×


Տիգրան Մանսուրյանի բացառիկ համերգը Գյումրիում, անկեղծ զրույցն ու ոսկեզօծ նվերը

Գյումրու՝ 1834 թվականին կառուցված «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 18-ին առաջին անգամ հնչել է մանսուրյանական դասական երաժշտություն։ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն համախմբել էր Շիրակի եւ այլ մարզերից, Երեւանից «Սեւ բերդ» ժամանած հանդիսատեսին, սրահը լեփ-լեցուն էր, նկատելի էր նաեւ, որ հանդիսականների մեծամասնությունը կանայք էին։ BRAVO.am-ը հետեւել է «Պրոֆ» փրոդաքշնի եւ «Բարեկամ» հասարակական կազմակերպության կազմակերպած համերգին եւ դրան նախորդող փորձին։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն` «Սեւ բերդ» ամրոցում


Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը: Մասնակցում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը։ Օրվա մենակատարներն էին ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը, Հենրիետտա Հարությունովան, Քրիստինե Սահակյանը, Հովհաննես Գրիգորյանը, Յանա Դարյանը, դաշնակահար Արթուր Ավանեսովը: 

Այս համերգի համար երաժիշտների մեծ մասը Երեւանից ժամանել էր Գյումրի, գլխավոր փորձին ներկա էր նաեւ Մանսուրյանը, որը մեծ եռանդով շփվում էր երաժիշտների հետ, բեմում դրված աթոռին նստած` հետեւում ընթացքին՝ միաժամանակ պատասխանելով հեռախոսազանգերին։ Կոմպոզիտորի հանդեպ սիրո ու ակնածանքի գաղտնիքը նրա մարդկային տեսակի մեջ է. նա կարողանում է բարեհամբույր շփվել բոլորի՝ իր երկրպագուների, կրտսեր գործընկերների, լրագրողների, լուսանկարիչների հետ։ Նա չէր մերժում իր հետ լուսանկարվել ցանկացողներին։  

Տիգրան Մանսուրյանը` «Սեւ բերդ» ամրոցում իր ստեղծագործական երեկոյին նախորդող փորձին


ՀՀ ժողովրդական արտիստը համերգից առաջ սիրով պատասխանել է BRAVO.am-ի հարցերին։ Նրա փոխանցմամբ՝ Գյումրիում տարբեր համերգներ է ունեցել, բայց այս տարածքում առաջին անգամ են իր գործերը նվագում.«Մեծ նախապատրաստական հիմքերով ենք հասել այս համերգային օրվան եւ պատրաստ ենք երեկոյին։ Շատ կցանկանամ, որ «Սեւ բերդ»-ը մշակութային բուռն կյանքով ապրող տարածք լինի, իրականանան միջազգային փառատոներ, մեծ երաժիշտներ այցելեն, կարծում եմ՝ կլինի, որովհետեւ գյումրեցին արվեստով ապրող մարդ է։ Առհասարակ, գյումրեցի հանդիսատեսը խստապահանջ է եւ շատ ինքնուրույն իր գնահատականներում, սեփական պահանջներն ունեցող լսարան է, կարող է չափանիշ ներկայացնող լինել ոչ միայն երաժշտության բնագավառում, այլեւ արվեստի տարբեր ճյուղերում»։

Մաեստրոյի հետ զրուցել ենք նաեւ առաջիկա անելիքների մասին: Հունվարի 27-ին նա իր 78-ամյակը կնշի Լոնդոնում, որտեղ համերգ է նշանակված.«Դիրիժոր, ջութակահար Լեւոն Չիլինգիրյանն իր նվագախմբի հետ շատ պատվավոր մի դահլիճում կկատարի իմ «Ջութակի 2-րդ կոնցերտ»-ը։ Մանսուրյանն այս տարի գարնանը մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել է «Ռեքվիեմ»-ի ձայնագրության աշխատանքներին, իսկ հունվարին կամ փետրվարին կկայանա ձայնասկավառակի շնորհանդեսը.«Հայաստանում շնորհանդես չի նախատեսվում, արտերկրի ձայնագրություններս Հայաստան մուտք չեն գործում, ուղղակի այստեղից առաջարկ չի եղել։ Երջանիկ կլինեի, եթե սկավառակը Երեւանի խանութներում երբեւէ հայտնվեր, թեեւ համացանցում առկա է»։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն` «Սեւ բերդ» ամրոցում


Համերգին նրան անվանեցին «կենդանի դասական». Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին՝ Բեյրութում, այնուհետեւ տեղափոխվել Շիրակի մարզ: Ինչպես պատմել է, հայոց այբուբենը սովորել է Արթիկում, երաժշտական առաջին քայլերն արել է Գյումրու երաժշտական ուսումնարանում.«Ամբողջ Շիրակի երգերն են հոգուս ու ականջներիս մեջ։ 1954 թվականին այստեղ առաջին անգամ տեսել եմ Արամ Խաչատրյանին. Ֆայտոններով էինք իրեն դիմավորում, երաժշտական հսկա տոն էր: Այս քաղաքն այսպիսի լեցուն հիշողություններ, ջերմություն ու քաջալերանք է տվել։ Ունեմ գյումրեցի հոգեւոր հայրեր, որոնց հիշատակն ինձ համար թանկ է։ Այսօր առիթ ունեցա այցելել եւ ծաղիկներ դնել Մհեր Մկրտչյանի գերեզմանին»:

Երեկոյի ընթացքում երաժիշտները կատարեցին հեղինակի «Ռեքվիեմ»-ը, «Տարվա եղանակներ»-ը, «Զուգահեռ երգեր» երգաշարը, որի երեւանյան պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է.«Այնպես է ստացվել,  որ ներկայացում ենք գործեր, որոնք դրսում հնչել են, բայց առանջին անգամ պետք է հնչեն Գյումրիում։ Առաջին անգամ եկել եմ այսպիսի մեծ ծրագրով, հատկապես ուշադիր եմ եղել, որ առաջին բաժնում ամբողջությամբ հնչի հայ պոեզիան՝ հայոց բանաստեղծության հիմքի վրա ստեղծված գործերս, իսկ երկրորդ բաժնում ներառել եմ լատինատառ ակադեմիական այն կառույցը, որ կոչվում է «Ռեքվիեմ»: Այն նվիրել եմ 1915-ի զոհերի հիշատակին։ Լատիներեն է, որ ոչ միայն մենք՝ հայերս, երգենք, այլեւ աշխարհի տարբեր ժողովուրդներ, ինչը տվել է իր պտուղը՝ կարճ ժամանակահատվածում այս ռեքվիեմն արդեն հնչել է Մեքսիկայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Լեհաստանում, Սանկտ Պետերբուգում, այսպես կարող եմ շարքը թվարկել»:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն` «Սեւ բերդ» ամրոցում

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն` «Սեւ բերդ» ամրոցում


Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուշանվեր է հանձնել կոմպոզիտորին.«Ուզում եմ այս հիանալի համերգի համար մեր Տիգրան Մանսուրյանին մի նվեր տալ՝ այս ոսկեզօծ, պլպլան բաժակը, որ տանի տուն եւ հիշի` այս պատմական երեկոն անցկացվեց Գյումրիում»,-նշել է քաղաքապետը եւ առաջարկել նվագել իր ամենահայտնի գործերը։ Մաեստրոն նվագել է «Մեր մանկության տանգոն» եւ «Հին օրերի երգը» ֆիլմերի երաժշտությունը, որի առաջին հնչյուններից հանդիսատականներից շատերը հուզվել են եւ երկար ծափահարել։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին