«Ամարասի գանձերը»`այսպես է կոչվում «Ամարաս» պարային խմբի մյուզիքլ-ներկայացումը, որի պրեմիերան կայացավ երեկ` հուլիսի 10-ին` Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
Ելույթ ունեցան պարային խմբի 380 սաները, ովքեր ներկայացնում էին տարբեր տարիքային խմբեր: Երաժշտական ներկայացմանը ներկա էր նաեւ Bravo.am-ը:
«Ամարասի գանձերը» մյուզիքլ-ներկայացմանը
«Անցյալ տարի ասացի, որ հետագայում ցանկություն կա սաներիս հետ մյուզիքլ բեմադրել, որտեղ ներգրավված կլինեն մեր ողջ թատերախաղը, պարերը եւ այն ամենը, ինչի հանարավորությունն ունենք: Իսկ մենք այսօր շատ հնարավորություններ ունենք, քանի որ իմ «բանակը» մեծ է ու պրոֆեսիոնալ: Նման ծավալուն պարային ներկայացում դեռ չեմ տեսել: Ինձ հետ աշխատել է Կարո Նաղդալյանը, ով բազմիցս մանկական ներկայացումներ է բեմադրել: Սցենարի հեղինակը եւ ռեժիսորն նա է: Կարոն կարողացավ գրագետ ու գեղեցիկ ներկայացնել այն ամենը, ինչ ցանկանում էի տեսնել բեմում»,- նշել է պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ու հավելել, որ ներկայացման անվանումը պատահական չէ՝ «Ամարասի գանձերը» հենց իր սաներն են:
Ներկայացման սկզբում գողանում են «Ամարաս»-ի գանձերը, եւ սաները ստիպված են շրջել երկրից երկիր, քաղաքից քաղաք` դրանք գտնելու համար: Հայտնվելով այս կամ այն երկրում` նրանք պարում են տեղի պարերը: Շրջագայության ժամանակ նրանք հանդիպում են խոչընդոտների եւ, իհարկե, օգնելու պատրաստ աղջկան, ում մարմնավորում էր Նանուլը: Ներկայացման մեջ նա իր ուրույն տեղն ունի:
Վիկա Մարտիրոսյանը`դստեր հետ
Վիկայի խոսքերով` դուստրն երազում էր թատերական խաղի մասին: Բացի պարային բեմադրությունից, նա նաեւ քաղցրավենիքների մասին նոր` «Candy» երգը ներկայացրեց, որի հեղինակը Նիկ Էգիբյանն է:
«Շնորհակալ եմ բոլորին` պարուսույցներ դարձած իմ սաներին, ովքեր մտահղացումներս ամբողջությամբ կարողացան ներկայացնել, Աննա Մութաֆյանին, ում ձեռքի աշխատանքները` դեկորացիայի տեսքով, հայտնվեցին բեմում»,- ասել է պարուհին:
Նրա խոսքերով` նախապատրաստական աշխատանքների վերջին ամիսները բավականին հագեցած ու ծանրաբեռնված են անցել: Այդ ընթացքում հասցրել են նաեւ տեսահոլովակների պարային բեմադրությամբ էլ զբաղվել:
«Ամարասի գանձերը» մյուզիքլ-ներկայացմանը
Խոսելով հետագա անելիքներից` նա նշել է, որ հաշվետու համերգներն իր եւ սաների համար արդեն շատ հեշտ են դարձել: Սիրում է փոփոխություններ, եւ առաջիկայում հետաքրքիր նորություններ կլինեն:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: