×


Վլադիմիր Ֆեդոսեեւ.«Ինձ հաճելի է տեսնել Արամ Խաչատրյանի հայրենիքը»

Ռուսաստանի Չայկովսկու անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեեւի դիրիժորությամբ երեկ ելույթ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 85-ամյա դիրիժորը համերգից րոպեներ առաջ ետնաբեմում հանդարտ ու բարեհամբույր շփվում էր կազմակերպիչների ու հանդիսականների հետ, իսկ բեմում ջերմորեն ընդունում ներկաների ծափողջույնները։

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


«Երեւանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հյուրընկալված նվագախումբը հնչեցրեց Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկների պարը»՝ «Գայանե» բալետից, Ադաջիոն «Սպարտակ» բալետից։ Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանդեպ ուշադրությունը պատահական չէ. Ֆեդոսեեւը ժամանակին աշխատել է Արամ Խաչատրյանի հետ, ինչպես հիշում է, վերջին անգամ խորհրդային ժամանակաշրջանում է եղել Հայաստանում.«Ինձ հաճելի է տեսնել Արամ Խաչատրյանի հայրենիքը: Արամ Իլիչը եղել է իմ ավագ գործընկերը, հաճախ ինձ հրավիրում էր, որ տեսնեմ, թե ինչպես է նվագախումբ ղեկավարում, նրանից շատ խորհուրդներ եմ լսել, նաեւ մտերիմ եմ եղել Էդգար Հովհաննիսյանի հետ։ Ուրախ եմ այստեղ հանդես գալու համար, քանի որ ծանոթ եմ հայ ազգի մշակութային բարձր նշաձողին»,-ասել է ռուս դիրիժորը՝ հավելելով, որ այս համերգով կեզրափակեն փառատոնային ելույթներն այլ երկրներում։

Համերգի մեկնարկին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը Վլադիմիր Ֆեդոսեեւին հանձնել է նախարարության ոսկե մեդալը։ Երկրորդ բաժնում որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ է ունեցել 17-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանը, որը փառատոնի նախաձեռնությամբ այս համերգի համար մեկնել է Մոսկվա եւ նախապատրաստվել:

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ համերգի հաջորդ օրը՝ այսօր, Վլադիմիր Ֆեդոսեեւին կհյուրընկալեն Բյուրականի ակադեմիայում, որտեղ մաեստրոյին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ անակնկալ է սպասվում.«Նա ստեղծագործական հանդիպում կունենա հայ կոմպոզիտորների ու երաժիշտների հետ, ելույթ կունենան օպերային երգչուհիներ Սիրանուշ Գասպարյանը, Վարսենիկ Ավանյանը, «Հովեր» երգչախումբը, նաեւ իր  նվագախմբի անդամներից բաղկացած կվարտետը։ Ջանք չենք խնայում, որ դիրիժորը երջանիկ ու լավ տպավորություններով Հայաստանից մեկնի։ Կարծում եմ՝ այս համերգը երաժշտական մեծ տոն է, որովհետեւ երաժշտասերները կարողանում են Երեւանում կենդանի ունկնդրել բարձրագույն դասական արվեստը»։

Մաեստրո Ֆեդոսեեւը 1995-2004 թվականներին եղել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը եւ շուրջ տասը տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Երեւանում


Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993 թվականից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն կատարումների համար: 93 տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուեւի, Բորիս Բերեզովսկու եւ այլոց հետ: 1974 թվականից Վլադիմիր Ֆեդոսեեւ նշանակվել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ավետ Բազե Ավետիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW