Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
Շատ քչերը կլինեն, ովքեր կասեն, թե դեռահաս տարիքում ընդհանրապես կուռքեր չեն ունեցել: Այդ տարիքում, քանի դեռ չի հղկվել մեր արժեհամակարգը, կուռք կարող է լինել եթերից, ամսագրերի շապիկներից հաճախ երեւացող եւ անհոգ ժպտացող որեւէ հայտնի մեկը: Որոշ դեպքերում անգամ` բակի հեղինակություններից մեկը կամ անգամ ծնողները: Շատ ժամանակ մենք մոռանում ենք, որ այսօրվա մեր կուռքերը, նրանք, ում երկրպագում ենք, հետաքրքրվում նրանց ամեն մի արած քայլով` ընդհուպ անձնականը, ժամանակին իրենք էլ մեզ պես դեռահաս են եղել եւ ունեցել իրենց սիրած աստղերը` կուռքը, սակայն դա չի խանգարել նրանց, որպեսզի ապրեն իրենց կյանքով եւ հաջողությունների հասնեն: Հենց «աստղային կուռքերին» էլ որոշեցինք անդրադառնալ մեր այս նյութում` ընդգրկելով նրանց, ովքեր իսկապես երկրպագուների մեծ բանակ ունեն:
Էմմի. «Կուռք կարող է լինել նույնիսկ հարեւանը»
Էմմի համար կուռք կարող է լինել մի մարդ, ով ընդհանրապես կապ չունի արվեստի, բեմի, երգի, պարի, նկարչության, քանդակագործության եւ արվեստի այլ ճյուղերի հետ: Երգչուհու համոզմամբ կուռք կարող է լինել նույնիսկ հարեւանը. «Չգիտեմ, երեւի ես այդ բառի իմաստը սխալ եմ հասկանում, բայց այն ընկալում եմ հենց այսպես` մարդ, ում տեսնելիս ամաչում ես, իսկ հետագայում հպարտանում, որ ճանաչում ես, որ ինչ-որ օրինակ ես վերցրել նրանից: Ինձ համար կան մարդիկ, որոնց հանդեպ անտարբեր չեմ եւ չեմ էլ եղել: Կան արտիստներ, որոնց լսել եմ եւ շարունակում եմ լսել: Բայց կար մի մարդ, որին տեսնելիս չէի կարողանում թաքցնել հույզերս, չէի պատկերացնում, որ նա իմ սիրած մուլտերի ստեղծողն է` Ռոբերտ Սահակյանցը: Կյանքում շատ տարբեր ազգերի արտիստների հետ եմ հանդիպել, բայց նման հպարտություն ոչ ոքի հանդեպ չեմ զգացել, ինչպես եղավ Սահակյանցին տեսնելու առաջին իսկ վայրկյանին: Նրա գրեթե բոլոր մուլտերն ունեմ. Դավիթ Սահակյանցն է նվիրել, որոնք ինձ համար շատ կարեւոր են»,- մեր գրավոր հարցերին այսպես պատասխանեց երգչուհին:
Արամե. «Իմ կուռքը ժամանակին Բրյուս Լին էր»
Որքան էլ զարմանալի է, Արամեի կուռքն ընդհանրապես կապ չունի երգարվեստի հետ: «Իհարկե, ժամանակին ունեցել եմ կուռք, այսինքն` մարդ, որին ցանկացել եմ նմանվել, փորձել եմ կրկնել նրա շարժումները, նրա հայացքները: Փորձում էի իմանալ` ինչ կյանքով է նա ապրում, ինչ է անում, որ հաջողության է հասնում: Իմ կուռքը ժամանակին Բրյուս Լին էր: Այժմ էլ շարունակում եմ սիրել եւ նրան համարել լեգենդար մարզիկ: Երգարվեստից շատ երգիչներ կան, որոնց սիրել եմ եւ շարունակում եմ սիրել, բայց ոչ ոքի չեմ առանձնացնի. բոլորին էլ հավասարապես եմ սիրում»,- ասաց երգիչը:
Արամեն հիշեց, որ նոր էր սկսել սպորտով զբաղվել եւ իրեն պետք էր մեկը, որ ստիմուլ տար, որպեսզի առաջ շարժվեր: Միշտ էլ երազել եմ Բրյուս Լիին տեսնել: Նրա նկարներով ամեն ինչ ունեի եւ պահում էի: Մեր մարզադահլիճում միայն նրա նկարներն էին, իսկ ֆիլմերը ամեն օր մի քանի անգամ դիտում էինք: Եթե տեսնեի նրան` կմենամարտեի եւ հպարտորեն կպարտվեի, բայց, իհարկե, չեմ պատկերացնում մեր հանդիպումը, չնայած` երջանիկ կլինեի: Նա ինձ համար եղել է եւ կա բոլոր ժամանակների լավագույն մարզիկը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր կյանքում կուռք ունենա, իսկապես դա շատ է օգնում»,- շարունակեց երգիչը եւ նշեց, որ կուռք լինելը շատ պատասխանատու կարգավիճակ է: Իսկ իր երկրպագուներին մաղթեց. «Ովքեր իմ մեջ իրենց կուռքին են տեսնում, ուզում եմ, որ հասնեն մեծ հաջողությունների, իսկ ես միշտ կօգնեմ նրանց եւ երբեք չեմ խանգարի»:
Սիրուշո. «Չորս տառից բաղկացած բառն ընդամենը սերն արտահայտելու ձեւ է»
Երգչուհի Սիրուշոյի համոզմամբ` նախ պետք է պարզել, թե ինչ ենք հասկանում կուռք ասելով: «Եթե դա նշանակում է գնահատել եւ սիրել ինչ-որ մարդկանց կատարած աշխատանքը, տաղանդը, ապա պետք է ասեմ, որ շատ կուռքեր ունեմ: Բայց եթե դա նշանակում է ապրել այդ մարդկանց կյանքով, նկարներով, եւ դա դարձնել հիվանդություն, ապա կարող եմ ասել, որ երբեք կուռք չեմ ունեցել»,- պնդեց երգչուհին: Ըստ նրա` իրեն շատ մարդիկ են կուռք համարում, ինչն իր համար այնքան էլ կարեւոր չէ, այլ. «Ինձ համար այդ բառը կարեւոր չէ, դրանից չէ, որ ուրախանում եմ: Հասկանում եմ` այդ բառը ասելով` ուզում են ցույց տալ, որ ընկալում են երաժշտությունս: Այդ չորս տառից բաղկացած բառն ընդամենը սերն ու ուշադրությունը արտահայտելու մի ձեւ է, իսկ դա ինձ համար շատ կարեւոր է»:
Մհեր. «Երբեք չեմ երազել որեւէ մեկին ձեռք տալ»
Երգիչ Մհերը նշում է, որ, բնկանաբար, միշտ էլ եղել են արտիստներ, երգիչներ, այնպիսի մարդիկ, որոնց աշխատանքը նա գնահատել է: Այսինքն, այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես արտիստներ են եղել, ունեցել են ձայնային հզոր տվյալներ. «Միշտ էլ գնահատել եմ Մայքլ Ջեքսոնի, Մրայա Քերիի, Ուիթնի Հյուսթոնի, Բեյոնսեի, Շադեի, «Քուին» խմբի արվեստը»,- ասաց երգիչը եւ շարունակեց.- «Սակայն երբեք չեմ երազել որեւէ մեկին ձեռք տալ, կպնել, ինչպես նաեւ որեւէ մեկի համար նետվել կամրջից, ընդամենը ցանկացել եմ համագործակցել»:
Երգիչը հիշեց նաեւ մի հետքրքիր դեպք, որի գլխավոր հերոսը նրա երկրպագուհին էր. «Վերջերս մեր դռան առաջ մի տետր գտա` պաչիկներով եւ սրտիկներով զարդարված: Իմ երկրպագուհիներից մեկն էր հեղինակը: Տետրում գրված էր, որ եթե ես ամուսնանամ, նա իրեն կամրջից կնետի եւ դրա մասին ես հեռուստացույցով կիմանամ: Սա, իհարկե, անլուրջ արարք է. բարեբախտաբար, մինչ այժմ նման բան չի եղել»,- նկատեց Մհերը:
Սոֆի Մխեյան. «Դեռ փոքրուց էլ Մայքլ Ջեքսոնի պլաստիկան ինձ շատ է գրավել»
«Կուռք չեմ ունեցել, երբեւէ չի եղել, որ չքնեմ կամ սենյակումս որեւէ մեկի պաստառները փակցնեմ: Միշտ հետեւել եմ ու այժմ էլ հետեւում եմ արտիստների կատարած աշխատանքին ու վերցնում եմ այն, ինչը հավանում եմ: Բայց հիշում եմ, դեռ փոքրուց էլ Մայքլ Ջեքսոնի պլաստիկան ինձ շատ է գրավել. կանգնում էի հայելու առջեւ եւ փորձում նմանակել»,- խոստովանեց երգչուհի Սոֆի Մխեյանը:
Երգչուհին պատմեց նաեւ, որ երբ 12-13 տարեկան էր, միշտ ներկա էր լինում Երեւանում տեղի ունեցող բոլոր համերգներին. բազմաթիվ հայտնիների հետ նկարներ ունի, ինքնագրեր` Վալերի Լեոնտեւից, Սոֆյա Ռոտարուից եւ ռուսական էստրադայի այլ հայտնիներից: Այն փաստը, որ հնարավոր է ինքն էլ որեւէ մեկի կուռքը լինի, Սոֆիին միայն ուրախացնում է: «Շատ հաճելի է սիրված լինելը, եթե այսօր ես էլ ինչ-որ մեկի կուռքը լինեմ, շատ ուրախ կլինեմ` չնայած կարծում եմ, որ պետք չէ կուռք անվանել, ավելի լավ է սիրած արտիստ կամ կատարող անվանեն: Եթե հավանում են տվյալ աստղին, թող նրանից վերցնեն լավագույնը` կլինի երաժշտական իմիջ, երգի ձեւ, հագուստի որեւէ տարբերակ, շարժուձեւ, թե այլ բան: Իսկ եթե չունենաս երկրպագուներ` քո արվեստը գնահատող մարդիկ, ուրեմն, կարելի է ասել, քո աշխատանքն իզուր է»,- համոզված է երգչուհին:
Հայկո. «Իմ կուռքը Գարի Օլդմանն է»
Սիրված հումորիստ Հայկոյի համար կուռքն այն մարդն է, ով օգնում է առաջ շարժվել, այսինքն` մեկը, ով ուժ է տալիս կատարելագործվելու: Նրա կուռքերի ցանկը շատ տարբեր է: «Յուրաքանչյուր տաղանդավոր մարդ կարող է իմ կուռքը լինել. ոչ մի կապ չունի` դերասան է, երաժիշտ, թե մեկ այլ ոլորտի ներկայացուցիչ:
Կարեւորն այն է, որ մարդիկ իրենց կուռքից վերցնեն լավագույնը եւ միշտ ձգտեն հասնել նրան»,- ասաց Հայկոն: Ցավոք, նա չկարողացավ հիշել, թե ով էր իր մանկության տարիների կուռքը. այսօր էլ կան շատ մարդիկ, ովքեր Հայկոյի համար կարող են կուռք լինել, բայց հումորիստը նշեց միայն Գարի Օլդմանին: «Նա անգլիացի դերասան է, ով միշտ չար, բացասական կերպարներ է մարմնավորում»,- մանրամասնեց Հայկոն:
Ռոբերտ Արզումանյան. «Իմ կուռքը բրազիլացի Ռոնալդոն էր»
Շատ աղջիկների սիրելի Ռոբերտ Արզումանյանի սերը ֆուտբոլի հանդեպ, փաստորեն, փոքր տարիքից է ձեւավորվել ու ամենեւին էլ զարմանալի չէ, որ նրա կուռքը հենց մարզաշխարհից էր: Ֆուտբոլիստն ասաց, որ այսօր կուռք չունի, բայց փոքր տարիքում երկրպագել է հենց մարզաշխարհի ներկայացուցիչներին: «Չեմ կարող ասել, որ այսօր կուռք ունեմ, բայց փոքր ժամանակ եղել են մարզիկներ, ֆուտբոլիստներ, ովքեր, կարելի է ասել, իմ կուռքերն են եղել. նրանցից կառանձնացնեմ միայն բրազիլացի Ռոնալդոյին»,- հավելեց մարզիկը, ով այսօր երկրպագուների մեծ բանակ ունի: Ռոնալդոյի նախկինում երկրպագած ֆուտբոլիստը, սակայն, այնքան էլ կողմ չէ «կուռք» երեւույթին: «Չեմ ընդունում կուռք ասվածը, կարելի է ինչ-որ մեկին երկրպագել, բայց դեմ եմ կուռք դարձնելուն: Ամեն մարդ պետք է յուրովի լինի»,- ընդգծեց Ռոբերտ Արզումանյանը:
Երբեք կուռք չեմ ունեցել. Արեւիկ Իսաջանյան
Տեքստը` “Ե՞ս Yes” ամսագրի
Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ Bravo.am-ի


×
18,076







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: