×


Զգացմունքային, էրոտիկ եւ թեժ ֆիլմեր՝ իբրեւ ամառային հանգստի փոխհատուցում

Նրանք, ովքեր առաջիկա հանգստյան օրերին եւ առհասարակ ամառվա վերջին օրերին չեն շտապում լքել տունը՝ պայմանական Սեւանում կամ Դիլիջանում հովանալու ակնկալիքով, կարող են օգտակար ժամանց ունենալ նաեւ տանը։ Հատուկ նրանց համար կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը առանձնացրել է այս շոգ օրերին հարմար լավագույն ֆիլմերը։):


Բերնարդո Բերտոլուչի, «Երկնքի քողի ներքո»

«Մենք զբոսաշրջիկներ չենք, մենք ճանապարհորդներ ենք»՝ այսպիսի կրեդո-նախաբանով է սկսվում եւ տոն ու երանգ տալիս Մորսբի ամուսինների (Ջոն Մալկովիչ եւ Դեբրա Ուինգեր) ճանապարհագնացությանը դեպի Հյուսիս-Աֆրիկյան երկրներ իտալական կինեմատոգրաֆի «վերջին երազող» Բերնարդո Բերտոլուչիի «Երկնքի քողի ներքո» ֆիլմը։ Ֆիլմ-արեւելյան հեքիաթ, ֆիլմ-էսքափիզմ, ֆիլմ-բույր, ֆիլմ-քող։ «Կիսաստվերի աստված»՝ լեգենդար օպերատոր Վիտորիո Ստորարոն շունչ է հաղորդել թե անապատի եւ Մարոկոյի փողոցների մոգական, ուրույն հմայքին, թե գլխավոր հերոսների էգոցենտրիկ եւ ֆիզիկական պահանջներին։

Այստեղ կարող էր լինել մաեստրո Բերտոլուչիի մեկ այլ ամառային ֆիլմ (օրինակ՝ «Խուսանավող գեղեցկությունը»), սակայն ռեժիսորի տվյալ, ոչ մասայական հայտնիություն ունեցող առակ-արկածն արժանի է ավելի մեծ ճանաչելիության։


Էնթոնի Մինգելա, «Տաղանդավոր պարոն Ռիփլին»

Էնթոնի Մինգելան 90-ականներին ստեղծել է եւս մեկ ֆիլմ, որն իր մեջ ներառում է բրիտանական սառնություն եւ «հարավ-արեւելյան» տեղայնքին բնորոշ կիրք եւ տաքություն («Անգլիական խնամյալը»): Իսկ այստեղ տաղանդավոր պարոն Ռիփլիի (Մեթ Դեյմոն) կողքին հնարածին իտալական ծովահանգստյան տեղայնքում Մինգելան պարուրում է հանդիսատեսին գերէսթետիկ, մթնոլորտային, հրապուրիչ ու դյութող կենցաղով, միրգ-բանջարեղենի հետեւից շտապող տեղացիներով, նեղլիկ, կոլորիտային փողոցներով սլացող մոպեդներով, որոնց տակ, իհարկե, «եռում են» անհագ մարդկային ցանկություններ։

Բացի գեղագիտական հաճույքից ու վարպետորեն դրամայից թրիլեր վերածվող ժապավենի հիմնական ֆունկցիայից՝ ուշադրության արժանի են բազմաթիվ ջազային միջամտումները եւ, ինչու ոչ, երիտասարդ Ջուդ Լոուի լավագույն դերերից մեկը։


Լուկա Գուադոնյինո, «Կանչիր ինձ քո անունով»

Ալեն Դելոնի եւ Ռոմի Շնայդերի դասական «Լողավազանի» արդի եւ ազատամիտ րիմեյքից՝ «Մեծ ճողփյունից» եւ նույն Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ «Ես սեր եմ» ֆիլմերից հետո հասկանալի դարձավ. Գուադոնյինոն Բերտոլուչիի պես պատկերում է ամենահասարակ ամառային տեսարաններն այնքան հյութեղ եւ համեղ, որ ցանկանում ես ամեն ինչ թողնել եւ փախչել գողտրիկ իտալական գյուղաքաղաք՝ սառը ըմպելիքների եւ կիզող արեւի ետեւից՝ ձիթապտղի ճյուղերի տակ։

«Կանչիր ինձ քո անունովը» հենց այն դեռահասա-երիտասարդական դրաման է՝ ենթագիտակցությունից գիտակցություն մագլցող ներաշխարհի եւ ցանկությունների մասին, երբ դեռ չգիտես՝ ինչու եւ ինչպես, բայց ունես հստակ «այո»-ն եւ «ոչ»-ը։ Կարեւոր է, որ գլխավոր հերոսի երիտասարդության (եւ գուցե ամբողջ կյանքի) մեծագույն «կռիվը» տեղի է ունենում ոչ թե ինչ-որ հեռավոր եւ աբստրակտ վայրում, այլ հարազատ տանը, ծնողների աչքի առջեւ, ինչպես էլ սովորաբար պատահում են դեռահասության ամենահուշագրամ մելոդրամաները։


Էրիկ Ռոմեր, «Քլերի ծունկը»

Եթե Բերտոլուչին եւ Գուադանյինոն էսթետիկ եւ զգացմունքային (ամառային) կինեմատոգրաֆի իտալական ֆրոնտի վաշտապետ-վարպետներն են, ապա ֆրանսիացի Էրիկ Ռոմերը ֆրանսիական գնդի հրամանատարն է կամ ռազմական նավի նավապետը։ Նա ունի բազմաթիվ «սեզոնային հեքիաթներ», բայց եւ իր մոտ կարելի է նկատել վառ արտահայտված համակրանք տարվա ամենատաք եղանակի նկատմամբ։

Չնայած ամենապարզ սցենարական մտահղացմանը, որտեղ Ռոմերն իրար գլխի է հավաքել ամենահասարակ մահկանացուներին իրենց ամենամատչելի մարդկային ցանկություններով՝ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական, «Քլերի ծունկը» ռեժիսորի ուրույն ոճի գեղարվեստա-կինեմատոգրաֆիկ  սիմբիոզն է, որտեղ հասուն տղամարդը էքսպերիմենտի համար համաձայնվում է շփվել երիտասարդ աղջնակի հետ, իսկ օրեր անց հասկանում է, որ խելքը կորցրել է նրա հարազատ քրոջ պատճառով. ավելի ստույգ՝ քրոջ չքնաղ, արեւահարված ծնկների։ Անշտապ եւ հավասարակշռված տեմպը տեղափոխում է հանդիսատեսին ֆրանսիական կլասիկայի հուշագրավ հատոր, որտեղ միաձուլվում են տարբեր սերունդները, պրագմատիկ թվացող մտքերը եւ զգացմունքային երկխոսությունները։


Ալֆոնսո Կուարոն, «Քո մայրիկին նույնպես»

Մեքսիկան եւ դրա երիտասարդական կենցաղը, նատուրալիզմին հասնող առօրյան եւ առանց որեւէ ձեւական ցենզի պատկերված բնիկ գյուղացու կյանքը (կամ թեկուզ մեկ ավտոճամփորդություն)՝ վաղ Ալֆոնսո Կուարոնի ամենաաուտենտիկ եւ զգացմունքային որոնում-պատկերումն է։ Երկու ընկեր (Գայել Գարսիա Բերնալ եւ Դիեգո Լունա) անհագ ցանկությունների եւ արկածախնդրության հետեւանքով որոշում են գտնել կիսադիցաբանական անվանումով անհայտ ծովափը, ինչն ավելի շուտ թարմ տպավորությունների մեծ չափաբաժին ստանալու ռոմանտիկ պատրվակ է։ Տղամարդկության հաստատման պատրվակ է նաեւ իսպանուհի Լուիզային սույն կարեւոր առաքելությամբ որոնման ընթացքին ներգրավելու փաստը։
 
Սինոփսիսից եւ/կամ թրեյլերից կարող է սխալ տպավորություն ստեղծվել, իբր ֆիլմը երիտասարդական սեքս-կատակերգություն է, ամերիկյան ձեւաչափին ձգտող ռոուդ-մուվի, սակայն Կուարոնի երկշերտ ժապավենը, ռեժիսորի խոսքերով, շինծու եւ ցուցադրական «մաչոիզմի» հեգնանք է, որտեղ, օրինակ, կամայական կինը երկու տղամարդու ինքնակայացման փուլի ամենաավանդական դրդապատճառն է։


Փիթեր Ուիր, «Զբոսախնջույք Կախովի ժայռի մոտ»

Փիթեր Ուիրը նախ եւ առաջ ծանոթ է հանդիսատեսին ամերիկյան «Թրումանի շոուով» եւ  «Մեռած պոետների հասարակությունով» եւ ոչ թե իր հայրենիքում (Ավստրալիայում) ստեղծված մոգական եւ տողատակերով խոսող «Զբոսախնջույք կախովի ժայռի մոտ» կերպարվեստային երազ-կինոֆիլմով։

Գործողությունները տեղի են ունենում Սուրբ Վալենտինի օրը՝փետրվարի 14-ին, ինչն Ավստրալիայի համար թեժ ամառ է։ 1900թ․ Մելբուրնի մոտակայքում տեղակայված աղջիկների քոլեջը, կարծես, կտրված է արտաքին աշխարհից, եւ կյանքը այստեղ շարժվում է սեփական օրենքների ու կանոնների համաձայն։ Զբոսախնջույքի ժամանակ աղջիկները անշտապ զննում են Բոտիչելիի վերարտադրումները եւ ցիտում Շեքսպիրի սոնետները, կտրատում սրտաձեւ տորթը։ Տաք օդն ու ժայռերի վիթխարի չափսերը պարարում են օրիորդներին, քնեցնում եւ հիպնոզացնում. տարօրինակ չէ, որ ուսանողուհիներից մի քանիսը անհետ կորում են։

Փիթեր Ուիրը ստեղծել է ֆիլմի ինքնատիպ հոգեբանական տրամադրությունը ոչ միայն «նկարչական» տեսախցիկի եւ ֆանտաստիկ սաունդթրեքի, այլեւ հատուկ ռեժիսորական հնարքների շնորհիվ. օրինակ՝ խնդրել է դերասանուհիներին չթարթել եւ տեղ-տեղ արագացրել է կարդրի հաճախականությունը՝ դարձնելով այն անգամ 32 կամ 43 կադր/վայրկյան։

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW