×


Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Երեւանում

Վիեննայի տղաների երգչախումբը Կոմիտաս է կատարել Երեւանում

Վիեննայի տղաների երգչախումբն առաջին այցից տասներկու տարի անց կրկին Հայաստանում էր: Հանրահայտ խումբը, որի կազմում միայն 9-14 տարեկան տղաներ են, ելույթ ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Երկար սպասված համերգը լի էր հետաքրքիր պահերով ու անակնկալներով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ զրուցել խմբի անդամների, դիրիժոր Օլիվեր Շտեքի եւ փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի հետ:

«Նրանց նախորդ ելույթից հետո երկար տարիներ երազում էինք, որ վերադառնան: Նկատեք, որ այս խումբը գրեթե դասական երաժշտության տարիքին է (հիմնադրվել է 1498թ.-ին), եւ հրաշալի է, որ այդ որակն «Արամ Խաչատրյան» համերգասրահում լսելու հնարավորություն ունեցավ մեր հանդիսատեսը: Պարզապես պիտի նշեմ, որ մենք՝ մեր ազգով, այս օրերին տխրելու մեծ առիթ ունենք: Շառլ Ազնավուրն իր ողջ կյանքում նույնպես հավատարիմ մնաց որակին ու բարձրարժեք երաժշտությանը՝ չիջնելով մասսաների մակարդակին, այլ նրանց սովորեցնելով իր երաժշտությունը: Բայց կյանքը շարունակվող երեւույթ է, կյանքն է հաղթում»,- իր խոսքում ընդգծեց Ստեփան Ռոստոմյանը:

Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Երեւանում


Իհարկե, Շառլ Ազնավուրին ու նրա հիշատակին անդրադարձ կատարվեց նաեւ միջոցառման ընթացքում: Համերգի սկզբում հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց մեծն շանսոնյեի հիշատակը, այնուհետեւ տղաների երգչախումբը ելույթը սկսեց «Ավե Մարիա»-ով՝ այն նվիրելով Ազնավուրի հիշատակին: Ինչպես խմբի անդամները, այնպես էլ դիրիժորն առաջին անգամ էին Հայաստանում, եւ նրանց համար անակնկալ էր հայ հանդիսատեսի ջերմ արձագանքն իրենց ելույթներին:

«Մենք անհամբերությամբ էինք սպասում ձեր գեղեցիկ երկիրը տեսնելուն, այստեղի ճարտարապետությանը, երաժշտությանն ու ժողովրդին ծանոթանալուն: Այդ իսկ պատճառով շատ մեծ է մեր ոգեւորությունը, եւ թե՛ ես, թե՛ տղաները այլեւս նախանձելու առիթ չենք ունենա մեր խմբի նախորդ կազմին, որը տարիներ առաջ եղել է Երեւանում: Շատ հագեցած գրաֆիկով ենք եկել: Համերգից առաջ հասցրել ենք հանդիպել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներին, իսկ հետո այցելել Բյուրական եւ «ԱՅԲ» դպրոց»,- լրագրողների հետ զրույցում նշեց նվագախմբի դիրիժոր Օլիվեր Շտեքը:

Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Երեւանում


Խմբի դասավանդման մեթոդները շատ խիստ են եղել նախկինում, բայց ինչպես դիրիժորն է վստահեցնում, այդ ժամանակներն արդեն անցյալում են, եւ տղաներն այժմ ավելի ազատ են ու իրենց թույլ են տալիս բոլոր այն չարաճճիությունները եւ խաղերը, որ բնորոշ են մյուս երեխաներին: Միայն թե իրենց ազատ ժամանակն է ավելի քիչ, քանի որ պարապմունքներն ընթանում են ամեն օր: 13-ամյա Ջուլիանը, ով ծննդով Հոնկոնգից է, խոստովանեց՝ սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ է միացել երգչախմբին, որտեղ հանդես գալն իրենց ամենօրյա կենսակերպն է դարձել: Ի դեպ, խմբի կազմում շատ տղաներ կան ոչ միայն Ավստրիայից, այլեւ Չինաստանից, Հարավային Կորեայից, Հունգարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Նրանք ասում են, որ երգն իրենց կյանքն է, ազատությունն ու հաճույքը:

Հասակով փոքր, բայց տաղանդաշատ տղաների այս խումբը հատուկ անակնկալ էր պատրաստել հայ հանդիսատեսի համար: Նրանք շաբաթներ առաջ հասցրել էին սովորել Կոմիտասի «Սարեն կուգա» ստեղծագործությունը, որը ժողովրդական երգի մշակում է, իսկ համերգի ավարտին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ կատարեցին «Էրեբունի Երեւան» ստեղծագործությունը՝ նվիրելով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Երկու կատարումն էլ հանդիսատեսն ընդունեց ջերմ ծափողջույններով, իսկ վերջին ելույթի ժամանակ ներկաները հոտնկայս ձայնակցեցին փոքրիկ երգիչներին ու ճանապարհեցին ետնաբեմ: Համերգի կազմակերպիչները հույս ունեն, որ երգչախմբի հետ հաջորդ հանդիպումն այլեւս այդքան չի ուշանա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW