×


Արման Մեսրոպյանը

Ֆուտբոլից մինչեւ ծրագրավորում ու երգարվեստ. Արման Մեսրոպյանի «մինչեվրատեսիլյան» պատմությունը

BRAVO.am-ը շարունակում է բացահայտել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի քիչ հայտնի մասնակիցներին, եւ այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արման Մեսրոպյանն է, ով մրցույթին ներկայանում է «What You Hide» (Ի՞նչ ես թաքցնում) երգով:

Արմանն իր երգում պատմում է սիրո բարդությունների, էմոցիաների, լավ ու վատ ապրումների մասին: Ասում է՝ սերը ոչ ոքի կողքով անտարբեր չի անցնում եւ կարող է նույնիսկ ամենաչոր ու կոպիտ մարդուն էլ դարձնել զգայուն.«Ճիշտ է, երբ մարդիկ լսում են երգը, ասում են՝ տեղ-տեղ շատ տխուր է, բայց սերն առանց տխրության չի լինում»,- նկատեց երգիչը:

Նրա խոսքով՝ երգը գրվել է ամռանը, երբ դեռ տեղյակ չէին նախագծի մասին, ոչ էլ մեկնարկել էր մասնակցության հայտ ուղարկելու գործընթացը: Հետո արդեն տեղեկանալով՝ որոշել են մասնակցել եւ ներկայացնել այն՝ փոքր-ինչ փոփոխված գործիքավորմամբ. «Ճիշտն ասած՝ երգն ուղարկել ենք ամենավերջին օրը, երեւի ամենավերջին րոպեներին: Խնդիրն այն չէր, որ կասկածում էինք՝ մասնակցել, թե ոչ, պարզապես փորձում էինք երգը վերջնական տեսքի բերել»:

Արման Մեսրոպյանը


Երբ Արմանին հարցրինք, թե ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունի նախագծից, ասաց՝ սովորաբար, ոչ միայն մրցույթներից, այլեւ կյանքից մեծ սպասելիքներ չի ունենում, որովհետեւ եթե դրանք չարդարանան, կարող է կոտրվել, հիասթափվել. «Միակ ակնկալիքը հետաքրքիր ու փոքր երաժշտական տոնի մասնակիցը լինելն է, դրանում է ամբողջ հաճույքը: Կարեւորը՝ լավ ներկայանաս, նոր մարդկանց հանդիպես, նոր ծանոթություններ ձեռք բերես: Այդ ամենը շատ հետաքրքիր է իրականում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր սկսնակ արտիստի համար կարեւոր են հանդիսատեսի առաջին տպավորությունները, որ լավ ելույթ ունենաս, եւ քեզ սիրեն: Այսինքն՝ այդ դեպքում քո ճանապարհն ավելի բաց կլինի երաժշտական ասպարեզում: Ինձ թվում է՝ դա էլ մեծ հաղթանակ է սկզբի համար»:

Երգիչը հայտնեց՝ հիմա ամենաբարդը նախագծին պատրաստվելն է.«Առավոտյան ժամը 9-ից մինչեւ հաջորդ լուսաբաց պատրաստվում ենք: Հագուստների ընտրությունը, բեմադրությունը, երգի փորձերը... Այդ ամենը շատ բարդ է, օրվա գրաֆիկն էլ շատ խիտ է: Փորձում ենք հասցնել»:

Միջազգային բեմերում հանդես գալու եւ մրցույթների մասնակցելու փորձ երգիչն ունեցել է նախկինում: Նախորդ ամռանը, օրինակ, մասնակցել է Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Սլավյանսկի բազար» մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը: Թեեւ մրցանակային տեղեր չի զբաղեցրել, բայց, ինչպես ասաց, անբացատրելի տասն օր է անցկացրել:

Արման Մեսրոպյանը


Նշենք, որ Արմանը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է եւ ծրագրավորող, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Որպես երգիչ մասնագիտացել է Երգի պետական թատրոնում, թեեւ դեռ դպրոցական հասակից հաճախել է երգի խմբակների ու դաշնամուրի անհատական դասերի.«Երբ դեռ երգով չէի զբաղվում, ծրագրավորմանն էի մեծ ուշադրություն դարձնում: Մտածում էի՝ կյանքը համակարգչի մեջ է. անսահմանափակ հնարավորություններ կան, ուր ուզում ես՝ հասիր համակարգչով, տանը նստած: Խորհրդավոր բան կար այդ ամենի մեջ, որ ինձ շատ էր գրավում: Հիմա արդեն թողել եմ համակարգիչը եւ զբաղվում եմ երաժշտությամբ: Ի դեպ, նախկինում մոտ յոթ տարի էլ ֆուտբոլ եմ պարապել, բայց դա էլ չշարունակեցի, թեեւ մնացի ֆուտբոլի շատ մեծ երկրպագու: Ռեալ Մադրիդի՝ հենց Իսպանիայի պաշտոնական ֆան-ակումբի անդամ եմ: Իրականում ֆուտբոլի հանդեպ սերս ֆանատիկ չէ, բայց պրոֆեսիոնալ երկրպագու եմ (ժպտում է,- հեղ.)»:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր ունի, որ նախագծից հետո պատրաստվում է կյանքի կոչել, երգիչն ասաց, որ այս պահին իր ողջ ուշադրությունը կենտրոնացած է «Դեպի Եվրատեսիլ»-ի վրա, եւ հասցնում է միայն հաջորդ օրվա անելիքների մասին մտածել.«Անկեղծ ասած՝ իմ ապագան գծել եմ մինչեւ դեպիեվրատեսիլյան ելույթը, այսինքն՝ դեռ մինչեւ այդտեղ եմ տեսնում: Դրանից հետո արդեն ապագայի պլաններ կգծեմ, ու քանի որ այդ հարցում շատ շռայլ եմ, հաստատ հետաքրքիր գործեր կունենամ»:

Զրուցեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Մեսրոպյանի արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին