Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Դե, դե, սիրելի հայտնիներ, այս անգամ հերթը մայրերինն է. այժմ ոչ թե դուք կպատմեք, թե ինչ նվերներ եք մատուցել նրանց, այլ հենց ձեր մայրերը “կբացահայտեն” դրանք: Տեսնենք ձեզանից ովքե՞ր են մոռացել ժամանակին նվեր պատրաստել: Չէ՞ որ “Ե՞ս Yes!”-ից ոչինչ թաքցնել հնարավոր չէ: Վերգինե Նահապետյան Տիկին Վերգինեն բավական հայտնի մայրիկ է: Նա մեր շոու-բիզնեսին միանգամից երեք երեխա է տվել:)` Սիլվա, Մանե եւ Էդգար Հակոբյաններին: Շոու-բիզնեսի վաստակավոր մայրը` տիկին Վերգինեն, մեզ պատմեց, թե մայրության եւ գեղեցկության տոների կապակցությամբ ինչ են նվիրել երեխաները դեռ փոքր տարիքից: “Երեխաներս գրեթե միշտ միասին են նվերներ պատրաստում. փոքր տարիքում Մանես միշտ բանաստեղծություններ էր գրում, տղաս ձնծաղիկ էր հավաքում (հավանաբար Սիլվան էլ երգել է-հեղ.): Շատ գեղեցիկ զարդերի հավաքածու ունեմ, որ երեխաներս են նվիրել. այն շատ եմ հավանում եւ միշտ օգտագործում եմ: Անցած տարի էլ Սիլվաս մի մեծ անակնկալ մատուցեց ինձ. կեսգիշերին մոտ տորթ նվիրեց` վրան գրված` “Մայրիկին”: Ընդհանրապես, այդ օրը երեխաներիցս միշտ զարդեր, ծաղիկներ, օծանելիք եւ տորթ եմ նվեր ստանում”,- պատմեց տիկին Վերգինեն: Էմմա Հովհաննիսյան Տիկին Էմման հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի մայրն է, ով աշխատում է ԿԳ նախարարությունում` որպես կրթության պետական տեսուչ: Տիկին Էմմայի հետ զրուցեցինք ու փորձեցինք ճշտել, թե Նազենին իր մայրիկի համար ինչ նվերներ է նախընտրում. “Այս տարի Նազենիս ինձ ծաղկամանով էխմեա կոչվող հողի ծաղիկ նվիրեց: Այս նվերը տարբերվում էր նախկիններից. նրանից միշտ հագուստ, կոշիկ եւ զարդեր եմ նվեր ստացել. զարդեղեն շատ է նվիրում, ինքն էլ սիրում է զարդեր եւ այդ առումով ինձ է նման”,- ակնհայտ ոգեւորությամբ խոստովանեց Նազենիի մայրը: Տեղեկացանք նաեւ, որ Նազենին ոչ մի առիթ բաց չի թողնում մայրիկին անակնկալ մատուցելու համար. “Իր բացակայության պայմաններում նույնպես չի մոռանում ապահովել իր ներկայությունը: Եթե տվյալ օրը երկրում կամ քաղաքում չէ, անպայման զանգահարում եւ ասում է` նվերդ այսինչ դարակի այսինչ տեղում է. շատ ուշադիր է եւ ամեն ինչի մասին նախապես է հոգում, երբեք ոչինչ նույն օրվան չի թողնի”: Պարզվում է` Նազենին դեռ փոքրուց էլ շատ խնայող է եղել: “Միշտ գումար է հավաքել, բայց դրանք երբեք չի ծախսել ինձ համար նվերներ գնելու վրա, որովհետեւ գիտակցել է, որ դա իր վաստակածը չէ: Բայց դրա փոխարեն բացիկներ է պատրաստել, իրեն հատուկ ձեւով նկարել եւ բարեմաղթանքներ է գրել,- պատմեց տիկին Էմման` հավելելով,- Նազենին իմ ամենամեծ նվերն է. նա իր ողջ պոտենցիալը դեռ չի բացահայտել, իսկ որպես դուստր` նա իրեն լրիվ բացահայտել է”: Սուսաննա Բուդաղյան Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի մայրը` տիկին Սուսաննան ասաց, որ իր աղջիկը շատ ուշադիր է: “Տոներից մեկ ամիս առաջ սկսում է անհանգստանալ, միշտ փորձում է ինչ-որ նոր բան անել, այդ իսկ պատճառով անընդհատ տարօրինակ հարցեր է տալիս”,- անկեղծորեն նկատեց Մարիաննայի մայրը: Ըստ նրա` դեռ մանկուց երեխաներին այնպես է դաստիարակել, ըստ որի` աղջիկն աղջկան նվերներ չպետք է տա, դա տղաների պարտականությունն է: Սակայն Մարիաննան կարծես դա ականջին օղ չի արել:) Պարզվում է` երգչուհին մոր նվերը հաճախ նաեւ տոների ավարտին է տալիս, որպեսզի տեսնի, թե ինչ են նվիրում հայրն ու եղբայրը: Իսկ նվերը կարող է նույնիսկ խիստ մասնագիտական լինել` համերգի տեսքով` տանը:), որի գաղափարը ծնվել է շատ վաղուց: “Մի անգամ, երբ Մարիաննան 6-7 տարեկան էր, հեռուստաեթերով Ուիթնի Հյուսթոնն էր երգում, ես էլ ասացի, որ ինձ համար ամենալավ նվերը կլինի այն, որ նա ինձ համար Հյուսթոն երգի: Դրանից հետո ամեն տարի նա ինձ համար փոքրիկ համերգ է կազմակերպում եւ մի քանի երգ կատարում”,- պատմեց տիկին Սուսաննան: Նարինե Սարգսյան “Կանանց միամսյակի կապակցությամբ նա ինձ միշտ ոսկեղեն կամ այլ զարդեր է նվիրել: Բայց, քանի որ յոթ տարի Հայաստանում չի եղել, դրանք ժամանակ առ ժամանակ է նվիրել”,-ասաց մասնագիտությամբ բանասեր, ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի մայրը` տիկին Նարինեն: Նրա խոսքերով` այս տարի Էդգարը Սվարովսկի քարերով թեւնոց է նվիրել: “Միշտ տոների առավոտյան ցույց է տալիս, իբր չի հիշում, թե ինչ օր է: Հետո անակնկալ է մատուցում”,- ժպտալով պատմեց սիրված ֆուտբոլիստի մայրը: Սակայն պարզվում է, որ դա իրականության հետ որոշ կապ ունի. ըստ տիկին Նարինեի` Էդգարը շատ մոռացկոտ է, ինչի պատճառով էլ հեռախոսի մեջ միշտ նշում է կարեւորագույն օրերն ու տոները: “Հիշում եմ, Էդգարը 12 տարեկան էր եւ իր առաջին գումարն էր վաստակել` ընդամենը 1000 դրամ: Այդ գումարով նա ձնծաղիկներ էր գնել իմ եւ դպրոցի ուսուցիչների համար”,- հավելեց Էդգարի մայրը` տիկին Նարինեն: Գայանե Մանուկյան Ինգա եւ Անուշ Արշակյանների` մասնագիտությամբ մանկավարժ մայրը` տիկին Գայանեն, ասաց, որ վերջին տարիներին աղջիկներից հիմնականում ներկայացման տոմսեր է նվեր ստանում, ինչպես նաեւ` արծաթյա զարդեր, հագուստ եւ ծաղիկներ: “Եթե երկրում են լինում, նվերը մատուցում են հենց մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին: Բայց ինձ համար միշտ էլ ամենալավ նվերը նրանց նոր գործերն են, որոնք նախապես լսում ենք ողջ ընտանիքով. ինձ համար դա եւ մարտի 8 է, եւ ապրիլի 7”,- հպարտությամբ նշեց տիկին Գայանեն: Իսկ արդյոք Անուշն ու Ինգան նվերը միասին են պատրաստում. մեր հարցին ի պատասխան` տիկին Գայանեն նկատեց. “Այս տարի Ինգուլս արծաթյա զարդեր է նվիրել, իսկ Անուշը հագուստ եւ Նարեկ Դուրյանի “Մորաքույրը Փարիզից” ներկայացման տոմսեր”: Տիկին Գայանեն պատմեց նաեւ, որ Ինգան փոքր ժամանակ մի անգամ իրեն տուփով մորեխ է նվիրել. “Մի անկենդան, կարելի է ասել, սատկած մորեխ էր, չգիտեմ էլ որտեղից էր գտել:) Իսկ Անուշը մանուկ տարիքում միշտ բանաստեղծություններ էր գրում ու բացիկի տեսքով նվիրում”,- ժպիտով վերհիշեց Անուշի եւ Ինգայի մայրը: Ալինա Սարգսյան Հայաստանի շախմատի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը երկրից կամ քաղաքից հաճախ բացակայելու պատճառով չի կարողանում անձամբ շնորհավորել մասնագիտությամբ մանկավարժ տիկին Ալինային: “Գաբրիելս շատ քիչ է երկրում, քաղաքում լինում, դրա համար էլ միշտ զանգելով է շնորհավորում”,- մի քիչ տխրելով ասաց տիկին Ալինան: Սակայն չնայած դրան` Գաբրիելը չի մոռանում այլ երկրներից նվերներ բերել: “Երբ վերադառնում է, հիմնականում օծանելիք եւ շոկոլադ է բերում”,- նշեց շախմատիստի մայրը: Ըստ նրա` Գաբրիելը նվերները շատ համեստ ձեւով է մատուցում. “Երբ քույրերի համար շոկոլադ է բերում, միշտ ասում է, այնտեղ դրված է, կարող ես վերցնել”: Վերջերս էլ տիկին Ալինան որդու կողմից նաեւ մի լավ արդուկ է նվեր ստացել. “Գաբրիելը հասկացել էր, որ իմ արդուկն այնքան էլ լավ վիճակում չէ եւ իր հետ Գերմանիայից արդուկ էր բերել, որը շատ որակյալ է”: Մամ ջան, տոնդ շնորհավո°ր. Արեւիկ Իսաջանյան Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: