“Իէն Գիլանը հայերենով ցավդ տանեմ ասաց” Լեգենդար “Deep Purple” ռոք-խմբի վոկալիստ Իէն Գիլանի “Holy Water” երգում, որի կիթառի պարտիաները կատարում են Թոնի Այոմին, Սթիվ Մորիսը եւ Մայքլ Լի Ջեքսոնը, հայկական դուդուկ է հնչում: Դուդուկի պարտիան կատարել է Արշակ Սահակյանը, իսկ գործիքավորումը` Արա Գեւորգյանը: “Holy Water”-ը կթողարկվի “WhoCares” խմբի սինգլում մայիսի 6-ին: Վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Դպրոցի վերակառուցման գործընթացն իրականացվում է Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից` Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Մինչ “Holy Water”-ը կթողարկվի, Bravo.am-ը հանդիպել է Արա Գեւորգյանի հետ, երաժշտի ստուդիայում Իէն Գիլանի` 21 տարի առաջ Երեւանում կայացած համերգի տեսանյութը դիտել ու ռոք-աստղի հայաստանյան այցի հետաքրքիր մանրամասներն իմացել: Արան նաեւ “Deep Purple”-ի վոկալիստի հետ իր վերջին համագործակցությունից է խոսել: Երաժիշտ, երգահան եւ երաժշտական պրոդյուսերը պատմելու այնքան բան ուներ... Ինչպե՞ս են ընկերացել ու միասին հարբել Իէն Գիլանն ու հայ ռոքերները:), ամենավառ հիշողություններով կիսվում է Արա Գեւորգյանը: “Ռալլի”-ն դիմավորեց ռոքի աստղին Իէն Գիլանը մեր սերնդի երաժիշտների համար կուռք է համարվում: 1990 թվականին, երբ նա առաջին անգամ եկավ Հայաստան, մեր “Ռալլի” նվագախմբով ցանկացանք գնալ օդանավակայան, տեսնել նրան, ձեռքը սեղմել, որովհետեւ դրանից հետո , երեւի, էլ առիթ չէինք ունենա: Դիմավորեցինք, ձեռքսեղմումը տեղի ունեցավ, նկարվեցինք, ստորագրություն վերցրինք:): Հետո պարզվեց, որ իրեն Հայաստան հրավիրողը մեր շատ մտերիմ ընկեր Վահան Կարապետյանն է, եւ նրան խնդրեցինք թույլ տալ Գիլանենց հյուրասիրել, որպեսզի շփվելու առիթ ստեղծվի: Հյուրերին առաջարկեցինք այլ ռեստորանում ընթրել, համաձայնեցին:): Մեր հանդիպումը կայացավ, համեղ կերանք, խմեցինք, այդ ժամանակ էլ Իէն Գիլանը առաջին անգամ արտասանեց “ցավդ տանեմ” բառերը: Բնականաբար, մենք սկսեցինք մեր ինքնության մասին խոսել, որ առաջին քրիստոնյան ենք: Իէն Գիլանն էլ ասաց, որ ծնվել եւ աշխատում է ամբողջ աշխարհի համար: Ռոքերներին դուդուկը հուզել է Ռեստորանում նվագում էր դուդուկահար Սեդրակ Հովհաննիսյանը: Խնդրեցի` անպայման որեւէ գործ հնչեցնի, որ Իէն Գիլանը լսի մեր ազգային գործիքը: Սեդրակը կատարեց “Ձայն տուր, ով Ծովակ”-ը, եւ ես տեսա` ինչպես են հուզվել ու արտասվում այս երաժիշտները: Իէն Գիլանը խնդրեց, որ իր համերգին դուդուկահար նվագի: Մինչ այդ մեր հյուրերը դուդուկին ծանոթ չեն եղել, դրա համար իրենց հուզմունքը շատ ցայտուն էր: Այդպես ընկերացանք: Պատկերացրեք, որ հաջորդ օրն Իէն Գիլանն ինձ հիշեցրեց դուդուկի մասին: Իսկ ինձ թվացել էր, թե նա առաջին օրվա խնջույքի ժամանակ պարզապես էր ասել այդ ամենը: Երկրորդ անգամ, որ պնդեց, արդեն լուրջ ընդունեցի ու զանգահարեցի Արսեն Գրիգորյանին: Դուդուկահարին հարցրի` “Արսեն ջան, հայկական տարազ ունե՞ս, վերցրու ու շտապ արի Մարզահամերգային համալիր”: Պատասխանը դրական էր: Արսենը, չիմանալով պատճառը, դուդուկն ու տարազը վերցրեց ու շտապ եկավ, ասացի` լավ առիթ կա. աշխարհահռչակ երաժշտի հետ է նվագելու: Արա Գեւորգյանի մարմնով դող անցավ Փորձերի ժամանակ Իէն Գիլանի հետ եկած ստեղնահարին բացատրեցի, որ անհրաժեշտ է պարզապես մեկ նոտա պահել, եւ Արսենը ամեն ինչ կնվագի: Բայց Թոմին սկսեց այլ կերպ նվագակցել, ես էլ բարձրացա բեմ եւ ասացի` “Թոմի ջան, եթե ուզում ես նվագակցել դուդուկին ճոխ ակորդներով, ցույց կտամ` ինչ է պետք նվագել”: Երբ ձեռքերս դրեցի սինթեզատորի վրա, նա ուրախացավ, ասաց` ես նվագեմ, ինքն էլ մյուս սինթեզատորը կնվագի: Մարմնովս դող անցավ. Իէն Գիլանի հետ նո՞ւյն բեմահարթակում:): Նվագեցինք Գիլանի` Գյումրիի եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երգի նախաբանը: Մեր ռոք-խմբի տղաները իրենց ընկերուհիներով նստած էին դահլիճում, ոչ ոքի չէի ասել, որ նվագելու եմ: Հայտարարվում է նաեւ իմ անունը, եւ Արսենի հետ բարձրանում եմ բեմահարթակ: Շատ տպավորիչ կատարում ստացվեց: Չէի պատկերացնում նաեւ հանդիսատեսի արձագանքը, որովհետեւ մարդիկ, ովքեր Իէն Գիլանի երկրպագուներն են, եկել էին “Deep Purple”-ի ծրագիրը լսելու: Ի դեպ, Արսենին զգուշացրել էի` “Արսեն ջան, արի երկար չնվագենք, ընդամենը մի կարճ հատված”: Նույնիսկ պայմանավորվել էիքն, եթե ֆանատներն ասեն` “այ ախպեր, դուդուկդ քաշի այն կողմ”, հանկարծ չպատասխանի, իր հատվածը սիրուն նվագի եւ բեմից իջնենք: Մտքովս չէր անցնում, որ չծխելու գոտի հայտարարված Մարզահամերգային համալիրում հանկարծ կվառվեն մոմեր, կրակներ, ջահեր… Համալիրն այդպես լսում էր մեր կատարմամբ դուդուկի հատվածը: Իէն Գիլանին հանդիսատեսը հրաշալի ընդունեց: Համերգի ժամանակ նա ընկավ առջեւում կանգնած ֆանատների վրա, երբ կրկին բեմահարթակին էր, բաճկոնակին ամրացված մեդալն այլեւս չկար, ոչ էլ` կոճակները: Ով վերցրել է մեդալը, թող արձագանքի:): Իէն Գիլանին թատրոն տարան:) Այն հինգ օրը, որ Իէն Գիլանը գտնվում էր Երեւանում, միասին ենք եղել: Կենացներ, անեկդոտներ, պատմություններ… շատ հաճելի շփում էր, մենք էլ մեր երաժշտությունն էինք իրենց ցուցադրում: Ռեստորանում էինք, հեռախոսազանգ ստացա. Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն էր: Խնդրեց, որ Գիլանին իր խմբի հետ թատրոն տանենք, իրենք էլ ծանոթանան: Պատասխանեցի` “Ար ջան, ոչ մի խնդիր չունենք, մեր հյուրն է, քեֆներս արդեն լավ է, հարբած ենք եւ հյուրանոց տանելու փոխարեն կգանք այդտեղ”: Կեսգիշերին գնացինք թատրոն եւ մի գժանոց սկսվեց:): Ներկա էին Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, շատ-շատ երաժիշտներ, դերասաններ: Մինչեւ լուսաբաց Գիլանը երգեց, մենք նվագեցինք, իրար հետ “Smoke On the Water” երգեցինք: Ի դեպ, Իէն Գիլանին խորհուրդ էին տվել կնոջը Հայաստան չբերել` մեզ վայրենի ժողովուրդ ներկայացնելով: Իսկ ավանդույթի համաձայն` նա իր այցելած երկրում հարսանիք է անում: Ասաց, որ փոշմանել է կնոջը չբերելու համար: Օրինակ, Թբիլիսիում պսակադրվել են: Երաժշտությանը սիրահարվածները Այն ժամանակ, երբ մենք սիրահարված էինք համաշխարհային երգիչներին, աստղերին եւ երկրպագում էինք խորհրդային փակ երկրից, դժվար էր գուշակել, որ երբեւէ կարող ենք նրանց մեր կողքին տեսնել, իրենց միջավայրում գտնվել կամ կենդանի ելույթը լսել: Կապը միայն նկարների եւ ձայնասկավառակների միջոցով էր: Եթե այն ժամանակ կարող էինք միայն երազել, հիմա Երեւանում հաճախ ենք տեսնում հայտնի երգիչներին, շփվում, կենդանի ելույթներն ունկնդրում: “Deep Purple”-ի` 2010-ին կայացած համերգին ներկա էր նաեւ որդիս: Փոքրիկ Դավիթն ինքնուս թմբկահար է, նվագում է “Ռազմիկ եւ ընկերներ” խմբում եւ Հայաստանի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբում, իմ համերգների ժամանակ էլ երկրորդ թմբկահարն է եւ ամեն բաժնում մեկ ստեղծագործություն նվագելու իրավունք ունի: Նա “Deep Purple”-ի թմբկահար Իէն Փեյսից խորհուրդներ ստացավ: Պլանավորել էինք, որ որդիս պետք է նվագի ռոք-խմբի հետ, ինչպես նվագեց Սուրեն Առուստամյանը, բայց Իէն Փեյսի հարվածային գործիքները ձախ են շարվում. ձախլիկ երաժիշտ է: Դավիթը ելույթ չունեցավ, այլ բեմահարթակին նստած նայում էր` ինչպես է նվագում անվանի թմբկահարը: “Holy Water”` հայկական կոլորիտով Իէն Գիլանը ցանկացավ` իր ստեղծագործություններից “Holy Water ”-ը /“Սուրբ ջուր”-ը/ հայկական կոլորիտ ունենա: Առաջարկեցի դուդուկ օգտագործել, համաձայնեց: Ինձ համար մեծ պատիվ էր, ուրախությամբ համաձայնեցի գործիքավորել: Կանչեցի դուդուկահար Արշակ Սահակյանին, եւ մենք սկսեցինք աշխատել այդ ստեղծագործության վրա: Երգը հայկական երանգներ ստացավ: Գիլանն արված աշխատանքը հրաշալի որակեց, այնուհետեւ նրանցից նամակ ստացա, թե ցանկանում են վճարել դրա դիմաց: Պատասխանեցի հետեւյալը` “Հաշվի առնելով քսան տարի առաջ սկսված մեր ընկերությունը եւ այն, որ այս երգի վաճառքով օգնելու եք երկրաշարժի գոտում երաժշտական դպրոց վերականգնել, ես պատրաստ եմ ձեզ հետ համագործակցել մինչեւ կյանքիս վերջ եւ դա անել անվճար”: Խաղաղության կոչ է անում “Խաղաղության տուրը”, որով ես աշխարհի տարբեր երկրներում մարդկությանը խաղաղության կոչ եմ անում, շարունակվում է: Ինձ են միացել հնդիկ, արաբ, մոլդավացի, ռուս, վենեսուելացի, լիբանանցի, ամերիկացի երաժիշտներ, երգիչներ: Մայիսի 7-ին ելույթ կունենանք Մոնրեալի, իսկ 18-ին Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Ի դեպ, ասեմ, որ 2002 թվականին այդ երկրու քաղաքում էլ համերգ ունեցել եմ, երկրորդ անգամ եմ գնում արդեն նոր ծրագրով: Հուսով եմ` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում սեպտեմբերին համերգ կտամ, տարբեր ազգերի երգիչ-երգչուհիներ նույնպես կհրավիրվեն ու կմասնակցեն, եթե` ոչ, հնարավոր է` օգոստոսին Մարզահամերգային համալիրում համերգ տանք: Դա ցանկություն է, եթե օգնող ձեռք կլինի: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: