Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, որը հայաստանցի միակ լրագրողն էր Վենետիկի կինոփառատոնում, հատուկ BRAVO.am-ի համար ամբողջացրել է իր տպավորություններն օրերս ավարտված խոշոր միջոցառման վերաբերյալ:
Վենետիկի 76-րդ կինոփառատոնը մրցութային լայն-ափը հայտարարելուց հետո միանգամից բախվեց սեքսիստական մեղադրանքների. «Կանայք եւ Հոլիվուդը» կազմակերպության հիմնադիր Մելիսա Սիլվերսթեյնը գրառում էր արել իր թվիթերյան էջում. «Մեկ բռնավոր. 2 կին ռեժիսոր #Venezia76. Էլ ինչի՞ կարիք կա»։ Դրան միացավ նաեւ բրիտանացի լրագրող Անիթա Սինգը. «Քսանմեկ ռեժիսորներից միայն երկուսը կին, եւ կարմիր գորգ Ռոման Պոլանսկու համար։ Հիանալի աշխատանք է, Վենեցիա»։
Հատկանշական է, որ արդեն իսկ փառատոնի վերջին օրերին, երբ սպասվում էր Ջոնի Դեփի այցը՝ կոլումբիացի ռեժիսոր Սիրո Գեռայի մրցութային՝ «Սպասելով բարբարոսներին» ֆիլմով, մի բաժակ սառը Սպրիցի շուրջ՝ նեղլիկ, ընկերական հավաքույթների ժամանակ եվրոպացիները (հատկապես՝ կանայք) դժգոհում էին՝ Դեփը լավ տղա չէ։ Խոսքը, իհարկե, դերասանի եւ իր նախկին կնոջ Էմբեր Հյորդի սկանդալային ամուսնալուծության մասին է, երբ հայտնի դարձավ, որ սիրված դերասանը ֆիզիկական բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ։
Ջոնի Դեփը
Գուցե մեր տեղական իրականության համար սա այդքան էլ մեծ խնդիր չէ, եւ բազմաթիվ հայաստանցիներ չեն տեսնի անձնական կյանքի եւ նկարահանվող ֆիլմերի միջեւ նուրբ կապը, բայց այստեղ՝ Եվրոպայի թեկուզ ամենաարխայիկ կինոփառատոնի կիզակետում, սա կարեւորագույն եւ հրատապ հարց է. հետեւաբար՝ Ռոման Պոլանսկու «Ես մեղադրում եմ» ֆիլմի կարեւորությամբ երկրորդ՝ Ժյուրիի մրցանակը դարձավ գրեթե շոկային։ Ռեժիսորը չի կարող այցելել Իտալիա (այցի պարագայում Իտալական կառավարությունը ստիպված կլինի հանձնել նրան Միացյալ Նահանգներին), մրցանակը ստացավ նրա կինը եւ մուսան՝ դերասանուհի Էմանուել Սենյեն, որը հանդիսատեսից եւ մամուլից պակաս զարմացած չէր ֆեմինիստ եւ արգենտինական արտհաուսի մայրիկ՝ ժյուրիի նախագահ Լուկրեցիա Մարտելի գլխավորած թիմի այս որոշմամբ։ Մյուս հատուկ մրցանակը գնաց ավագ սերունդի եւս մեկ ներկայացուցչի՝ Ֆրանկո Մարեսկոյին իր «Մաֆին այլեւս այն չէ» սատիրիկ նեոպոլիտանական դոկումենտալով։
Մեկ այլ շատ կարեւոր առյուծ ուղեւորվեց Սկանդինավիա. շվեդական աբսուրդիստական ֆրոնտի վետերան, մաեստրո Ռոյ Անդերսոնը հռչակվեց այս տարվա Մոստրայի լավագույն ռեժիսոր. այս պարագայում մրցանակը ավելի շուտ սիմվոլիկ եւ խորհրդանշական բնույթ ունի՝ հարգանքի տուրք հիշեցնող շնորհակալական ժեստ։ Հինգ տարի առաջ Անդերսոնը հեռացավ Վենետիկից Ոսկե առյուծով՝ «Աղավնին նստած էր ճյուղին եւ մտածում էր կյանքի մասին» աբսուրդիստասատիրիկ օպուսով։ Այս տարվա՝ «Անվերջության մասինը»՝ միանշանակ ուշադրությանն արժանի, բամզիմաստ, նախորդ ֆիլմերի պես գեղարվեստորեն գծած սառը եւ շքեղ աշխատանք է, բայց ոչ ռեժիսորի լավագույններից։
Սակայն Իտալիան ադաթները հարգող երկիր է. այստեղ պատվում են ծերերին, հարգում նրանց անցած ուղին, փորձում գոհացնել պատկառելի վարպետների անսպառ թվացող աշխատասիրությունն ու անդադար եռանդը։ Բայց, ինչպես կասեին Կոենները, միայն ծերերի համար չէ, որ այստեղ կա. հատուկ լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհու համար նախատեսված Մարչելո Մաստրոյանիի անունը կրող մրցանակը բաժին հասավ մրցույթի ամենահմայիչ եւ նուրբ ֆիլմերից մեկի՝ «Կաթնատամ» ֆիլմում սրտացավ խուլիգանի դերով հանդես եկող Թոբի Ուոլեսին։
Սակայն հիշենք նաեւ, որ Իտալիան հոլիվուդյան կինեմատոգրաֆին մեծ նշականություն տվող երկիր է, իսկ Մոստրան, ի տարբերություն Կաննի, ցուցադրում է netflix-յան ֆիլմերը եւ անգամ պարգեւատրում դրանք գլխավոր մրցանակներով (այդպես անցած տարի մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնն իր «Ռոմայի» համար արժանացավ Ոսկե առյուծի)։
Արիան Ասկարիդը
Այս տարի NETFLIX-ը չկարողացավ կրկնել եւ անգամ մոտենալ հիմնական մրցնակներին, չնայած Նոա Բոումբաքի «Ամուսնական պատմությունը» միանշանակ մրցութային ծրագրի ֆավորիտներից է, իսկ Սքարլեթ Յոհանսոնին կանխատեսում էին Վոլպիի գավաթ՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։ Որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ տվյալ մրցանակը բաժին հասավ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Գլորիա Մունդի»՝ սոցիալ-քաղաքական խնդիրների մեջ թաղված ընտանեկան դրամայի գլխավոր դերակատարներից Արիան Ասկարիդին։ Ինձ հետ հարցազրույցում եւ արդեն հաղթանակած՝ բեմից, դերասանուհին բացատրեց. սա պարզապես դերակատարման եւ կինեմատոգրաֆի հարց չէ. նրա մայրն իր ընտանիքի հետ ժամանակին փախել է Իտալիայից Ֆրանսիա՝ լավագույն կյանքի ակնկալիքներով։ Գեդիկյանի ֆիլմում կենտրոնացված են ժամանակակից տնտեսական աշխարհի ամենալարված խնդիրները՝ շարված մեկ ընտանիքի փխրուն ուսերին. կինոքննադատները համարեցին տվյալ ֆիլմին այսպիսի մեծ մրցանակ տալը հարցի վրա ուշադրություն գրավելու միջոց եւ օգնության ճիչ։
Ռեժիսոր Պիետրո Մարչելոն, ով մի քանի տարի առաջ աշխարհին ներկարացրեց Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Փելեշյանի լռությունը» վավերագրականը, նույնպես հիմնական մրցույթում էր։ Նրա այս տարվա ջեքլոնդոնյան «Մարտին Իդենը» իտալացիների ֆավորիտներից էր. ժյուրին հռչակեց ֆիլմի գլխավոր դերասան Լուկա Մարինելիին Վենեցիա76-ի լավագույն դերասան։
Յունֆանը
Լավագույն սցենարի համար առյուծը շհորհվեց հոնկոնգյան ռեժիսոր Յունֆանին՝ անիմացիոն «Չերի Լեյն, համար 7» ֆիլմի համար։ Վառ աքսեսուարներով եւ մշտապես ժպտացող կինոգործիչը փառատոնի ամենապայծառ եւ դրական դեմքերից էր. բեմից ռեժիսորը կատակեց․ «Ինձ միշտ մեղադրում են անհետաքրքիր, վատ սցենարներ ստեղծելու համար. այս մրցանակը լավ պատասխան է բոլոր դժգոհողներին»։
Թոդ Ֆիլիփսը եւ Հոակին Ֆենիքսը
Հակասական եւ ոչ միանշանակ էմոցիաներ առաջացնող ժյուրիի որոշումների տորթի գլխավերեւում դրված բալը դարձավ Թոդ Փիլիփսի «Ջոքերի» տրիումֆը. կմտածե՞ր արդյոք Բենիտո Մուսոլինին, որ իր հռչակած կինոփառատոնը ստեղծումից 76 տարի անց լավագույն ֆիլմ կհռչակի DC աշխարհի կոմիքս պատմությանը։ Դժվար թե։ Անսպասելի կլիներ տվյալ փաստը նաեւ մեզ համար՝ ընդամենը մեկ-երկու տասնամյակ առաջ։ Սակայն այսօրվա կինոաշխարհն էկլեկտիկ է եւ շնչում է արտ-մեյսնսթրիմի նուրբ խռիկներով։ Արտհաուսային կինոյի վարպետները դատում են netflix-յան ֆիլմերը, իսկ Ջոնի Դեփի, Մարկ Ռայլենսի ու Ռոբերտ Փաթինսոնի պես ամենապահանջված հոլիվուդյան դերասանները նկարահանվում են Սիրո Գեռայի պես կոլումբիացի ռեժիսորի առաջին ամբիցիոզ նախագծում. ո՞վ կպատկերացներ նման բան․ Սիրո Գեռան ընդամենը երկու տարի առաջ Ոսկե ծիրանի ժյուրիի կազմում էր։
Կինոյի աշխարհը չունի հստակ տեսլականներ, պարզ չէ նշմարվող ոճային ուրվագիծը եւ սպասելիք նորարարությունները։ Հայտնի է միայն մեկ բան. այլեւս ամեն ինչ հնարավոր է։
Դիանա Մարտիրոսյան
Լուսանկարները՝ Reuters-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: