Աղվերանում այս օրերին ընթանում է “Խաղաղասեր մարտիկի ուղին” խորագրով դասընթաց, որը միավորել է 11 երկրի ներկայացուցիչների: Նորվեգիայից, Ուկրաինայից, Իտալիայից, Ռումինիայից, Բելառուսից, Վրաստանից եւ այլ վայրերից ժամանած մարտիկները չեն մրցում, փոխարենը համագործակցում են, ընկերական կապեր հաստատում ու փորձով փոխանակվում:
Գեւորգյան մարտարվեստի դպրոցի սան Լիլիթը, Գեւորգ Գեւորգյանը, Լեւոն Մոսինյանը եւ սան Աննա Եղոյանը
Սեպտեմբերի 7-ից 15-ն անցկացվող դասընթացը նպատակ ունի այլազգի մասնագետներին ծանոթացնել հայկական` Գեւորգյան մարտարվեստի` մտավոր զարգացմանը նպաստող կողմին ու կատարել փորձի փոխանակում: BRAVO.am-ն Աղվերանում հետեւել է մասնակիցների բացօթյա մարզումներին եւ զրուցել Գեւորգյան մարտարվեստի հիմնադրի, նրա ուսուցչի ու սաների հետ:
Գևորգյան մարտաոճը հիմնված է հայ մարդու հոգեկերտվածքի առանձնահատկությունների, հայոց այբուբենի եւ հայ առաքելական հավատքի վրա: Բազում գաղտնիքներ պարունակող մեսրոպյան այբուբենի գրերը նաեւ ֆիզիկական շարժումների եւ մարտական տեխնիկայի խորհուրդ են իրենց մեջ կրում: Գեւորգյան մարտարվեստի դպրոցը հիմնադրել է Կունգ-Ֆու-ի վարպետ, Արցախյան ազատամարտի մասնակից Գեւորգ Գեւորգյանը: Նա շատ վաղ տարիքից զբաղվել է մարտարվեստով, ուսումնասիրել է չինական Վինգ Չուն եւ տիբեթյան ընտանեկան մենաստանի Թեսքաո ոճերը, իսկ հայկական մարտաոճ ստեղծելու գաղափարը ծնվել է 1992 թվականին:
Գեւորգյան մարտարվեստի դպրոցի հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը
30 մասնակիցները դասընթացին ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններներ հետեւյալ թեմաներով` մարտարվեստների արդի վիճակն ու խնդիրները, առողջ ապրելակերպի հիմունքներ, մարտարվեստի կապը բնության ուժերի հետ, միջազգային նոր ծրագրերի մշակում մարտարվեստների ոլորտում:
Դասընթացն անց է կացվում “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է Գեւորգ Գեւորգյանը, նպատակ ունեն հակադարձել մարտարվեստի մասին տարածված թյուր կարծիքը, թե այն հիմնված է ագրեսիվ եւ միայն ֆիզիկական կողմի վրա.“Մարտարվեստն ունի խաղաղասիրական բնույթ, հենց դա էլ բացատրում ենք բոլոր մասնակիցներին: Մեծ ցանկություն ունենք ծրագիրը շաունակական դարձնել եւ մյուս երկրների ներկայացուցիչների հետ ավելի հաճախ ունենալ փորձի փոխանակում”:
Գեւորգ Գեւորգյանը եւ Լեւոն Մոսինյանը
Դպրոցի նախաձեռնությամբ` Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Գեւորգ Գեւորգյանի մարզիչը` մարտարվեստի վարպետ, տիբեթյան բժշկության մասնագետ Լեւոն Մոսինյանը: 18 տարի օվկիանոսից այն կողմ բնակվող մեր հայրենակիցը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր սաներին հորդորում է հասնել ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր, զգայական ներդաշնակության.“Ցավալի է, բայց հիմա մարտարվեստը սպորտաձեւի է վերածվել եւ գիտակցական ցածր մակարդակի վրա է. ուղղակի սովորեցնում են կռվել ու պաշտպանվել, ինչն ավելի ուժեղի նկատմամբ առաջացնում է չարություն ու նախանձ: Ցանկությունս է կարողանալ Հայաստանում կառավարության որեւէ օղակի օգնությամբ հայ մարզիչներին գիտակցության բերել, որ մարտարվեստի մրցույթներ չկազմակերպեն եւ դրանով գումար աշխատեն. իրար հաղթելով աշխարհում ոչ մի խնդիր չենք լուծի”:
“Կանխիր ագրեսիան, վերահսկիր իրավիճակը” կարգախոսով Գեւորգյան մարտարվեստի դպրոցում սաները սովորում են մարտ վարելու սկզբունքներ, ինքնապաշտպանության տեխնիկաներ, հակառակորդի հարձակումը չեզոքացնելու հմտություն:
Օտարերկրացիներն Աղվերանում ծանոթանում են Գեւորգյան մարտարվեստին
“Գեւորգյան մարտարվեստի” դպրոցում ուսանում են ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները: Դպրոցի սան Աննա Եղոյանի խոսքով` ֆիլմերում, համակարգչային խաղերում ներկայացվում է մարտարվեստի ֆիզիկական եւ ագրեսիվ կողմը, մինդեռ դպրոցում մարզվողներն ուսումնասիրում են այն բոլոր տեսանկյուններից.“Մեր հյուրերին ուզում ենք ցույց տալ հոգեւոր կողմը, որ կուտակած փորձով գնան ու կիսվեն իրենց ընկերների, աշակերտների հետ”:
Ճկուն ու առողջ մարմին ունենալու համար դպրոցի սաներից Լիլիթ Մանուկյանը շուրջ երկու տարի զբաղվում է “Գեւորգյան” ոճի մարտարվեստով.“Ողնաշարի համար օգտակար վարժություններ, պլաստիկ մարմին ու մտավոր ներդաշնակություն. ահա այն առավելությունները, որոնք ունեն մարտարվեստով զբաղվողները”,-նշում է նա:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: