Ներկայացանում է «Ե՞ս Yes » ամսագիրը
Երբ գալիս է սեպտեմբերը… Չէ, մեր իմացած հայտնի ֆիլմի մասին չեմ ուզում խոսել, այլ «Առաջին քայլերի»` դպրոցական առաջին վինետկայի մասին, որն ունենք գրեթե բոլորս` բացառությամբ առանձին դեպքերի: Այս անգամ մեր շոու-բիզնեսի հայտնի եւ սիրված ներկայացուցիչների հետ էլ փորձեցինք վերհիշել դպրոցական ուրախ տարիները, թերթել «Առաջին քայլերը»: Նրանցից ոմանք այնքան էլ լավ չեն հիշում այդ օրը, իսկ ոմանք էլ հիշում են նույնիսկ ամենաաննշան մանրուքները: Սեպտեմբերյան առաջին տոնի` սեպտեմբերի 1-ի առթիվ էլ ներկայացնում ենք նրանց «Առաջին քայլերը»: Համոզված ենք, որ շատերին նույնիսկ չես էլ ճանաչի :)
Արսեն Գրիգորյան. «Դասարանի դռան առաջ կանգնած լաց էի լինում»
Երգիչ, դերասան ու հաղորդավար Արսենը դեռ մանկուց երազում էր դպրոց գնալ. «Մանկապարտեզում ուղղակի երազում էի դպրոց գնալու մասին: Երեւի այն առանձնահատուկ երեխաներից էի, ովքեր մանկապարտեզ էին հաճախում միայն սպիտակաձավարի շիլա (մաննի կաշա :)) ուտելու համար, իսկ երբ ուտում վերջացնում էինք, փախչում էի տուն: Մեր ժամանակ միայն յոթ տարին լրացած երեխաները կարող էին դպրոց գնալ: Հերթական սեպտեմբերի 1-ն էր մոտենում, եւ շատ էի ցանկանում դպրոց գնալ, սակայն դեռ վեց տարեկան էի: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի հենց այդ տարի դպրոց հաճախեմ: Այդ ամբողջ ընթացքում քույրս ծաղրում էր եւ ասում, որ ինձ դպրոց չեն ընդունելու»: Վերջապես Արսենը 6 տարեկանից հաճախեց ՀԱԹ թիվ 174 դպրոցը. «Սեպտեմբերի 1-ին շարքով գնացինք մեր դասարան: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ում կողքին եմ նստել առաջին օրը: Մեր դասարանում մի աղջիկ կար, ում երեք հոգի սիրահարվել էինք: Մի օր էլ, երբ դեռ մեկ շաբաթ էր, որ դպրոց էի գնում, դասից ուշացել էի: Քույրս ինձ մեր դասարանի մոտ թողեց եւ ասաց, որ ներս մտնեմ. կանգնել էի դասարանի դռան առաջ ու լաց էի լինում: Այնուհետեւ տնօրենը տեսավ ինձ եւ դասարան ուղեկցեց»: Իսկ «Առաջին քայլերի» համար նկարվելու մասին խոսելիս Արսենը նաեւ հիշեց. «Նկարվելու օրը բարձր ջերմությամբ հիվանդ էի, բայց դասղեկը պահանջել էր, որ բոլորս ներկա լինենք, ու լուսանկարիցս երեւում է, որ հիվանդ էի: Շատ կոկիկ էինք հագնվել, բոլորս սպիտակ վերնաշապիկներով էինք»:
Հրաչուհի Ութմազյան. «Գունավոր մատիտներ, փետուրով գրիչներ…»
Հրաչուհին պատմեց, որ մանկապարտեզ չի հաճախել, սակայն լավ պատրաստվել է սեպտեմբերի 1-ին. «Իմ փոխարեն ծնողներս էին լավ պատրաստվել: Հայրս արտասահմանից բազմաթիվ գրենական պիտույքներ էր բերել. գունավոր մատիտներ, փետուրով գրիչներ… Այսպես ասած, լավ պատրաստվել էի. տասը տարի սովորել եմ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում. առաջին ուսուցչուհիս ընկեր Հակոբյանն էր»: Հրաչուհին պատմեց նաեւ, թե ինչն է լավ տպավորվել սեպտեմբերի 1-ից. «Մեր ժամանակ առաջին դասարանցիներին ողջունում էին տասներորդցիները, եւ հիշում եմ, որ իմ մի ձեռքը բռնել էր տասներորդցի Արթուրը, իսկ մյուս ձեռքս` մեր դասարանի Տաթեւիկը: Շատ էի զարմացել, որովհետեւ մայրիկիս անունը Տաթեւիկ է, իսկ հայրիկինս` Արթուր… Ընդհանրապես, սեպտեմբերն ինձ համար միշտ էլ ինչ-որ բան սկսելու լավ սկիզբ է եղել»: Չնայած դպրոցից մնացած լավ հուշերին` Հրաչուհին բացարձակապես չի հիշում «Առաջին քայլերի» համար լուսանկարվելու օրը:
Նարեկ Բավեյան. «Շորտեր, սանդալներ ու սպիտակ վերնաշապիկ էինք հագել»
Երգիչ Նարեկ Բավեյանը շատ լավ է հիշում իր սեպտեմբերի 1-ը. «Մանկապարտեզն ավարտելու կապակցությամբ մեծ հանդես էինք կազմակերպել, «կինտոների» պարն էինք պարում. թաշկինակը գցում էինք ու փորձում բերանով վերցնել: Ուրախացել էի, որ պետք է դպրոց գնամ: Հիշում եմ, սեպտեմբերի 1-ին շորտեր, սանդալներ ու սպիտակ վերնաշապիկ էինք հագել: Բնականաբար, գրենական պիտույքներս էլ նախապես էինք գնել»: Նարեկը հաճախել է Վեդու թիվ 1 միջն. դպրոցը եւ պատմեց, որ իր առաջին ուսուցչուհին ընկեր Անահիտն էր, ում նա շատ է սիրել: Նարեկը կեսկատակ-կեսլուրջ նշեց նաեւ, որ դպրոցական իր առաջին սերը հենց ուսուցչուհին էր. «Սեպտեմբերի 1-ին բոլորս շարվել էինք մեր դպրոցի առջեւի մեծ հրապարակում. հատուկ շրջանակներ էին արել, որպեսզի մենք ճիշտ շարքով կանգնեինք: Բայց չեմ հիշում, թե առաջին օրը դասարանում ում կողքին եմ նստել»:
Էդգար, «Արմենոիդս». «Փորձում էի աջ ձեռքով գրել սովորել»
«Հիշում եմ, սեպտեմբերի 1-ին, երբ դասարան գնացինք, շատ անհանգիստ էի: Անընդհատ շարժվում էի, ինձ թվում էր, թե երբ ուզեմ, կարող եմ վեր կենալ տեղիցս: Այդ օրը քեռիս էլ էր եկել ու ինձ ասում էր, որ խելոք նստեմ մինչեւ դասը վերջանա»,- պատմեց Էդգարը եւ ավելացրեց, որ սկզբում ցանկացել է գնալ Բելինսկու անվան դպրոց, սակայն այնտեղ նրան չեն ընդունել` պատճառաբանելով, որ ձախլիկ է: Ի վերջո, սեպտեմբերի 1-ին գնացել է Կիրովի անվան թիվ 12 միջն. դպրոց. «Սովորում էի ռուսական թեքումով դպրոցում, սակայն դասերիս հետ մեկտեղ փորձում էի նաեւ աջ ձեռքով գրել սովորել: Մեր դասարանում տարբեր ազգի երեխաներ կային, իսկ առաջին ուսուցչուհիս` Սվետլանա Նիկոլաեւնան, ազգությամբ հույն էր: Հիշում եմ նաեւ, որ մեր դասարանում մի գերազանցիկ աղջիկ կար, որին գրեթե բոլոր տղաները սիրահետում էին»: Էդգարը հիշեց նաեւ, որ «Առաջին քայլերի» համար լուսանկարվելու օրն ամբողջ դպրոցում հատուկ լուսանկարվելու օր էր հայտարարված: «Բոլորը հագել էին դպրոցական հատուկ համազգեստ: Այդ օրը ես էլ էի հագել, սակայն դպրոցական տարիներին եղել են այնպիսի օրեր, որ մոռացել եմ հատուկ համազգեստով դպրոց գնալ»,- եզրափակեց «Արմենոիդս» խմբի Էդգարը:
Արմինկա. «Այդ օրվանից արդեն 30 տարի է անցել»
Երգչուհին պատմեց, որ շատ աղոտ է հիշում իր առաջին սեպտեմբերի 1-ը, քանի որ այդ օրվանից արդեն 30 տարի է անցել. «Սեպտեմբերյան առաջին հագուստս մայրս Մոսկվայից էր բերել: Մայրս ուսուցչուհի էր, եւ ես մինչեւ դպրոց հաճախելս արդեն գրել-կարդալ գիտեի: Հիշում եմ, որ մեր տարիներին մեծ ժապավեններով էին մազերը հարդարում: Մի անգամ մայրս արտասահմանից վերադարձավ եւ ասաց, որ այնտեղ այդ մեծ ժապավենները ամրացնում են մազակալի վրա, որը ավելի գեղեցիկ է եւ չի ցավեցնում, ես էլ հետեւեցի նրա խորհրդին»: Արմինկան չկարողացավ ճշգրիտ հիշել, թե սեպտեմբերի 1-ին իր համադասարանցիներից ում կողքին է նստել. «Կամ Հրաչյայի, կամ Մխիթարի, չեմ հիշում, բայց միշտ առաջին նստարանին եմ նստել»: Երգչուհին նշեց նաեւ, որ դասարանում մի խումբ կար, որ մինչեւ այժմ էլ շատ մտերիմ են. «Վերջերս մեր դասարանով հավաքվել էինք, նշում էինք դպրոցն ավարտելու 20-ամյակը»: Նա մի հետաքրքիր դեպք էլ պատմեց իր դպրոցական տարիներից. «Հերթական անգամ մայրս արտասահմանից գրենական պիտույքներ էր բերել` գունավոր մատիտներ, հոտավետ ռետիններ: Դպրոցում մեր դասարանի տղաները չհավատացին, երբ ասացի, որ դրանք հոտավետ ռետիններ են, այլ ոչ կոնֆետեր: Երբ դասամիջոցից հետո դասարան մտա, տեսա այդ ռետինները «կիսահամտեսած» վիճակում են»,- ժպտալով պատմեց Արմինկան:
«Առաջին քայլերից» զուրկ
Արեւիկ Իսաջանյան
Տեքստը` «Ե՞ս Yes » ամսագրի
Լուսանկարները` «Ե՞ս Yes » ամսագրի եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: