×


Օգնություն խնդրող ծովի բնակիչները՝ քանդակներ. Քուվեյթցի Ֆահադ Ալհաջրիի աշխատանքները՝ «Նուռ» ցուցասրահում

Թափոնների արտանետումը ծով այսօր մեծ վտանգի տակ է դրել դրա բնակիչների գոյությունը: Չընտրելով էկոլոգիական այս հիմնախնդրի դեմ պայքարի ավանդական միջոցներ` քուվեյթցի արվեստագետ Ֆահադ Ալհաջրին որոշել է իր արվեստանմուշների միջոցով խոսել: «Stop»` հենց այս խորագիրն է կրում ժամանակակից արվեստագետի ցուցադրությունը, որի կազմակերպիչն է «Նուռ» ցուցասրահը: Ֆահադն իր ստեղծագործությունների միջոցով ասում է` «կանգ առեք»:

Ֆահադ Ալհաջրիի աշխատանքների ցուցահանդեսին


Ցուցասրահում ներկայացված վեց քանդակները պատրաստված են հիմնականում քարից եւ փայտից: Օգտագործված է նաեւ ավազ եւ ոսկու փոշի: Քանդակները մահացած ձկների, ութոտնուկի ոսկորներ են: Քանդակագործը բազմիցս տեսել է թափոնների հետեւանքով մահացած կենդանիների ու որոշել ստեղծել նման նմուշներ:

Ֆահադը Հայաստանում առաջին անգամ չէ, քանդակներից խոսելուց առաջ խնդրում է անպայման նշել` շատ է հավանում Հայաստանը, մարդկանց ու մեր խոհանոցը: Ցուցահանդեսի գաղափարն Արման Նուռինն է. նա առաջարկել է, Ֆահադն էլ մեծ սիրով համաձայնել.«Երկու տարի է՝ ճանաչում եմ Նուռին, նա իմ լավ ընկերն է, ծանոթացել ենք նախորդ տարի՝ Եգիպտոսում: Ի սկզբանե մտահոգ էի, քանի որ աշխատանքներիս մեծ մասն արդեն ցուցադրված էին մի քանի ցուցասրահներում: Ես աշխատում էի ութոտնուկի պես: Ցանկանում էի ստանալ մարդկանցից օգնություն խնդրող, ճչացող ծովի մթնոլորտը: Ուրախ եմ, որ հասցրի»:

Ֆահադ Ալհաջրիի աշխատանքների ցուցահանդեսին


Արվեստագետը քանդակներից որեւէ մեկն առանձնացնել չի կարողանում, դրանց սիրում է իր երեխաների պես: Ֆահադը առաջարկում է միասին գուշակել, թե ինչ ենթատեքստ ունի աշխատանքներից մեկը: Դժվարանում եմ, իսկ նա ժպտում.«Նայի՛ր, ձկան գլուխն է, մարմինը, պոչը: Նա արդեն մահացած է, դրա համար էլ չունի աչքեր, սա նրա կմախքն է»,-բացատրում է քանդակագործը:

Ֆահադ Ալհաջրիի աշխատանքների ցուցահանդեսին


Արման Նուռը նշում է, որ իր առաքելությունը ժամանակակից արվեստի յուրօրինակ այս նմուշները հայ արվեստասերներին ներկայացնելն է եղել.«Իմ խնդիրն է ցույց տալն ու զարգացնելը: Պետք է նման նմուշներ այնքան տեսնենք, մինչեւ աչքը սովորի: Աշխարհում արվեստն ուրիշ տեղում է, եւ որոշ դեպքերում մենք մի քիչ հետ ենք մնացել: Փորձում եմ անընդհատ նման ցուցահանդեսներ կազմակերպել, որպեսզի մարդկանց տեսողությունն այս առումով ավելի լավանա»:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին