Առաջին անգամ այս տերմինն աչքովս ընկավ Դալիի մասին նյութ պատրաստելիս: Պարզվեց` ամենահայտնի վուայերիստներից է: Նա սիրում էր բացահայտ ու անհարմար սեքսուալ առաջարկներով հանդես գալ, ինչպես նաեւ թաքուն հետեւել իր հյուրերին: Հավաքագրել եմ ամենակարեւոր փաստերը վուայերիզմի վերաբերյալ: Ծանոթանալով դրանց՝ կարող եք նաեւ ինքներդ հասկանալ` ունեք արդյոք հակվածություն դեպի այս երեւույթը:
1. Վուայերիզմ (voyeurisme) բառն առաջացել է ֆրանսերեն voir (տեսնել) բառից: Այն սեքսուալ շեղում է (դեվիացիա), որի դեպքում անձը գրգռվում է այլ մարդկանց սեքսին կամ ինտիմ գործողություններին հետեւելուց՝ հանվել, լոգանք ընդունել, միզել, ինքնաբավարարում եւ այլն: Վուայերիստները, որպես կանոն, հետեւում են նման գործողություններին թաքուն, այլ ոչ բացահայտ:
2. Ըստ Ֆրոյդի՝ վուայերիստական հակումները (սկոպոֆիլիա) կարեւոր դեր ունեն սեքսուալության զարգացման հարցում: Ընդ որում, վուայերիզմը կարող է ե՛ւ նորմալ մակարդակի վրա լինել, ե՛ւ խանգարման: Նորմալ է համարվում ուղղակի կամ անուղղակի սեքսուալ օբյեկտներին ու սեքսուալ գործողություններին հետեւելու պահանջը (օր.՝ պոռնոգրաֆիկ նյութ կարդալ, սեքսուալ հեռախոսազրույց վարել եւ այլն): Խանգարման մակարդակ է այս ամենի անկուշտ, հիվանդագին ցանկությունը, որը կարող է նեւրոզ, մեղքի սուր զգացում ու մազոխիստական վարք առաջացնել:
3. Սեքսուալ գործողություններ դիտելը կարող է պաշտպանական ֆունկցիա կատարել. նայողը հագենում է հետեւելով ու չի դիմում ակտիվ գործողությունների: Վուայերիստական սուբլիմացիան (էներգիայի սպառում) կարող է հանգեցնել գիտական նվաճումների, ստեղծագործելուն, առհասարակ՝ հետաքրքրասիրության զարգացմանը: Վուայերիզմը զսպելը կարող է բերել ամաչկոտության, նորմալ հետաքրքրասիրության ճնշման:
Վուայերիզմի զարգացման մեջ դեր են խաղում հետեւյալ գործոնները
*Լիբիդոյի ուժեղ տեսողական հատված: Նման ֆենոմեն կարելի է հաճախ հանդիպել նկարիչների, շախմատիստների, ստեղծագործ մտավորականների ու մաթեմատիկոսների մոտ. ծայրահեղ զարգացած է տեսողական մոտեցումն ամեն ինչին:
*Հետնատալ հույզեր: Այս հույզերն առաջանում են դեռեւս նորածնային տարիքից, երբ երեխան տեսնում է մոր դեմքն ու կուրծքը եւ տեսողական կապի մեջ մտնում նրա հետ: Վուայերիզմի առաջացումը կապված է նաեւ առաջին անգամ սեքսուալ տեսարան կամ սեռական օրգաններ տեսնելու հետ. նայած՝ ինչ հույզեր են առաջացել այդ ընթացքում:
*Վաղ մանկական սթրես: Վուայերիստական խանգարման պատճառ կարող է լինել 1-2 տարեկանում բացառիկ ծանր սթրեսը՝ կապված մորից երեխայի բաժանման հետ: Նման հոգեկան տրավման բերում է սեռական նույնականության ու ԵՍ-ի խնդիրների, պաշտպանական մեխանիզմների անադեկվատությանը:
Պատմական ակնարկ
Դաժան էր մարդկությանը հայտնի առաջին վուայերիստների ճակատագիրը: Արիստեոսի որդի որսորդ Ակտեոնոսը թաքուն հետեւում էր լոգանք ընդունող Արտեմիդային, ինչի համար էլ բարկացած աստվածուհին նրան եղնիկի վերածեց, եւ նա հոշոտվեց շների կողմից:
Երբ նախահայր Նոյը «գինի խմեց, արբեցավ եւ մերկ պառկած էր իր տաղավարում, եւ տեսավ ամն իր հոր մերկությունը...», Քամը պատժվեց հայրական անեծքով:
Կայսր Տիբերիոսը սիրում էր դիտել, թե ինչպես էին «երիտասարդ աղջիկներն ու տղաները եռաշերտ շղթա կազմում ու մերձենում իր աչքի առաջ». այս տեսարանը նպատակ ուներ գրգռելու ծերուկի հանգած կրքերը:
Ֆելինիի շնորհիվ հայտնի է Կազանովայի օրագրերից այն հատվածը, երբ Մուրանո կղզու մենաստանի հոգեւորականն ու ֆրանսիական մունետիկի սիրուհին, պայմանավորվելով Կազանովայի հետ, իրենց հովանավորի համար ցանկալի տեսարան էին կազմակերպում:
Դը Սադի վեպերը լեփ-լեցուն են վուայերիստական տեսարաններով.«Չնայած՝ ես ի վիճակի չեմ որեւէ անառակություն անել, խելքս գնում է հետեւել, թե ինչպես են դա անում այլք»:
Վուայերիզմը սկզբունքային կարեւորություն ունի չինական պատմական էրոսում: Դիտել կարող է ով ասես եւ ում ասես. ընկերն ընկերոջը, ծառան տիրոջը, կույս հոգեւորականներն ամուսնացող աշխարհիկներին: Հետեւելով բազմազան սիրախաղերի՝ օրիորդը կարող էր ինքնակրթվել ու սեռապես զարգանալ, նորություններ սովորել ու հմտություններ ձեռք բերել:
Այլ վիճակ է տիրում մուսուլմանական ազգերի մոտ. իսլամը պատվիրում է հանգամանորեն ծածկել սեռական օրգաններն օտար հայացքներից: Նույնիսկ տղամարդիկ պետք է միզեն կքանստած՝ տաբատն իջեցնելով արդեն այդ դիրքում:
Վուայերիզմի տարրերը որոշակիորեն ընդունված էին Եվրոպայում մերկապար, վարյետե-ներկայացումներ, համապատասխան տեսարաններ հասարակաց տներում եւ այլն:
20-րդ դարի վերջում պայմանական վուայերիզմի տարբերակ կարելի է համարել կիբերսեքսը, որը թույլ է տալիս հետեւել ինչի ասես՝ մասնակցության լիարժեք զգացումով, չխախտելով ոչ մեկի իրավունքները:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: