×


Վիգեն Ղազարյան. Փոխելով կանանց արտաքինն ու տրամադրությունը

Նա իր հաճախորդների մազերի վրա միանգամից միախառնում է մի քանի երանգ ու յուրաքանչյուրի համար ստանում յուրօրինակ ու չկրկնվող գույն: Վարսերի հետ խաղալն ու հարդարելը նրա համար զվարճալի գործընթաց են, իսկ ներկելը` նոր գույն ստանալու եւ հաճախորդին առանձնահատուկ դարձնելու հնարավորություն:

Վիգեն Ղազարյան.«Ցանկանում եմ իմ հաճախորդներին երջանիկ տեսնել»


Աբու Դաբիում հայտնի վարսավիր Վիգեն Ղազարյանը ծնվել ու մեծացել է Սիրիայի Քամիշլի քաղաքում: 14 տարեկանում պատահական հայտնվել է տեղի վարսավիրանոցներից մեկում` չկռահելով անգամ, որ այն կարող է իր կյանքում ճակատագրական դեր խաղալ: Արդեն մի քանի տարի է՝ Վիգենը տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ աշխատում է Աբու Դաբիի գեղեցկության սրահներից մեկում` որպես սրահի մենեջեր եւ վարսավիր: «Ֆեյսբուք»-ում վերջերս հայտնված տեսանյութը, որ ներկայացնում է նրա հմտությունները, արդեն իսկ ունի ավելի քան 7 միլիոն դիտում, 64 հազարից ավելի տարածում եւ 6 հազարից ավելի մեկնաբանություն:): BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում Վիգենը պատմել է իր անցած ուղու եւ մազերի հարդարման վերջին տենդենցների մասին:

- Վիգեն, ինչպե՞ս տարվեցիք վարսավիրությամբ: 
-14 տարեկան էի, երբ որոշեցի ամռան ամիսներին Քամիշլի քաղաքի սրահներից մեկում կես դրույքով աշխատել: Չգիտեի, որ այս աշխատանքի նկատմամբ կիրք եւ հետաքրքրություն ունեմ, նույնիսկ չէի էլ մտածում, որ մի օր կարող եմ վարսավիր դառնալ: Ես հետեւում էի վարսավիրների աշխատանքին եւ տեսնում, թե ինչից ինչ արդյունք են կարողանում ստանալ: Այդ ամենն իմ մեջ վարսավիրության նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Հասկացա, որ ցանկանում եմ ավելին իմանալ: Ամենաշատն ինձ գրավեց այն, որ ձեռքի մի փոքրիկ հպումով ու շարժումով կարելի է փոխել ինչ-որ մեկի արտաքին տեսքն ու տրամադրությունը:

-Սիրիայից` Աբու Դաբի. ինչպիսի՞ ընթացք ունեցավ Ձեր կարիերան:
-Սիրիայում չորս տարի աշխատելուց հետո հնարավորություն ստացա երկու տարի էլ Լիբանանում աշխատել: Իմ զարմիկներից մեկն, ով այդ ժամանակ ապրում էր Աբու Դաբիում, ասաց, որ այնտեղ աշխատելու համար ես մեծ ներուժ ունեմ եւ պետք է տեղափոխվեմ: Այդպես էլ հայտնվեցի այս քաղաքում: Այսօր աշխատում եմ «Bab Alqasr» հյուրանոցի «Allure» գեղեցկության սրահում: Հյուրանոցը վերջերս է բացվել, բայց վարսավիրանոցը հիանալի է աշխատում: Շատ մարդիկ են մեզ հյուր գալիս, հետեւաբար, շատ հաճախորդներ ունենք:


-Աշխատանքում ի՞նչ դժվարությունների եք բախվում:
-Չեմ կարող ասել` այստեղ դժվար է աշխատել, թե ոչ: Աբու Դաբին բազմազգ քաղաք է, որտեղ հատվում են շատ մշակույթներ եւ ապրում են տարբեր ազգությունների մարդիկ: Համեմատելով Սիրիայի եւ Լիբանանի հետ, որտեղ բազմազանության պակաս կար, Աբու Դաբիում կան տարբեր մշակույթներ կրող մարդիկ, ինչը երբեմն իրար չհասկանալու առիթ կարող է դառնալ: Այնուամենայնիվ, ես դա մեծ խնդիր չեմ համարում:

-Խոսենք գեղեցկությունից: Ի՞նչ է այն Ձեզ համար:
-Ինձ համար գեղեցկությունը պարզությունն է: Ես հավատում եմ, որ երջանիկ մարդն է գեղեցիկ:

-Ինչպիսի՞ մազերի հետ եք սիրում աշխատել եւ ովքե՞ր են Ձեր հաճախորդները:
-Սիրում եմ աշխատել բոլոր գույների ու մազի ձեւերի հետ: Իմ հաճախորդները տարիքային սահմանափակում չունեն` դեռահասներից մինչեւ հասուն տարիքի մարդիկ: Սովորաբար, աշխատանքային գործընթացը սկսում եմ հաճախորդի հետ խոսելուց, որպեսզի հասկանամ՝ ինչպիսի արդյունք է նա ցանկանում ունենալ: Երբեք իմ կարծիքը նրանց չեմ պարտադրում, չնայած՝ ասում եմ` ինչն է նրանց ավելի շատ սազում: Եթե համաձայնում են ինձ հետ, հիանալի է, եթե՝ ոչ, կրկին հրաշալի է: Վերջիվերջո, ես ցանկանում եմ իմ հաճախորդներին երջանիկ տեսնել, եւ որ նրանք կրկին օգտվեն իմ ծառայություններից:

-Ներկա պահին  ո՞ր գույներն են նորաձեւ:
-Չեմ կարծում, որ հիմա նորաձեւության աշխարհում որեւէ կոնկրետ գույն առանձնանում է: Բոլոր գույներն էլ նորաձեւ են, եթե սազում են տվյալ մարդուն: Այնուամենայնիվ, նկատել եմ, որ այս ձմռանը Աբու Դաբիում շատ աղջիկներ են ցանկանում իրենց մազերը շիկասպիտակ (blonde white) ներկել: Կարմիրը, վարդագույնը, մանուշակագույնը, շագանակագույնը, շոկոլադե գույնն ու սեւը նույնպես այստեղ շատ տարածված են:


-Հայաստանի մասին խոսենք:
-Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է` զարմանահրաշ ու աչք շոյող տեսարաններով: Մենք` հայերս էլ, շատ ընկերասեր ենք: Հայկական մշակույթը շատ առանձնահատկություններ ունի: Համեղ խոհանոց ունենք, որը խաչվում է արեւելյան եւ միջերկրածովյան խոհանոցների հետ: Բացի այդ, մենք շատ տաղանդավոր ենք, հատկապես ճարտարապետության, երաժշտության ու պարարվեստի ոլորտներում:

-Ապագայի ի՞նչ պլաններ ունեք: Սպասե՞նք Ձեզ այստեղ:
-Ցանկանում եմ ընտրածս ուղում էլ ավելի կատարելագործվել եւ ամբողջ աշխարհում հայտնի անուն ունենալ: Հուսով եմ` մի օր կունենամ նաեւ իմ սեփական արտադրանքը: Առաջիկայում կցանկանամ նաեւ կրկին Հայաստան գալ: Ես կապված եմ իմ արմատների ու իմ ընտանիքի հետ:

-Ի՞նչ է Ձեզ համար հաջողությունը:

-Հաջողությունն այն է, որ կարողանաս զբաղվել նրանով, ինչն ամենից շատ ես սիրում: Ինձ համար այն հաջողակ վարսավիր լինելն է: 

Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիգեն Ղազարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW