×


Տատյանա Սպիվակովան

Տատյանա Սպիվակովան` «Դրախտի դարպաս»-ի առջեւ

«Վերջին բնակիչը» եւ «Թեւանիկ» ֆիլմերից հետո ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կինոդիտողի առջեւ «դրախտի դարպասներն» է բացելու: Նրա նոր կինոնախագիծը կրկին անդրադառնալու է Արցախին. համոզված է՝ կրկնվելու վտանգ չկա, քանի որ Արցախի թեման սպառված չէ: «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվելու են օգոստոսին, իսկ մինչ այդ ռեժիսորը հանդիպում է դերասաններին՝ քննարկելու նրանց կերպարները, ֆիլմի սցենարը եւ այլ մանրամասներ: Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է ֆրանսաբնակ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, ով, ի դեպ, ռուս դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթենիկ Սահակյանցի (Սաթի Սպիվակովա) դուստրն է: Այս օրերին Տատյանան ժամանել էր Հայաստան, եւ BRAVO.am-ը հասցրել է հանդիպել նրան, լուսանկարել եւ զրուցել նոր ֆիլմի, հայկական արմատների եւ անցած ճանապարհի մասին:

Ջիվան Ավետիսյանի հետ համագործակցության մասին

Ջիվանի հետ ծանոթացել եմ այս ֆիլմի շնորհիվ, մինչեւ այդ չէինք ճանաչում միմյանց: Մեկ տարի առաջ ես Ֆրանսիայում մասնակցում էի թատերական մի նախագծի, որտեղ հանդես էր գալիս 50 դերասան ամբողջ աշխարհից: Նրանց թվում կար նաեւ մեկ հայ դերասան`Վահրամը՝ իմ եւ Ջիվանի ընդհանուր ընկերը, ով էլ մեզ ծանոթացրեց: Քանի որ Ջիվանը հայկական արմատներով դերասանուհի էր փնտրում իր ֆիլմի համար, ով կկարողանար խոսել մի քանի լեզվով, Վահրամը պատմել էր իմ մասին: Նա ցույց էր տվել իմ դեմո-հոլովակը, որից հետո էլ մենք խոսեցինք Skype-ով, քննարկեցինք սցենարը, իմ կերպարը եւ այլն:

Տատյանա Սպիվակովան


Սա, փաստորեն, իմ առաջին համագործակցությունն է Ջիվան Ավետիսյանի հետ եւ հուսով եմ՝ ոչ վերջինը: Այստեղ գալուց առաջ հասցրի դիտել նրա «Թեւանիկ» ֆիլմը եւ շատ ազդվեցի: Գիտեք, սա այն դեպքն էր, երբ չես էլ կարող բացատրել՝ ինչու է դա քեզ այդպես հուզել հոգու խորքում: Մարդուն ուղղված նրա անկեղծ ու պարզ հայացքը բացահայտում է նրան որպես ռեժիսոր: Երեւում է, որ նա սիրում է դերասաններին, ինչը նույնպես շատ կարեւոր է: Ես միանգամից հասկացա, որ նա նույնպես անկեղծ մարդ է, ով ցանկանում է՝ վստահեն իրեն, եւ միաժամանակ ինքն է քեզ վստահում: Դա ինձ շատ է հուզել, որովհետեւ ինքս էլ այդպիսին եմ:

Տատյանա Սպիվակովան` արցախցի Սոֆիի կերպարում

Իհարկե, ես արդեն ծանոթ եմ սցենարին, այլապես չէի համաձայնի նկարահանվել. սկզբում պետք է իմանամ`ուր եմ գնում, ինչի մասին ենք պատմելու... Ինձ թվում է` Սոֆիի կերպարը, ում մարմնավորելու եմ, շատ հետաքրքիր է: Նա ուժեղ է, ժամանակակից, իմպուլսիվ, խելացի, տաղանդավոր եւ, ինչպես ասում են, «selfmade woman»(սեփական ուժերով հաջողության հասած կին): Սոֆին ստիպված էր մեկնել տնից եւ ինքնուրույն կառուցել իր կյանքը: Իմ կարծիքով՝ ֆիլմում նա գտնվում է իր կյանքի շատ կարեւոր փուլում: Մի կողմից՝ շատ կարեւոր շրջադարձ է, մյուս կողմից՝ փակուղի, որտեղ նա հասկանում է՝ պետք է ամեն ինչ քանդի, որ նորից կառուցի, ամենասկզբից, հասկանա՝ ինքն ով է իրականում: Բայց դրա համար նա պետք է բացահայտի իր անցյալի բոլոր գաղտնիքները եւ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել իր հոր հետ: Շատ հետաքրքիր գլուխկոտրուկ է եւ անձամբ ինձ համար շատ հետաքրքիր ու կարեւոր թեմաներ է բացահայտում՝ ինչպես շարունակել զբաղվել սիրելի գործով, երբ շուրջդ պատերազմ է, ինչպես պայքարել սեփական զենքերով՝ խոսքերով ու սիրով:

Որտե՞ղ է հայկական հետքը

Իմ հայկական արմատները մայրիկիս կողմից են: Նա ծնվել է Երեւանում, տատիկս ու պապիկս՝ Աիդա եւ Զարեհ Սահակյանցներն էլ միշտ ապրել են Երեւանում: Պապիկը ծնվել է Ռոստովում, բայց նրա ընտանիքը Զանգեզուրից է, տատիկս էլ Արցախից է` Շուշիից: Ահա, նրա մատանին է հիմա իմ մատին (ժպտում է,- հեղ.):

Տատյանա Սպիվակովան


Այս անգամ հինգ օրով եմ եկել Հայաստան, իսկ առաջին անգամ 13 տարեկանում եմ այստեղ եղել: Դա շատ վաղուց էր, բայց որքան էլ զարմանալի է, ինձ տանն եմ զգում: Այստեղ շատ ջերմ մարդիկ են ապրում, ջերմ ժպիտներ կան, սնունդն էլ շատ համեղ է: Դա ինձ հիշեցնում է իմ մանկությունը, երբ տատիկի հետ չախոբիլի էինք պատրաստում կամ միասին տոլմա էինք փաթաթում, լավաշով պանիր էինք ուտում: Շատ ջերմ զգացողություներ են մանկության:

«Մասնագիտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես` նրան»

Ինձ թվում է` ես բավական ուշ հասկացա, որ ուզում եմ դերասանուհի դառնալ: Եվ կարծում եմ` այդ մասնագիտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես` նրան: Ինչպես ասում են, արյունը ջուր չի դառնա, իհարկե, բայց ես շատ հետաքրքրասեր մարդ եմ եւ ցանկանում էի ընդհանրապես արվեստով զբաղվել, պատմություններ պատմել, երազել, ճանապարհորդել... Սկզբում շատ երկար ժամանակ երաժշտությամբ էի զբաղվում, ավարտեցի Ֆրանսիայի դրամատիկական արվեստի ազգային կոնսերվատորիան: Ինձ թվում է` արդյունքում ես դարձա դերասանուհի շնորհիվ դասախոսներիս: Իմ բոլոր ուսուցիչները, որոնց ես հանդիպել եմ ճանապարհիս, ինձ ուղղակի վստահեցին ու ասացին` գնա արդեն, թռիր, վազիր, խաղա, ազատ եղիր: Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է, թե ինչպես են ձեզ ուղղորդում, որովհետեւ կարող են ձեզ կոտրել կամ ընդհակառակը՝ ամրացնել, կառուցել որպես մարդ եւ դերասանուհի:

Ես դպրոցում լավ էի սովորում, լավ գնահատականներ էի ստանում, եւ ծնողներս, իհարկե, շատ էին անհանգստանում, երբ որոշեցի այս ճանապարհով գնալ: Սկզբում ասում էին՝ «Իսկ գուցե գրականությո՞ւն ուսումնասիրես, դիպլո՞մ ստանաս»: Դրա համար էլ բակալավրից հետո սովորեցի նաեւ Սորբոնի համալսարանում, բայց գրականությունն ինձ համար շատ ձանձրալի դարձավ: Հետո արվեստի պատմություն ուսումնասիրեցի Լուվրի մեծ դպրոցում: Այնտեղ շատ բարդ մրցություն անցա, միաժամանակ սովորում էի երաժշտական կոնսերվատորիայում: Ինձ համար շատ դժվար էր, քանի որ սովորում էի միաժամանակ երկու դպրոցում եւ շատ էի հոգնել այդ ամենից: Ինչպես տատիկս էր ասում՝ պետք չէ երկու նապաստակ միանգամից որսալ,  պետք է կողմնորոշվել եւ ընտրություն կատարել:

Ավարտեցի դպրոցն ու համալսարանը եւ որոշեցի իմ ամբողջ էներգիան, ժամանակը տրամադրել թատրոնին ու կինոյին: Տեսնենք, թե ապագան ինձ ինչ կհուշի, գուցե հետո խոհարար դառնամ. շատ եմ սիրում պատրաստել (ժպտում է,- հեղ): Այնպես որ, կարծում եմ՝ մարդիկ այսօր բացառիկ հնարավորություն ունեն ապրել այնպես, ինչպես ցանկանում են, եւ զբաղվել սիրելի գործով: Դա շատ մեծ շանս է, որը ոչ բոլորին է տրվում: Եվ ես շատ շնորհակալ եմ աշխարհին, որ հնարավորություն ունեմ ճանապարհորդել, զբաղվել սիրելի գործով եւ ընտրություն կատարել մասնագիտության հարցում:

Տատյանա Սպիվակովան


Ճանապարհը` դեպի Փարիզ

Հիմա ապրում եմ Փարիզում: Մոսկվայից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա, բայց քանի որ մայրս շատ էր սիրում Փարիզը, դրա համար էլ եկանք Ֆրանսիա: Չնայած դրան` ծնողներս հաճախ էին վերադառնում Ռուսաստան, իսկ ես ու քույրերս ավելի շատ ժամանակ էինք անցկացնում տատիկի հետ: Այդպես էլ մնացինք Փարիզում: Իհարկե, բազմաթիվ առիթներ են եղել Մոսկվա վերադառնալու, բայց ինձ առայժմ ձգում է Եվրոպան: Ի դեպ, ես Լոնդոնում էլ եմ մեկ տարի ապրել: Չեմ ասում, որ միշտ ապրելու եմ Ֆրանսիայում եւ այնտեղ եմ կառուցելու կյանքս: Գուցե էլի տեղափոխվեմ, բայց Ֆրանսիան առայժմ ինձ պահում է, Փարիզն է ձգում:

«Փորձում եմ որեւէ սպասելիք չունենալ»

Հայաստան գալուս հիմնական նպատակն էր Ջիվանին հանդիպելը, որովհետեւ մենք միայն էկրանից էինք իրար տեսել, զրուցել: Կարծում եմ` անհրաժեշտ էր հանդիպել, դեմ առ դեմ խոսել, քննարկել տեխնիկական հարցերը, սցենարը, հագուստները, գրիմը եւ այլն: Անկեղծ ասած` փորձում եմ որեւէ սպասելիք չունենալ ֆիլմից, որ ավելի մեծ լինի հնարավորությունը զարմացած ու տպավորված լինելու: Մյուս կողմից էլ զգում եմ, որ այս ֆիլմն ինձ համար շատ նորություններ է բացահայտելու իմ արմատների մասին, իմ երկրի ու իմ մասին: Եվ հույս ունեմ՝ ֆիլմը կգտնի իր ճանապարհը նաեւ միջազգային ասպարեզ դուրս գալու, որովհետեւ դերասանական կազմում կան ֆինն, ֆրանսիացի եւ այլազգի դերասաններ: Իմ կարծիքով՝ պետք է ավելի ու ավելի շատ ընդարձակել ֆիլմի սահմանները:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW