×


Վարդան Բադալյանը եւ «Նարեկացին» մեծ համերգով ներկայացել են հույներին

Աթենքի հանրահայտ «Christmas Theater»-ում Վարդան Բադալյանը եւ «Նարեկացի» նվագախումբը հանդես են եկել համերգային ծրագրով՝ հույն հանդիսատեսին ներկայացնելով հայկական ժողովրդական, գուսանական երաժշտությունը: Համերգի հետաքրքիր մանրամասներին BRAVO.am-ը ծանոթացել է երգչի հետ զրույցում:

Համագործակցության առաջարկը հայ երաժիշտները ստացել են հույն պրոդյուսերից, ով մեծ ցանկություն ուներ հայկական մշակույթը ներկայացնել հատկապես հույն երաժշտասերներին:


«Երբ ինձ զանգահարեցին Հունաստանից նման հրավերով, մտածեցի՝ փոքր համերգ է նախատեսվում, բայց հետագայում պարզ դարձավ, որ ցանկանում են կազմակերպել բավական մեծ համերգ՝ ժողովրդական գործիքների նվագախմբով ու պարախմբով:

Նրանք լավ ուսումնասիրել էին հայկական երաժշտությունը, ծանոթ էին մեր երգերին, անգամ կան երգեր, որ հույն երգիչներն են երգում, օրինակ՝ «Բինգյոլը»:
Հրավերը ստանալուց հետո դիմեցի մաեստրո Արտեմ Խաչատուրին, ով «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, նաեւ՝ մեր համերգի: Մաեստրոն սիրով համաձայնեց համագործակցել, եւ սկսեցինք աշխատել: Նախապատրաստական աշխատանքները տեւել են ավելի քան ութ ամիս:


Բազմիցս եմ համագործակցել «Նարեկացի» նվագախմբի հետ, որը համանուն արվեստի միության նվագախումբն է: Թեեւ նվագախմբի երաժիշտները բավական երիտասարդ են, շատերն անգամ՝ անչափահաս, արդեն իսկ հասցրել են վարպետանալ սեփական մասնագիտության մեջ, ինչն, անշուշտ, չի կարող չգնահատվել հանդիսատեսի կողմից:

Համերգային ծրագրում ներկայացրել ենք Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանու, Կոմիտասի՝ մեզ ծանոթ, բայց արդեն նոր գործիքավորումներով երգերը, որոնք եւս կատարել էր Արտեմ Խաչատուրը: Կային նաեւ գործիքային կատարումներ. դրանք եւ, իհարկե, ոչ միայն, ուղեկցվում էին «Լուսե» պարախմբի համարներով՝ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացրինք նաեւ իմ եւ ժողովրդական երգչուհի Լուսինե Միրզախանյանի պատրաստած զուգերգերը»,-պատմեց Վարդան Բադալյանը:


Երգչի խոստովանել է, որ շատ տպավորիչ էր հույն հանդիսատեսի արձագանքը մեր երաժշտությանը.«Կարծում եմ՝ եթե մենք նույն համերգային ծրագրով ներկայանայինք Հայաստանում, 3000 հանդիսատես, ինչպես Հունաստանում, դժվար թե ունենայինք: Նրանցից մոտ 500-ն էին հայեր, մնացածը տեղացիներ էին, ովքեր շատ տպավորված էին մեր մշակույթով: Քանի որ հնարավորություն կար դահլիճում ունենալ լեդ-էկրաններ, որոշեցինք դրանից եւս օգտվել. յուրաքանչյուր երգին համահունչ ընտրել էինք Հայաստանի բնապատկերներ, հուշահամալիրներ, հայ նկարիչների կտավներ, ինչը եւս մեկ հնարավորություն էր հույների համար՝ ծանոթանալու հայկական մշակույթին: Շատերն անգամ նշում էին, թե չգիտեին, որ Հայաստանն այսքան գեղեցիկ է, եւ որ կցանկանային մեզ հյուր գալ»:

Համերգի կայացման գործում մեծ դեր պետք է ունենար նախնական գովազդային արշավը, ինչը, երգչի խոսքով, եւս հրաշալի էր կազմակերպված. «Ի սկզբանե գովազդային պաստառը նախագծելիս մենք շեշտը դրել էինք ոչ թե իմ կամ «Նարեկացի» նվագախմբի, այլ Հայաստանի վրա: Պաստառի դեմքը տարազով աղջիկ էր՝ «Հայաստան» մակագրությամբ: Աթենքի կենտրոնական հատվածում ամեն քայլափոխի հանդիպում էինք մեր գովազդային պաստառներին. բոլորը լսել էին եւ գիտեին, որ «Հայաստանը» ելույթ է ունենալու իրենց քաղաքում»- զրույցն ամփոփեց Վարդանը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդան Բադալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին