×


Անդրանիկ Քեշիշյան

“Այդ պրոցեսն ինձ համար ամենահաճելին է”

“Այդ պրոցեսն ինձ համար ամենահաճելին է” Անդրանիկ Քեշիշյանը սիրում է լուսանկարել մեխ, մկրատ, լամպ, ֆոտոժապավեն, կոճակ, վրձին, ակնոց ու այլ առարկաներ: Մեկ խոսքով՝ սիրում է նկարել այն, ինչն իրենից առանձնապես գեղեցկություն չի ներկայացնում: “Օրինակ, կոճակը կամ մեխը վերցնում եմ, սկսում խաղալ, ու ստացվում է: Շատ բան չեմ պլանավորում, ամեն ինչ ստացվում է նկարելու ընթացքում: Այդ պրոցեսն էլ ինձ համար ամենահաճելին է”,- ասել է լուսանկարիչը: “Նարեկացի” արվեստի միությունում Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարների ցուցահանդեսն է: Ներկայացված 35 լուսանկարներն անվանում չունեն, բայց ունեն սյուժեներ, որոնցում առկա են նուրբ ու կոպիտ առարկաների համադրություններ, իրեր, որոնք առանձին վերցված այլ իմաստ ունեն, իսկ լուսանկարներում այլ միտք են արտահայտում: Andranik Qeshishyan Երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝  Անդրանիկ Քեշիշյանը վերադարձել է Հայաստան եւ իր գործունեությունը շարունակում է Երեւանում: Մասնագիտությամբ հեռուստաօպերատոր է, լուսանկարչությունն էլ իր ամենասիրելի զբաղմունքն է. “Ասում են՝ լավ օպերատորից կստացվի լուսանկարիչ, իսկ լավ լուսանկարչից չի ստացվի օպերատոր: Իմ փորձից հասկացել եմ, որ ճշմարիտ խոսքեր են: Իմ դեպքում մեկը մյուսին լրացնում է: Չնայած մինչեւ հիմա էլ ինձ լուսանկարիչ չեմ համարում. երբ հարցնում են, պատասխանում եմ՝ մասնագիտությամբ հեռուստաօպերատոր եմ:)”: “Ամենակարեւորն արվեստում չափի զգացումն է”, այսպես է անվանել Անդրանիկը ցուցահանդեսը: Նատյուրմորտ նկարելու առանձնահատկությունն էլ համարում է այն, որ դիտողին լուսանկարը չպետք է թվա արհեստական. “Նատյուրմորտ նկարելիս ամեն դետալը հաշվարկված է. այնպես եմ անում, որ ավելորդ լույս, առարկա չլինի: Տարիների ընթացքում հասկացել եմ իմ չափի զգացումը”: Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարներից Երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսին հեղինակը ներկայացրել է հիմնականում վերջին շրջանի լուսանկարները, բայց հին աշխատանքներից եւս կախված են ցուցասրահի պատերից. “Առաջ նկարում էի տխուր պահեր, բայց վերջին տարիներին ավելի ռոմանտիկ, գունեղ իրավիճակներ եմ նկարում”: Բոլոր աշխատանքներն Անդրանիկը լուսանկարել է տանը, ուր մի հատված վերածել է ստուդիայի, տեղավորել իր տեխնիկան, լուսանկարելու օբյեկտները եւ ստանում է այն, ինչ տեսնում եք ներկայացված  նկարներում:): Մեկ նկար էլ կա, որն Անդրանիկը նվիրել է իր ընկերոջ՝  նկարիչ Ծովինար Ղազարյանի հիշատակին: “Նա մահացել է մի քանի ամիս առաջ… Այդ նկարն ինձ համար թանկ է, որովհետեւ միասին ենք նկարել”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Անդրանիկն ու ավելացրել, որ բոլոր աշխատանքները վաճառվում են, բացի այդ մեկից: Andranik Qeshishyan ,Hripsime Stepanyan and Armen Aghayan Ցուցահանդեսի առաջին այցելուների համար լուսանկարիչը պատրաստել էր խաղարկություն, նաեւ ներկայացրել իր տեխնիկան, ցանկության դեպքում ցույց է տվել՝ ինչպես են ստացվում իր լուսանկարները. “Շատերը հարցնում են՝ ինչպես եմ ստանում, կարծում են` ֆոտոշոփի արդյունք է, իսկ այստեղ իրենք նկարում են, տեսնում արդյունքը”: Հեղինակի նատյուրմորտի “գաղտնիքներն” իմանալու  ցանկության դեպքում դու էլ  կարող ես տեղում ծանոթանալ աշխատանքներին եւ լուսանկար ստանալու ընթացքին` “Նարեկացի” արվեստի միություն այցելելով մինչեւ դեկտեմբերի 3-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Անդրանիկ Քեշիշյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW