Hi-artonline.com. այս հասցեն ունի արվեստի ստեղծագործությունների վաճառքի ինտերնետային առաջին ռեսուրսը Հայաստանում, որը մեկ ինտերակտիվ հարթակում ներկայացնում է հայ դասական եւ ժամանակակից արվեստագետների աշխատանքները: BRAVO.am-ը զրուցել է նախագծի հեղինակ եւ հիմնադիր Աննա Գրիգորյանի հետ:
Hi-artonline.com նախագծի հեղինակ եւ հիմնադիր Աննա Գրիգորյանը
Նշենք, որ կայքի շնորհանդեսը զուգորդվելու է հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում “Արեւելքից Արեւմուտք, մոդեռնից` պոստմոդեռն. հայ արվեստագետներ” խորագրով իր տեսակի մեջ բացառիկ ցուցահանդեսի բացմամբ:
-Ինչպե՞ս ծագեց hi-artonline.com կայքի ստեղծման գաղափարը:
-“Բարձր արվեստ” կենտրոնն արդեն մի քանի տարի է` փորձում է ներկայացնել հայ արվեստագետներին արտասահմանում` մասնակցելով արվեստի ոլորտում կայացող տարբեր միջոցառումների: 2012 եւ 2013 թվականները նշանավորվեցին “Արտ Մոնակո” փառատոնին հաջող մասնակցությամբ. Երվանդ Քոչարի “տարածական նկարչությանը” պատկանող առաջին ստեղծագործությունը /1927թ./ ճանաչվեց լավագույնը, այս տարի էլ Օհանի/Վլադիմիր Պետրոսյան/ “Ծես” քանդակային կոմպոզիցիան մրցանակի արժանացավ: Դրան զուգահեռ որոշեցինք աճուրդներ կազմակերպել այստեղ` Հայաստանում. հասկացանք` պետք է ստեղծել մի հարթակ, որը կխթանի արվեստի շուկայի զարգացմանը:
hi-artonline.com-ը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Մեր նպատակն է ներկայացնել հայ արվեստագետների աշխատանքները համաշխարհային արտ-շուկայում, որպեսզի դրանք ճանաչված ու գնահատված լինեն նաեւ դրսում: Սա ինտերակտիվ հարթակ է` վիրտուալ ցուցասրահներով:
Կարեն Օհանյանի աշխատանքներից
-Եվ ե՞րբ հնարավոր կլինի օգտվել կայքի ծառայություններից:
-Այն արդեն հասանելի է, սակայն միայն հուլիսի 15-ից հնարավոր կլինի գնումներ կատարել: Առաջին հերթին լինելու է գնային դեմոկրատիա. այսինքն` կառաջարկվեն ամենաթանկից մինչեւ ամենամատչելի աշխատանքներ: hi-artonline.com-ն արվեստին նվիրված կայք է, կան ժանրային բաժանումներ` գեղանկարչություն, քանդակագործություն, ֆոտո-արտ եւ այլն: Սա մեր արվեստագետներին մեծ հնարավորություններ ընձեռող հարթակ է:
-Ո՞ւմ աշխատանքներն են ներկայացվելու օնլայն վաճառքի:
-Նախ` “Բարձր արվեստ” կենտրոնի շարժական հավաքածուն, որը ներառում է հայ դասական մեծանուն արվեստագետների աշխատանքները: Համաշխարհային աճուրդներում եւս կան անվանի հայերի գործեր, եւ մեր խնդիրն է նաեւ փնտրել, գտնել ու ներկայացնել դրանք: Շեշտը դնելու ենք հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների վրա, որոնք եւս իրավունք ունեն ներառվել արվեստի համաշխարհային պատմության մեջ: Երեւանում, ցավոք, ժամանակակից արվեստի թանգարանները քիչ են:
Hi-artonline.com նախագծի հեղինակ եւ հիմնադիր Աննա Գրիգորյանը
-Ովքե՞ր կարող են համագործակցել ձեզ հետ:
-Այս պահին մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ համագործակցության: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կաշխատենք հետագայում: Մենք հետաքրքրված ենք ժամանակակից սկսնակ բոլոր արվեստագետների աշխատանքներով, այնպես որ կարող են դիմել մեզ: Նշեմ, որ արդեն համագործակցում ենք նաեւ Հայաստանի մարզերի նկարիչների ու քանդակագործների հետ:
-Բացի կայքից, նաեւ միջոցառումներ, ցուցահանդեսներ եք կազմակերպում, որոնցից մեկը տեղի կունենա հունիսի 11-ին:
- Այդ օրը կկայանա hi-artonline.com-ի շնորհանդեսը: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում “Արեւելքից Արեւմուտք, մոդեռնից` պոստմոդեռն. հայ արվեստագետներ” խորագրով մի յուրահատուկ ցուցահանդես ենք իրականացնելու. մեկ հարկի տակ ժանրային նման համատեղություն Հայաստանում դեռեւս չի եղել: Ներկայացնելու ենք 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերի արվեստագետների աշխատանքները, նաեւ ֆոտո եւ վիդեո-արտ, ինստալյացիաներ:Սա մի բացառիկ դեպք է, մասնակիցները եւս շատ ոգեշնչված են: Մենք միջոցառումն անվանել ենք ցուցահանդես, բայց ավելի ճիշտ կլինի ասել, որ այն արվեստի տոն է:
Ժանսեմի աշխատանքներից
Ցուցադրվելու են ֆրանսահայ նկարիչներից Թութունջյանի, Զաքարյանի, Ժանսեմի, նաեւ Մախոխյանի, Շաբանյանի, Սարյանի, Փարաջանովի, Կոջոյանի, Գորկու եւ ուրիշների կտավները: Սա ամբողջական ցանկը չէ, ներկայացնելու ենք նաեւ ժամանակակից արվեստագետներից Սոնա Աբգարյանի, Մերի Մունի, Միքայել Օհանջանյանի, Դավիթ Կարեյանի եւ մյուսների աշխատանքները:
Որոշեցինք ցուցահանդեսը կազմակերպել “Ոսկե ծիրան” փառատոնի շրջանակում եւ մայրաքաղաք ժամանած հյուրերին ներկայացնել մեր մշակույթի մյուս կողմը: Այն կգործի մոտ մեկ շաբաթ եւ անվճար մուտքով:
Ի դեպ, աբստրակտ արվեստով բոլոր հետաքրքրվածները կարող են մասնակցել հուլիսի 14-ին կայանալիք վարպետության դասին, որը վարելու են աբստրակցիոնիստներ Համլետ Հովսեփյանն ու Գարիկ Կարապետյանը:
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ “Բարձր արվեստ” կենտրոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: