«Հայկական հեռուստաալիքներին վաղուց չեմ հետեւում...» Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանն այժմ Ռուսաստանում է` Մոսկվայում: Արմանն աշխատում է առաջին ռուսալեզու հայկական ալիքում` TV ARM RU-ում: Bravo.am-ի հետ զրույցում Արմանը խոսեց իր աշխատանքի ու հեռուստատեսության մասին::) - Ինչպե՞ս եղավ մուտքդ հեռուստատեսություն: - Շատ պարզ: Մայրս` Նաիրա Շահիրյանը, վարում էր «Բարի գիշեր, երեխաներ» ծրագիրը եւ մութ ու ցուրտ տարիներին միշտ ինձ տանում էր նկարահանումների: Շատ եմ կանգնել ու ցրտին սպասել 48 համարի ավտոբուսին, դրա համար էլ հեռուստատեսությունը դեռ այդ ժամանակվանից մանկական տրամվայ էր ինձ համար դարձել: Հետո` 7-8-րդ դասարաններում ընկերոջս հետ նախագծեր էինք գրում, դասերից փախչում ու փորձում էինք ինչ-որ ալիքի տնօրենի հետ հանդիպել, մեր մշակած ծրագրերը ներկայացնել, բայց դա չէր ստացվում: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի առաջին կուրսում էի, երբ թատերագետներից Զառա անունով մի աղջիկ առաջարկեց Հ2-ում իր հետ ծրագիր վարել: «Սիրո խարույկ» էր այդ ծրագիրը կոչվում, որն էլ եղավ իմ առաջին հաղորդումը::) - Իսկ հետո՞: - Հետո TV5-ում Ալֆրեդի սենյակը վարեցի, ապա «Նոր Ալիքով» «Ռուբիկոնը» եւ այլն... - Հե՞շտ էր ուղիղ եթերում աշխատելը: - Երբ սկսեցի «Ռուբիկոնը» վարել, ինձ շատ օգնեցին հաղորդման ռեժիսոր Մուշեղը եւ խմբագիր Մերին: Ամեն եթերից հետո մենք շատ երկար քննարկում էինք` ինչն էր լավ եւ ինչն էր վատ: - Ի՞նչ խորհուրդներ էին քեզ տալիս մայրդ եւ տատիկդ`Էվելինա Շահիրյանը: - Նույն պատմությունը կրկնվում էր տանը: Երբ եթերից տուն էի գնում, նրանց հետ էինք սկսում քննարկել... Նրանք միշտ եղել են իմ ամենախիստ քննադատները, ինչը, բնականաբար, շատ է օգնել ինձ:): - Ի՞նչ տվեց քեզ հայկական հեռուստատեսությունը: - Իհարկե, շատ բան տվեց, բայց նաեւ շատ բաներից զրկեց. այն ժամանակ, երբ նոր էի մտել հեռուստատեսություն, ռոք-խումբ ունեի, նվագում էի, երգեր էինք գրում: Բայց հեռուստատեսությունն իմ ամբողջ ժամանակն ուտում էր. սկսեցինք էլ չնվագել: Եթե հեռուստատեսությունը չլիներ, հաստատ երաժիշտ կդառնայի, բայց հիմա էլ ուշ չի: Օրինակ, հենց այս օրերին մի երգ եմ ձայնագրում: Բլյուզի մեջ է, եթե դուրս գա, հաստատ տեսահոլովակ կնկարեմ:): - Ո՞ր ժանրում ես քեզ գտնում` լրատվակա՞ն, ժամանցայի՞ն... - Լրատվականն ընդհանրապես իմը չէ: Ճիշտ է, որոշ ժամանակ «Նոր ալիքով» վարել եմ մշակութային նորություններ, բայց դա տանջանք էր ինձ համար: Չեմ սիրում գրված տեքստի հետ աշխատել` անհետաքրքիր է, ուղղակի դառնում ես խոսացող գլուխ: Բնականաբար, ժամանցայինն ավելի հետաքրքիր է, բայց պետք չէ ժամանցայինը խառնել դատարկության հետ... Ամեն դեպքում, հաղորդավարը պետք է ինֆորմացիա տա: - Հիմա աշխատում ես TV ARM RU-ում, հաղորդումներ վարում ու հանդիսանում ալիքի երաժշտական պրոդյուսերը: Իսկ հայկական հեռուստաալիքներին հետեւու՞մ ես: - Հայկական հեռուստաալիքներին վաղուց չեմ հետեւում, որովհետեւ հետեւելու բան չկա... Ինչի՞ն հետեւեմ: Աշոտ Ղազարյանի, թե ՞ “32” ակումբի «հաղորդումներին»: Սպանել են հայկական հեռուստաալիքները, խանութ է դարձել, որ ապրանքը շատ է վաճառվում, դա էլ դնում են տաղավարներում: Լավ չի... - Ըստ քեզ, ինչպե՞ս պետք է պայքարել «շուկայական հարաբերությունների» դեմ: - Պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ: Լուծումը միակն է. մի պահ մոռանանք, որ հեռուստատեսությունը բիզնես է: Մի քիչ այլ տեսանկյունից նայենք դրան, ու մեր ազգի (առանց այն էլ անճաշակ) ճաշակը ավելի չփչացնենք: Բայց, ինչպես տեսնում եմ, դա ոչ մեկին պետք չի. պետք է փող աշխատել: - Իսկ ի՞նչ կասես հաղորդումների կրկնօրինակումների մասին: - Ռուսական ծրագրերն էլ հիմնականում արտասահմանյան հաղորդումների կրկնօրինակումներն են: Վատ բան չեմ ասի, եթե ամեն ինչ ճիշտ ու ճաշակով է արվում, թող արվի, ինչո՞ւ ոչ… - Կա՞ մեկը, ով քեզ համար լավ օրինակ է հեռուստաեթերում: - Լարի Քինգը: Ափսոս, որ նրա շոուն փակվեց... - Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի վերաբերյալ: - Ապագայի մասին բան չեմ կարող ասել: Մոսկվան անկանխատեսելի երեւույթ է: Կարող է վաղը դառնամ օլիգարխ, կարող է ետ գամ Երեւան, ինչը ցանկալի չէ: Ինչ իմանամ... :) - Ե՞րբ ես վերջին անգամ եղել Երեւանում, ե՞րբ էլի կգաս Հայաստան: - Երեւանում վերջին անգամ եղել եմ հունիսի 5-ին: Մեծ ռոք-փառատոն էր, հրավիրել էին այն վարելու, շատ լավ անցավ: Շատ ուրախալի է, որ լավ երաժշտությունը սկսել է մեծ մասսայականություն վայելել: Սեպտեմբերի 18-ին գալու եմ Ջերմուկ` 3-օրանոց մեծ ռոք-փառատոն է լինելու: - Իսկ անձնականից ի՞նչ կասես: Որդիդ քե՞զ մոտ է բնակվում: - Անձնականից եթե խոսեմ, կդադարի անձնական լինել... Որդիս բնակվում է Երեւանում` իր մոր մոտ: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Արման Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: