×


Վարդուհի Ալեքսանյան.“Սիրահարված ենք եղել պարին, բայց ոչ միմյանց”

Պարուհի, հաղորդավարուհի, դասախոս, այս ամսից նաեւ` մանկավարժական գիտությունների թեկնածու. BRAVO.am-ը շնորհավորել է Վարդուհի Ալեքսանյանին գիտական աստիճան ստանալու կապակցությամբ եւ մի շարք հարցեր հղել` ընթերցողներին նրա ստեղծագործական կյանքի մանրամասները ներկայացնելու նպատակով:):

Վարդուհի Ալեքսանյանը


-Երկար տարիներ պրոֆեսիոնալ պարով եք զբաղվել. կպատմե՞ք այդ ժամանակահատվածի Ձեր ձեռքբերումների մասին:

-Սպորտային պարերով զբաղվում եմ 11 տարեկանից: Առաջին մրցույթի ժամանակ  առաջին տեղն եմ գրավել. ես եւ զուգընկերս չէինք հասկանում` ինչ է կատարվում եւ ինչու են մեզ 5-ի փոխարեն 1 թիվը ցույց տալիս. մտածում էինք` դպրոցի գնահատականների նման պետք է լինի:): Երկար տարիներ տասը պարաձեւով եմ զբաղվել, այնուհետեւ` լատինոամերիկյան եւ եվրոպական: Գեւորգ Մարկոսյանի “Մատադոր”-ում 7 տարի պարելուց հետո տեղափոխվեցի “Արմենակ” պարային ակումբ, որտեղ Արա Մխոյանն է դասավանդում, իսկ 3 տարի անց գործունեությունս տեղափոխեցի ֆեդերացիա: Այդ ամբողջ ժամանակաշրջանում հասցրել եմ լինել Հայաստանի յոթակի, Անդրկովկասի քառակի, Արեւելյան Եվրոպայի եռակի չեմպիոն:

-Պարն իր Էմոցիաներով ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:


- Պարն ինձ համար կարծես տարվա չորս եղանակները լինի, այսինքն` չկա գարուն առանց աշուն, չկա ձմեռ առանց ամառ: Ինչպես հոգեվիճակս է փոփոխական, այնպես էլ` պարը: Պարն ինձ համար առօրյա է, կենցաղ եւ ապրելաոճ:

Վարդուհի Ալեքսանյանը


-Կարծում եք` առանց զգացմունքի հնարավո՞ր է զգալ պարը եւ այն ճիշտ մատուցել:


-Տասը տարի պարային զուգընկերս չի փոխվել, պարել ենք սիրո պար` ռումբա` այն ներկայացնելով բուռն զգացմունքով: Սիրահարված ենք եղել պարին, շարժմանը, բայց ոչ միմյանց: Պարային յուրաքանչյուր պատմություն ճիշտ ներկայացնելու համար պետք է կարողանաս այն կերտել քո մեջ:

-Այժմ դասավանդում եք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Ինչպիսի՞ կարգախոսով եք առաջ շարժվում եւ ուղղորդում Ձեր ուսանողներին:

-Նախեւառաջ ընտրեցի այս ինստիտուտը, որպեսզի կարողանամ պատրաստել այնպիսի մասնագետների, ովքեր կտիրապետեն անատոմիային, սպորտային բժշկությանը, հոգեբանությանը, փիլիսոփայությանը, անգլերեն լեզվին: Մարզիկներին, մրցավարներին պետք է այնպես պատրաստել, որ հետագայում երեխաների հետ գործ ունենալիս վնաս չտան ո՛չ նրանց մկանային համակարգին, ո՛չ ողնաշարին, ոչ էլ հոգեպես սթրեսի ենթարկեն: Մի քանի տարի առաջ այնքան բաց էր այս դաշտը. ով ցանկություն ուներ, պարի խումբ էր հիմնում… Անատոմիային չտիրապետող մարդը, կարծում եմ, պարի հետ չպետք է առնչվի:

-Այս ամիս Ձեզ շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ապագայի հետ կապված ի՞նչ նպատակներ, սպասելիքներ ունեք:

-Չորս տարի աշխատել եմ “Ֆիզիկական պատրաստության մեթոդիկան սպորտային պարերում” թեմայով թեկնածուական աշխատանքիս վրա, որը Հայաստանում նախադեպ չունի, եւ պատասխանատվությունս կրկնակի էր: Կարծում եմ` յուրաքանչյուր ոլորտի լավ մասնագետ պետք է զբաղվի գիտությամբ եւ սերունդներին փոխանցի իր ձեռագիրը: Այլ սպասելիքներ չունեմ:

Վարդուհի Ալեքսանյանը եւ Գրիշա Աղախանյանը վարում են "Ժողովրդական երգիչ" նախագիծը


-Մասնակցելով “Պարիր, թե կարող ես”  եւ պարային մյուս նախագծերին` ի՞նչ բացահայտումներ եք արել:

-“Շանթ”-ը շատ լավ նախագծեր է իրականացնում: Ֆանտաստիկ էր “Պարահանդես”-ը, երբ դերասանները կարողանում էին մեկ շաբաթվա ընթացքում պարային այնպիսի տվյալներ ներկայացնել, որ փորձառուները չունեն, այդ ամենն, իհարկե, նաեւ մարզիչների շնորհիվ էր: Իսկ բացահայտել եմ հետեւյալը` ցանկության եւ հնարավորության դեպում մարդը կարող է անել ամեն ինչ:

-Ինչպիսի՞ պատասխանատվություն էիք կրում ժյուրիի դերում:

-Այնքան բարդ է ժյուրի լինելը. առաջնահերթ մտածում ես, որ հիմա քեզ դիտում են մասնագետ-հեռուստադիտողներ, բացի այդ, դատում ես սիրողականներին, ովքեր կայացած դերասաններ են եւ իրենց ուժերը փորձում են նաեւ այս ասպարեզում: Պետք է այնպես արտահայտվես, որ վիրավորական չլինի, քանի որ պատրաստվել են, այնուհետեւ պետք է մասնագիտական ցուցումներ տաս, որ հաջորդ ելույթին լավ ներկայանան: Ստացվում է, որ մի ակնթարթում պետք է խոսես հակիրճ եւ բովանդակալից:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք հաղորդավարուհու կարգավիճակում:

-Վեց տարի առաջ սպորտային առաջնություն վարելու առաջարկ ստացա, փորձեցի, բայց առանձնապես չոգեւորեց: Միգուցե այդ ժամանակ ինձ համար բարդ էր, քանի որ սովոր եմ մկանային համակարգով ներկայացնել հույզերս: Սկզբում հրաժարվել եմ նաեւ “Առավոտը Շանթում” ծրագիրը վարելու առաջարկից, բայց ինձ խորհուրդ տվեցին փորձել, ես էլ փորձեցի: Ժամանակի ընթացում այս ոլորտը սկսեց գայթակղիչ դառնալ, վերապատրաստվեցի, հիմա կարող եմ վստահ ասել, որ զբաղվում շատ հետաքրքիր եւ հարազատ աշխատանքով: Այս շրջանում վարում եմ “Ժողովրդական երգիչ” նախագիծը: Պատասխանատվությունը մեծ է, որովհետեւ սիրված նախագիծ է: Կարծում եմ` այն մեր ժողովրդի դիմագիծն է. ներկայացնում ենք մեր երգը եւ պարը:

Վարդուհի Ալեքսանյանը


-Կցանկանայի՞ք մասնակցել արտասահմանյան որեւէ նախագծի:

-Մտադրություն ունեմ մասնակցել “So You Think You Can Dance” ամերիկյան  նախագծին, որին մասնակցել է նաեւ “Պարիր, թե կարող ես”-ի հաղթող Փոլը` հայտնվելով լավագույն հնգյակում:

-Մտածե՞լ եք արտասահմանում ապրելու եւ Ձեր կարիերան այնտեղ շարունակելու մասին:


-Բազմիցս ստացել եմ հրավերներ, միշտ մեկնել եմ, բայց վերադառնալու նպատակով, քանի որ սա իմ հայրենիքն է, սա իմ տունն է, իմ ընտանիքն այստեղ է: Երբեւէ ցանկություն չեմ ունեցել հեռանալ հայրենիքից:

Զրուցեց Քնարիկ Ռաֆայելյանը
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Շանթ TV”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW