Բելառուս, Ղրիմ, Մոսկվա, Ծաղկաձոր... :) Անի Քոչարի ամառը, ինչպես տարվա յուրաքանչյուր եղանակ, սկսվեց աշխատանքային պայմաններում: Անին գարնանն ավարտեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, ինչի համար շատ ուրախ է. վերջապես ավարտեց ու հրաժեշտ տվեց ուսանողական կյանքին, իսկ ամառը սկսեց ԲՈՒՀ-ն ավարտած, լիցքաթափված: :) Մինչ ամառը Անին կարճատեւ ուղեւորություն ունեցավ Բելառուս, որտեղ «Երիտասարդ լիդերների միջազգային ֆորում»-ին պետք է ներկայացներ Հայաստանը: «Հիանալի տեղ էր, բնության գրկում էինք` «Զուբրյոնոկ» ճամբար կար, որտեղ էլ մենք մնում էինք: Կարելի է ասել, որ մինչ ամառը ես որոշակի հանգիստ ունեցա»,-Bravo.am-ին պատմեց «Ե՞ս Yes» ամսագրի գլխավոր խմբագիր, մանեքենուհի Անի Քոչարը: Անին ասում է, որ մոտավորապես տասը տարի չէր օգտվում իր օրինական արձակուրդից: Այս տարի պահը հասունացել էր. հուլիսին Անին ամուսնու` Արմանի հետ մեկնեց Ղրիմ. «Հիմնականում մենք ապրում էինք Սակի քաղաքում, որտեղ գտնվում է ամուսնուս բնակարանը, բայց եղանք նաեւ Յալթայում, Եվպատորիայում եւ այլ քաղաքներում»: Սակիում հանգստանալուց բացի Անին նաեւ բուժական պրոցեդուրաներ էր անցնում. «Սակին առողջարանային քաղաք է, ուր մարդիկ գնում են բուժվելու, նոր լիցքեր ստանալու: Ես այնտեղ ընտրել էի ջրային մերսումը եւ ցեխի վաննաները, որոնք ինձ շատ դուր եկան: Դրանցից հետո մարդիկ իրենց վատ են զգում, սրտի թուլություն եւ այլն, բայց ինձ վրա դա չազդեց: Երեւի ես այնքան հոգնած էի, որ միայն դրական արդյունք ունեցավ»: Խոսելով Սակիի մասին` Անին ասաց, որ այն շատ հանգիստ քաղաք է, ամեն տեսակի ազգություն կա, որեւէ մեկը չի ասի, որ դու նորեկ ես, ինչը շատ տարածված երեւույթ է Մոսկվայում: Իսկ ժամանցի վայրերի մասին ասում է, որ մերկապարից ու էրոտիկ երեկոներից բացի ուրիշ ոչինչ չես տեսնի. «Մենք նախընտրում էինք երեկոներն անցկացնել մեր տան ետնաբակում: Քանի որ ամուսինս իր ամառներն այնտեղ է անցկացնում, կան հարմարավետ պայմաններ հանգստի համար: Մեր տան ետնաբակում կա գեղեցիկ տաղավար, որտեղ ես եւ ամուսինս նարգիլե էինք ծխում, երկուսս էլ չենք ծխում, բայց նարգիլե շատ ենք սիրում, ֆիլմեր նայում: Ի դեպ, այդ ընթացքում մենք հասցրեցինք դիտել 2010-ի արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը, որոնք մեր կինոթատրոններում նոր են սկսում ցուցադրել:)»: «Յալթայի բնությունը նմանեցրեցի Դիլիջանին» Անին ասում է, որ Յալթան նմանեցրեց Դիլիջանին. «Բնությունը նման էր: Չնայած Դիլիջանում հիմա բնություն չեն թողել, բայց, իմ մանկության տարիների հետ համեմատելով, ես նմանություն տեսա:» Տարբերությունը ծովն էր: Մեր զրուցակիցը Յալթան նմանեցրեց նաեւ Կիպրոսին. «Երբ մենք ծովին մոտ էինք կամ բարձունքից նայում էինք բնությանը, Յալթան նմանեցրեցի նաեւ Կիպրոսին, ճիշտ է, ես Կիպրոսում չեմ եղել, բայց լուսանկարներով ինձ նման թվաց»: Անին ասում է, որ Յալթան, Եվպատորիան, Սակին, գտնվելով Ղրիմում, միմյանցից շատ տարբեր էին: Եվպատորիան էլ շատ հետաքրքիր է գնումներ կատարելու համար: Այնտեղ մի ամբողջ քայլուղու երկու կողմով տաղավարներ են ու հուշանվերներ` հիմնականում ծովային թեմատիկայով. «Ես հուշանվերներ էի գնում իմ գործընկերների, աշխատակիցների եւ ընկերների համար, բայց չեմ սիրում, երբ գնում են հանգստանալու ու զբաղվում միայն շոփինգով. ես շոփինգամոլ չեմ:)»: Ղրիմում Անին եւ ամուսինը մնացին մինչ օգոստոսի վերջ, իսկ սեպտեմբերի 1-ը դիմավորեցին Մոսկվայում. «Հոգով այստեղ էի, ուզում էի մեր համալսարան գնալ, կարոտել էի եւ այլն...»: Մոսկվայում մնացին մոտ մեկ շաբաթ: Այնտեղ շատ ցուրտ էր, տանից դուրս գալ հնարավոր չէր, բացի այդ զանգահարեցին ու ասացին, որ ամուսնու գործերի հետ կապված հյուրեր ունեն. շատ շուտ վերադարձան. «Անկեղծ ասած, այդ ընթացքում այնքան էինք այս ու այն կողմ գնացել, ինքնաթիռ նստել եւ այլն, որ ես շատ էի հոգնել: Ղրիմում ուր էլ գնայինք, միեւնույն է, վերադառնում էինք մեր տուն: Ես էլ ամեն օր, ինչպես յուրաքանչյուր հայ աղջիկ, տնային գործեր էի անում, իսկ երբ եկանք Հայաստան, մենք մի քանի օրով գնացինք Ծաղկաձոր, այդ ժամանակ ես իսկապես հանգստացա, քանի որ Ծաղկաձորում ոչինչ ես չէի անում»: «Հայաստանում քեզ ամենուր ճանաչում են...» «Հայաստանում քեզ ամենուր ճանաչում են, երբ դու իջնում ես հյուրանոցի ճաշարանում կամ ռեստորանում ճաշելու, գիտես, որ դրա մասին անգամ խոսելու են: Հայաստանում ես երբեւէ, նույնիսկ տանը, չեմ կարողանում հանգստանալ, անգամ երբ կոմունալ վճարումների հետ կապված մարդ է գալիս տուն, դու կրկին պետք է կերպարիդ մեջ լինես: Այստեղ, ըստ իս, չի լինում հանգիստը լավ կազմակերպել. ամեն տեղ քեզ ճանաչում են, հարցեր են տալիս, հետաքրքրվում, իսկ Ղրիմում նման բան չկա: Ես մեկ ու կես ամիս մնացի այնտեղ ու ոչ դիմահարդարում էի անում, ոչ մանիկյուր, ոչ էլ մազերս էի հարդարում. ուզում էի , որ մաշկս հանգստանա...»: Անին ասում է, որ չի տրտնջում իր հայտնի լինելուց. «Ես ինքս եմ ընտրել այդ ուղին ու հիմա ինքնաբավարարված եմ, որ իմ աշխատանքի, իմ տեսակի շնորհիվ իմ կյանքի քսան քանի տարիների ընթացքում հասել եմ նրան, ինչին երազել եմ փոքր տարիքում»: Մեր զրուցակիցը աստղային հիվանդությամբ չի տառապում. «Ես հանրային դեմք եմ, չեմ խուսափում հանրության մեջ լինելուց, բայց արդեն հոգնել եմ, որ ամեն օր անծանոթ մարդիկ ինտերնետում ինձ գրում են. «Բարեւ ձեզ, ինչպե՞ս եք»: Հենց այսօր մեկին սեւ ցուցակ եմ գցել, որովհետեւ երկու նամակ է գրել, իսկ հաջորդում ասում է` «Ինչու՞ չես պատասխանում նամակներիս»: Թվում է` պարապ նստած սպասում եմ, երբ են ինձ գրելու, որ պատասխանեմ: Նրանք ինձ մոտ հարյուրավոր ու հազարավոր են. պարզապես ժամանակ չի լինի, որ բոլորին պատասխանեմ: Ինձ հոգնեցրել են մարդիկ, ովքեր ուրիշի անունով մեկնաբանություններ են գրում, նամակներ ուղարկում. ինչու՞ պետք է անծանոթ մարդկանց հետաքրքրի Անի Քոչարի որպիսությունը»: Անին ասում է, որ նամակներին չպատասխանելը շատերը մեծամտություն են համարում. «Ես արդեն անցել եմ այդ էտապը, ես ժամանակ չունեմ մանկապատանեկան խաղերի ետեւից ընկնելու, զբաղվում եմ իմ աշխատանքով, ուզում եմ լինել իմ մտերիմ մարդկանց, իմ սիրած անձնավորության հետ: Ինձ չի հետաքրքրում անգամ այն, որ ինձ անընդհատ հարցազրույցների են հրավիրում, ես հոգնել եմ միանման հարցերից, որին դու պետք է ինչ-որ խելացի պատասխաններ տաս: Իհարկե, ես սիրով ընդունում եմ իմ մտերիմների առաջարկը:)»: Անիի ամուսնուն եւս չի խանգարում նրա հայտնի լինելը. «Նա ինձ ասում է, որ ես շատ համեստ եմ, շատ եմ ընդառաջում մարդկանց, իսկ նրանք դա ընդունում են որպես հեշտ հասանելիություն, ուզում է, որ ես ինձ ավելի ճիշտ գնահատեմ»: Հանգստից վերադառնալով` Անին շարունակում է իր բուռն աշխատանքային գործունեությունը: Իսկ աշխատանքային ծրագրերի առաջին հորիզոնականում միշտ ամսագիրն է, որով նա զբաղվել է անգամ հանգստի ընթացքում, հիմա զբաղված է իր մեքենան փոխելու գործերով, իսկ մինչ հոկտեմբերի 10-ը շատ մեծ աշխատանք պետք է անի իր հարսանյաց հանդեսի կազմակերպման ուղղությամբ: Ինչպես գիտեք մեր հրապարակումներից, Անին եւ ամուսինը պատրաստվում են իրենց հարսանյաց արարողությունն անցկացնել 10.10.10-ին: Իսկ ընդհանուր աշխատանքից խոսելով` Անին ասում է, որ դասավանդում է նաեւ Երգի թատրոնում. «Շուտով այնտեղ էլ դասերը կսկսեն. ես պետք է հասցնեմ այդ ամենը համատեղել:)»: Միջազգային պարգեւ`Անիի ամուսնուն :) Անի Քոչարին շատ էր ուրախացրել այն, որ ամռանը ամուսնուն` Արմանին իր կատարած աշխատանքի` հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության համար միջազգային պարգեւ շնորհեցին` շքանշան եւ հավաստագիր, որից աշխարհում ունի միայն 6 մարդ, որոնցից մեկը Վլադիմիր Պուտինն է, մյուսը`Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Շուտով այդ շքանշանից կստանա նաեւ Անգելա Մերկելը: Շքանշանակիր միակ հայը Անիի ամուսինն է` «Աշխարհն առանց արգելքների» հ/կ հիմնադիր նախագահ Արման Մուշեղյանը: «Բարին կփրկի աշխարհը» առաջին կարգի բարձրագույն շքանշանը Անիի համար եւս մեծ հաջողություն է. «Ես դա նաեւ իմ հաջողությունն եմ համարում: Համոզված եմ, որ իմ ամուսնու մեջ այնքան բարություն կա, որ կփրկի աշխարհը: Այդ շքանշանը շնորհվել է 12 պետությունների անդամների քննարկումների արդյունքում: Կարծես մեր ամռան կարեւորագույն ձեռքբերումներից էր այս շքանշանը:)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Քոչարի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: