցի թատրոնն ու Լիտվա մեկնեցի, բայց 4 ամիս հետո վերադարձա, քանի որ այնքան էլ շատ աշխատանք չկար:

Վահե Զիրոյանը


«Երբեք չէի մտածել թատրոնում աշխատելու մասին»

Երբ Հայաստան վերադարձա, ընտանիքիս անդամները հարցրին` ինչ պետք է անես։ Որոշեցի թատրոն գնալ, մերոնց տեսնել: Գնացի ու իմացա, որ դերասաններից մեկը դիմում է գրել եւ դուրս է գալիս, այդպես ընդունվեցի Կամերային թատրոն եւ մինչ այժմ աշխատում եմ: Երբեք չէի մտածել թատրոնում աշխատելու մասին, պարզապես ուզում էի ուժերս փորձել հումորի ասպարեզում: Բայց արի ու տես, որ ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում:

«Ինքս էլ պատրաստ չէի»

Վերջին 2-3 տարիներին պարբերաբար նկարահանվում եմ սերիալներում` «Որոգայթ», «Ուրիշի հոգին», «Քարե դարդ», «Քավարան», «Եթե գտնեմ քեզ», «Հետհաշվարկ», «Կարմիր բլուր»: Իսկ մինչ այդ առաջարկ չեմ ունեցել, երեւի ինքս էլ դեռ պատրաստ չէի, ինչ-որ բարիեր կար, որն ուզում էի հաղթահարել:

«Ժամանակ չկար»

Ցանկացած առաջարկ ստանալիս ուշադրություն եմ դարձնում սցենարին, կերպարիս: Լավ է, երբ այն տարբերվում է նախորդից, եւ ինչ կերպար էլ լինի, փորձում եմ հնից ոչինչ չպահել եւ նորովի կերտել: «Եթե գտնեմ քեզ»-ից հետո դադար չունեցա, աշխատակազմից առաջարկ ստացա նկարահանվելու «Կարմիր բլուր»-ում` Ավետի կերպարով, թեեւ մի փոքր պետք էր «մարսել» նախորդը, նոր անցնել նորին, բայց ժամանակ չկար:


«Սխալ է, երբ նա գոռում է մոր վրա»

Ավետը թաթալաբազ, իր ասածի տեր, կարգին դուխով տղա է, առաջիկայում կերեւա, որ նա ճիշտ տղա է եւ ցանկացած արածի հետեւում պատճառ ունի: Եթե համեմատենք, Ավետին նման եմ այն առումով, որ եթե իմ ոտքը չտրորեն, իմ կյանքով հանգիստ կապրեմ, թեեւ բնավորությամբ ավելի հանգիստ եմ: Շատ բաներ կա կերպարիս հետ կապված, որ ինձ համար անընդունելի է. սխալ է, երբ նա գոռում է մոր վրա, նաեւ պետք է լսել եւ ընդունել մեծ եղբոր ասածները:

«Ինձ կարող են ապտակել, ծեծել»

Նկարահանող անձնակազմն արդեն գիտի ինձ. հաճախ ասում են` հեսա Զիրոյանը կգա եւ կասի, չեմ անի սա: Դեմ եմ դանակով տեսարաններին, ծանր եմ տանում ապտակելու տեսարանները, եթե նման կադրեր են պետք, միանգամից այնքան լավ եմ ապտակում, որ մի դուբլից նկարվի դա:), իսկ ինձ կարող են ապտակել, ծեծել:

Գերմանացի, պատասխանատու

Գործի մեջ ես մի փոքր գերմանացի եմ, ճշտապահ: Եթե ինձ ժամ են ասում, այդ ժամին լինում եմ նկարահանման հրապարակում, թատրոնում: Չեմ նեղվում, որ մյուսներն ուշանում են, կամ նրանց պատճառով ստիպված ենք լինում ուշ սկսել նկարահանումը, քանի որ ես իմ համար եմ պատասխանատու:


«Դա ավելի կարեւոր է»

Իմ վաստակած գումարով, կարելի է ասել, դեռ ինձ համար արժեքավոր ոչինչ չեմ գնել, ավելի շատ ընտանիքիս անդամների համար եմ գնումներ կատարում: Բոլորի համար հեռախոս եմ գնել, մայրիկիս` ոսկյա զարդ, եւ այլն: Ինձ համար դա ավելի կարեւոր է: Փորձում եմ այնպես ապրել, որ նրանք հպարտանան ինձանով:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Կարմիր բլուր» սերիալից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW