Հայերի ֆեշն մոլուցքն ու մինիմալիստական շիկը Եվրոպայում, ԱՄՆ-ում, առհասարակ, աշխարհում դիզայներները, հայկական մշակույթից ազդված, օրինակ, Փարաջանովի աշխատանքների մոտիվներով հավաքածուներ են ստեղծում: Արդեն ձեւավորվում է նաեւ հայկական ժամանակակից նորաձեւության դիմագիծը: Հայկական նորաձեւության կայացմանն ու առաջխաղացմանը օժանդակում է 2005 թվականին ստեղծված Նորաձեւության հայկական խորհուրդը, որն այսօր դարձել է Եվրոպական նորաձեւության խորհրդի անդամ եւ հայկականը պաշտոնապես ներկայացնելու է աշխարհին:): Խորհրդի հիմնադիրները ոլորտի կրքոտ սիրահար մասնագետներ են, որոնք ղեկավարում են նաեւ “Infashion Marketing” խորհրդատվական կազմակերպությունը: Այն նորաձեւության` որպես բիզնես միավորի զարգացմամբ է զբաղվում եւ դիզայներներին աջակցում: Bravo.am-ը հայկական նորաձեւության անցյալը, ներկան ու ապագայի միտումներն է քննարկել Նորաձեւության հայկական խորհրդի փոխնախագահ, “Infashion Marketing”-ի տնօրեն, ֆեյշն-մարկետոլոգ Արմինե Թադեւոսյանի հետ: - Մինչ Խորհրդի հիմնադրումը` նորաձեւության ոլորտը ներկայացնող որեւէ կառույց Հայաստանում չկա՞ր: - Խորհրդային Միության փլուզումից հետո, դե գիտեք, երբ կենտրոնացված արտադրություն էր, գործարանները սկսեցին աշխատել դրսի պատվերներով եւ համարյա ոչ ոք իր ապրանքանիշով` բրենդով, իր դիզայնով տեսականի չէր արտադրում: Դա խնդիր էր. Եւ Հայաստանը մրցունակ չէր մասնավորապես Չինաստանի, Աֆրիկայի, Վիետնամի համեմատ: Որոշեցինք, որ նորաձեւության ինդուստրիայի ձեւավորման ժամանակն է. մենք պետք է ունենանք մեր արտադրանքը` հայկական դիզայնով եւ ապրանքանիշով: - Ո՞րն էր նորաձեւության հայկական աշխարհում ձեր կատարած առաջին քայլը: - Սկսնակ դիզայներներ կային, որ սկսել էին գործունեություն ծավալել: Եվ 2005 թվականի գարնանը “Pret-a-Porter EVN” նորաձեւության շաբաթն իրականացրինք` USAID-ի Փոքր եւ Միջին Ձեռնարկությունների զարգացման ծրագրի շրջանակներում: Արեւիկ Սիմոնյանն էլ առաջինն էր, ով մասնակցեց նախագծին: 60-ականների ոճի հավաքածու ներկայացրեց` պոպ-արտ թեմատիկայով, նաեւ ներկայացրեցինք մի ներքնազգեստի հավաքածու : Դա “ստարտն” էր: - “Pret-a-Porter Երեւան”-ն ի՞նչ արդյունք տվեց: - Ցանկանում էինք դիզայներներին ցույց տալ, որ նման շոուները կնպաստեն շուկայի ստեղծմանն ու վաճառքների աճին: Ու այդպես էլ եղավ. նույն թվականի աշնանը ներգրավեցինք ավելի մեծ թվով դիզայներների, այդ թվում` Լիլիթ Մարգարյանին, “ATEX” նորաձեւության կենտրոնը, Արամ Նիկոլյանին … 12 դիզայներներ մասնակցեցին նախագծին` ներկայանալով առանձին պոդիումային ցուցադրություններով եւ տաղավարներով: “Pret-a-Porter EVN”-ի հաջորդ շոուն մեկ տարի հետո էր, մասնակից դիզայներների թիվը` էլ ավելի մեծ: Ներգրավել էինք նաեւ սփյուռքահայ մոդելավովողների, սկսնակների, շրջանավարտների: Միջոցառումն ինքնանպատակ չէր, ողջ ընթացքում` ցուցադրությունից ցուցադրություն, Նորաձեւության հայկական խորհուրդը շատ մեծ աշխատանք էր տանում. դասընթացներ, բիզնես պլանավորման, շուկայի ստեղծմանն ուղղված ծրագրեր` USAID-ի ու Եվրոպական բանկի փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի հովանավորությամբ: - Ամենամյա դարձած այդ նախագիծը ներկայում չի իրականացվում, պատճա՞ռը: - Դիզայներների մեծ մասը հավաքածու ստեղծելու հնարավորություն դեռեւս չունի: Շատ քիչ թվով նկարիչ-մոդելավորողներ կան, ովքեր ի վիճակի են սեզոնային, կոմերցիոն նոր հավաքածու ստեղծել: Դա խնդիր է: Հավանաբար եկող տարվանից մեր նոր նախագծերի շրջանակներում նորաձեւության շաբաթի իրականացումը կվերսկսենք, նամանավանդ, որ ավելի շատ նոր անդամներ ունենք, սփյուռքում նույնպես: - “Fashion Week” կազմակերպելն ի՞նչ նրբություններ ունի: - Շատերը շոուի բաղձանքներով միջոցառում են կազմակերպում, անունն էլ դնում նորաձեւության շաբաթ: Իսկ իրականում այն ընդամենը միջոց է, գործիք, որ նպաստում է այդ նույն դիզայներների համար շուկա բացելուն: Իհարկե, անհատ դիզայներներ ունենք, որ իրենց շոուները շարունակեցին այս ընթացքում, մենք էլ մեր մասնակցությունն ունեցանք դրանցում: Ցուցադրումները կազմակերպելուց բացի, պետք է ճիշտ մեխանիզմներ առաջարկել. օրինակ` Ռուսական “Fashion Consulting Group”-ը հանրաճանաչ լրագրողներ բերեց, ովքեր մեր դիզայներների PR-ն իրականացրին Ռուսաստանում: Դրանից հետո երկու հոգի` Արեւիկ Սիմոնյանն ու Նուռը, մասնակցեցին ռուսաստանյան նորաձեւության շաբաթին: Այս պահի դրությամբ մեր նպատակն է փորձել ինտեգրվել եվրոպական եւ արտասահմանյան շուկաներին: - Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ինտեգրվելու համար: - Այս տարվա օգոստոսին Նորաձեւության հայկական խորհուրդը դարձել է Եվրոպական նորաձեւության խորհրդի անդամ եւ հայկական նորաձեւությունը էքսկլյուզիվ ներկայացնելու է Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների առջեւ: Մոտ երկու շաբաթ առաջ Բուխարեստում ներկա գտնվեցի կազմակերպության գլխավոր ասամբլեային: Չորս-հինգ տարվա կտրվածքով եվրոպական նորաձեւության զարգացման հսկայական ծրագրեր ունեն: Մեկը եվրոպական նորաձեւության շաբաթն է, որին կմասնակցեն անդամ երկրների լավագույն դիզայներները: Ոլորտի զարգացման մրցութային ծրագրեր էլ կան, որոնք կներգրավեն կրթական ինստիտուտները: Մենք ավելի շատ հակված ենք նման կառույցներին անդամակցելուն եւ դաշտն ընդլայնելուն, որ նույն դիզայներների մոտիվացիան Հայաստանում աճի: - Եվրոպայի նորաձեւության խորհրդի կազմում ձեր իրականացնելիք առաջին ծրագիրը ո՞րն է լինելու: - Շատ ծրագրեր ունեն` կրթական, համագործակցության… Եվրոպական նորաձեւության խորհրդի առաջնային ծրագիրն է յուրաքանչյուր երկրում նպաստել նույն նորաձեւության շաբաթների զարգացմանը, արտադրության ստանդարտավորմանը, միասնական մեդիա դաշտի ձեւավորմանը: Եթե մեր դիզայներները չկարողանան ստեղծել մրցունակ, եվրոպական չափանիշներին, որակներին համապատասխան տեսականի, մեզ շատ դժվար կլինի շարունակել համագործակցությունը , դրա համար մենք հիմա ընթացիկ խորհրդատվական ծրագրեր էլ ենք անում: - Նորաձեւության հայկական խորհուրդը ոլորտին վերաբերող մեծ գրադարան ունի, դասընթացներ, սեմինարներ եք կազմակերպում: Ովքե՞ր են դրանք վարում, եւ ի՞նչ թեմաներ են շոշափվում: - Ասեմ, որ Խորհրդի ծրագրերում ներգրավում էինք որքան հնարավոր է շատ գործող եւ սկսնակ դիզայներների: Չենք անտեսել սկսնակներին, որ նորաձեւության ինդուստրիան ընդլայնվի, զարգանա: Նորաձեւության բրենդինգ, մարքեթինգ ենք դասավանդում, նորաձեւության միտումներ, 20-րդ դարի ֆեյշն-բիզնեսի պատմություն. այն առարկաները, որոնք չկան բուհերի ծրագրերում: Նպատակն է, որ դիզայներները, բացի արվեստով զբաղվելուց, բիզնես անեն. իրենց արտադրանքը կարողանան ստեղծել շուկայի պահանջներին համապատասխան: Ես եմ դասավանդում, մեր մասնագետները, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից մասնագետների էինք հրավիրում, ովքեր ֆեյշն մերչնդայզինգ, շուկայի սեգմենտացման հետ կապված դասընթացներ են վարում: Մի խոսքով, ծրագրերը փորձում ենք համապատասխանեցնել արեւմտյան ստանդարտներին. օգտվում էինք եվրոպական եւ ամերիկյան բուհերի նյութերից, ադապտացնում, ի վերջո, մեր ծրագիրն էլ մշակեցինք: Շրջանավարտների մեծ մասը սկսեց աշխատել մասնագիտությամբ, որոշներն էլ ստեղծեցին իրենց բիզնեսը: - “Infashion Marketing” խորհրդատվական կազմակերպությունը շուկայում ի՞նչ դերակատարում ունի: - Նորաձեւության` որպես բիզնես միավորի զարգացմամբ ենք զբաղվում, օգնում, որ նոր շուկաներ հայթայթվեն, որակյալ տեսականիներ արտադրվեն` եւ այսօրվա միտումներին, եւ հայկական իրականությանը համապատասխան, որ դա արվի գրագետ ձեւով, եւ, ի վերջո, վաճառքներն աճեն: Արեւիկ Սիմոնյանի հետ արդեն հինգ տարի է` աշխատում ենք: “Infashion մարկետինգ”-ը հանդիսանում է “Kivera Naynomis” բրենդի մարքեթինգի պատասխանատուն: Նինա Հովնանյանի հետ ենք աշխատում, արտահանմանը միտված ծրագրեր ունենք գործարանների հետ: - Բրիտանական խորհրդի նախաձեռնած “Նորաձեւության ճանապարհ. երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի հայաստանյան գործընկերն եք դարձել: Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում, Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ընդհանուր հավաքածու են ստեղծելու: Ձեր գործառույթը այս նախագծում ո՞րն է լինելու: - Մշակութային փոխհամագործակցության ծրագիր է: Այսինքն, հավասարակշռությունը պահպանում ենք` բացի բիզնես ծրագրերից ներգրավվելով մշակութային ուղղվածության նախագծերում: Օգնելու ենք նախ ընտրել այն դիզայներներին, ովքեր պետք է մասնակցեն ծրագրին: Նախագծի նպատակն է հայկական մշակույթն ու տարազը ներկայացնել արտասահմանցի դիզայներներին, ոգեշնչել մեր մշակույթով, մերոնց էլ ոգեշնչել իրենց մշակույթով, համատեղ հավաքածու ստեղծել, որը 2012 –ին կցուցադրվի Հայաստանում, այնուհետեւ` գործընկեր երկրներում: Մեր Խորհուրդը կօգնի մշակելու դասընթացների, սեմինարների փոխայցելությունների ծրագրերը, որոնք օգնելու ու ոգեշնչելու են մասնակից դիզայներներին ստեղծելու ամբողջական հավաքածուն: - Նախագծի յուրահատկությունը կնշե՞ս: - Հավաքածուն թիմային աշխատանքի արդյունք է լինելու: Ասեմ, որ նորաձեւության ասպարեզում դիզայների համար շատ կարեւոր է թիմային աշխատանքը, ինչը մեր` հայերի դեպքում մի քիչ կաղում է: Թիմային աշխատանք նշանակում է ամբիցիաները մի կողմ դնել, պահելով անձնական դիզայներական ձեռագիրը, համատեղ ստեղծել հավաքածու, որը կարտահայտի երկու տարբեր մշակույթների համաձուլվածքը: Բիզնեսը, կոմերցիան հաճախ դիզայներին ստիպում է մոռանալ մշակույթի մասին, մինչդեռ մշակույթն արվեստի անբաժան մասն է: Դրա համար մեր Խորհրդի կարգախոսն է, նորաձեւությանը մոտենալով որպես արվեստ, դարձնել այն բիզնես` չմոռանալով առաջինը: - Ինչո՞ւմ են թերանում հայ դիզայներները: - Ստեղծագործական առումով մերոնք չեն զիջում արտասահմանցիներին, հայկական իրականության մեջ կատարողականությունն է թերի: Դա նաեւ բուհերի տված, չեմ վախենա ասել, թերի տեխնիկական կրթությունից է: Ու այդ տեխնիկական կրթությունը կար ու ձեւ սովորեցնելու ունակությունը չի միայն, այլ կրթելը, որ կարողանաս, քո ստեղծագործական միտքը վարպետորեն վերածել պատրաստի արտադրանքի: Օրինակ` այս ոլորտի տարեկան մոտ 600 շրջանավարտներից շատ քչերն են դառնում կայացած դիզայներներ: Այդ պատճառով մեր նորաձեւության շաբաթները դադարեցրինք, որ ընթացիկ զարգացման ծրագրեր անենք, մեջտեղ բերենք նոր տաղանդների: Շրջանավարտների հետ ունեցանք համատեղ բրենդի ստեղծման ծրագիր: Ընտրեցինք 8 երիտասարդ աղջիկների, ովքեր ստեղծեցին հավաքածու մի ապրանքանիշի ներքո, նույն թիմային աշխատանքն էր: Հետագայում արդեն այդ նույն դիզայներները սկսեցին աշխատել ոլորտում իրենց իսկ մասնագիտությամբ: Օգնեցինք բիզնես-պլաններ կազմել, ստեղծել փոքրիկ ատելյեներ, հին գործարաններից ձեռք բերել սարքավորումներ: - Տարեկան մոտ 600 շրջանավարտի համատեքստում քանի՞ հայկական բրենդ կա: - Արեւիկ Սիմոնյանի “Kivera Naynomis”-ը, Լիլիթ Մարգարյան` “Lilit Fashion”, Արամ Նիկոլյան, Գայանե Սողոմոնյան, Գեւորգ Շադոյան, Nur, KARA… Սկսնակ կադրեր էլ ունենք` Լիլիթ Մակարյան, Անուշիկ Մայիլյան, Մերի Ստեփանյան: Գյումրիի մեր շրջանավարտ տղաներից մեկը իր փոքրիկ խանութը բացեց: Փորձում ենք սկսնակներին հասցնել արդեն կայացածների մակարդակին, ովքեր խանութներ ունեն: Բայց չենք թողնում նաեւ այդ օրինակելի ձեռնարկությունների հետ աշխատանքը, որ իրենք շարունակաբար աճեն ու միշտ էտալոն լինեն մյուսների համար: - Այդ դեպքում մեր բրենդները արտասահմանում ինչքանո՞վ են ներկայացված: - «Zatik Studio Փարիզում, «Ninachka Couture» Նյու-Յորքում, «Shadoyany» մերձավոր Արեւլքում վաճառքներ են իրականացնում, Լիլիթ Մարգարյանի ստեղծած հագուստներից մեկը ներկայացված է Միացյալ Նահանգների թանգարաններից մեկում: Շատերը մրցույթների են մասնակցում, դիզայներներ ունենք, որ Եվրոպայում են աշխատում ու Երեւանում ներկայանալու ցանկություն ունեն: - Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում կոմերցիոն հավաքածուներ չեն ստեղծվում: - Նախ` կրթությունը, որովհետեւ կոմերցիոն հավաքածու ստեղծելու համար անհրաժեշտ է հասկանալ շուկայի օրենքները, գնորդի պահանջներին համապատասխան հավաքածու ստեղծել: Իսկ գնորդը հայ է: Շատ կարեւոր խնդիր է ճանաչել մեր գնորդի հոգեբանությունն ու սովորությունները, իսկ սա կրթության առումով մեծ բաց է: Երկրորդը՝ մեր չափազանց փոքր շուկան է: - Գուցե գնային առումով էլ հայկական արտադրանքը մատչելի չէ: - Մրցակցությունն է մեծ: Եթե հավաքածու ստեղծես, որ միջին, միջինից ցածր գնային սահմանում է, արտասահմանյան բրենդների հետ մրցելը շատ դժվար կլինի: Ամեն մի դիզայներ իր էսթետիկային համապատասխան պետք է ընտրի իր գնային շուկան: Արեւիկ Սիմոնյանը միջին եւ միջինից բարձր շուկայի համար է հավաքածուներ ստեղծում, որովհետեւ իր գնորդը այդ խավից է: Շատերը ցանկանում են միանգամից մեծ հայտնիություն ձեռք բերել, դրա համար ձգտում են ավելի շատ աշխատել երգիչների, դերասանների` արտիստների հետ, հետո են գալիս արտադրությանը, ուր արդեն խնդիրների են հանդիպում: Այսինքն, հայտնիություն են ձեռք բերում, հետո դժվարանում դրան համապատասխան հագուստի որակյալ արտադրանք տալ: - Բացի այդ, շատերն էլ կրկնօրինակում են, սեփական ձեռագիրը չունեն: - Դա ազգային առանձնահատկություն է. թերի ինքնավստահություն անձնական ճաշակի նկատմամբ: Մենք գենետիկ առումով ճարտարագիտական մտածողություն ունենք, ստեղծագործական առումով շատ պարզ, մաքուր մտածողություն, բայց, ինչպես երաժշտության մեջ հաճախ կհանդիպենք արեւելամետությանը, հագուստում էլ նմանակում ենք արեւմտյան մենթալիտետին. միշտ օտարամետության հակում կա: Բայց արտասահմանցին հենց ինքնավստահությունն է գնահատում, երբ դու անում ես քոնը, անձնական ձեռագիր ունես, այլապես չես գոյատեւի, իսկ դա շատ երկարատեւ եւ քրտնաջան աշխատանք է պահանջում: Մերոնք էլ աշխատել չեն սիում, որովհետեւ պետք է ներդնեն ժամանակ, ռեսուրսներ ու ֆինանս: - Դու այս ոլորտ ինչպե՞ս մտար: - Ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, զուգահեռաբար` “ATEX”-ի թեթեւ արդյունաբերության նախախարությանը կից քոլեջը, իսկ ավելի նեղ մասնագիտական որակավորում վերջին 10 տարիների ընթացքում ստացել եմ Մոսկվայում, Լոնդոնում, Նյու-Յորքում : Մենք այս ոլորտում բարձրագույն կրթական համակարգ չունենք. Գեղարվեստի ակադեմիայի մոդելավորման ֆակուլտետը ավելի գեղագիտական կրթություն է տալիս: Իսկ ես ցանկացա ֆեյշն մարքեթինգով զբաղվել: Հայաստանում նման մասնագիտացում ստացող մարդ չկա, բուհերում չի դասավանդվում, մենք փորձում ենք այդ գիտելիքները տալ` դասընթացներ, սեմինարներ կազմակերպելով: Կոպիտ ասած` ես բաղձանքով ինքս իմ մասնագիտությունը ստեղծեցի, հետո որպես ոլորտի ղեկավար աշխատեցի տարբեր միջազգային ծրագրերում: Ցավալին այն է, որ այս տարիների ընթացքում մեր կողքին են եղել ամերիկացիները, եվրոպացիները, հարցը ֆինանսի մասին էլ չի, այլ ծրագրերին, քո կրքոտ պլաններին աջակցելն է: Իհարկե, մենք Էկոնոմիկայի նախարարության հետ Գյումրիի տեխնոպարկի ծրագրի նախաձեռնմանը մասնակցեցինք, բայց մինչ օրս կառավարության կողմից ոլորտի զարգացմանը միտված ոչ մի ծրագիր չի իրականացվել: - Նման քաղաքականության պատճա՞ռը: - Չեն հավատում երեւի, որ Հայաստանը կարող է մրցունակ լինել: Հսկայական ռեսուրսներ են պետք, որ թեկուզ տեսանելի ժամանակահատվածում արդյունքի հասնես: Ավելի հեշտ է հանքարդյունաբերության մեջ ներդրումներ անել, ոչ թե սպասել, որ գուցե տարիներ անց հայկական ֆեշն բրենդները կզարգանան: - Այնուամենայնիվ, ոլորտը զարգանո՞ւմ է: - Բնականաբար: Այս հինգ տարիների ընթացքում մարդիկ սեփական սալոններ են բացել, ունենա հայկական ջինս, գուլպայի ֆաբրիկա ունենք, օրինակ, որ արդեն իր ապրանքանիշով է ներկայանում: Երեւի նկատել եք` հասարակության մեջ ֆեյշնի հանդեպ մոլուցք կա, պարզապես դա բավարարվում է դրսի նյութով: Ցանկությունը կա, հետաքրքրություն կա, բայց ոչ բոլորն են պատրաստ թիմային աշխատանքի, նկատի ունեմ համատեղ «պրոդուկտ» տալուն, որ մի դիզայներն աշխատի, գործարանը կարի, մյուսը լուսանկարի, աշխատի ոճաբանի, ամսագրի հետ, որ ցանցը ձեւավորվի եւ վստահությունն աճի: Ի միջի այլոց մենք «ереван», «El Style» ու էլի որոշ ամսագրերի հետ շատ հրապարակումներ ենք ունենցել: - Հավաքածուների հումքը որտեղի՞ց է ձեռք բերվում: - Կտորների մեծ մասը ներկրվում է հիմնականում Թուրքիայից, էմիրություններից: Հայաստանն ի վիճակի չէ կտոր արտադրել, կառավարությունը պետք է այնպես անի, որ գոնե կարի ինդուստրիան չկորցնենք, իսկ որպեսզի չկորցնենք, անհրաժեշտ է գոնե մաքսային սահմանին կտորի համար գանձվող մաքսատուրքը վերացնել: - Հայ սպառողը որքանո՞վ է հայկական արտադրանքը նախընտրում: - Փոխվել է այն ընկալումը, որ հայկականը վատն է, անորակ ու ամոթալի: Տեսնելով տուրիստների կողմից պահանջարկը տեղականի նկատմամբ, մոտեցումը փոխվեց, հասկացան, որ եթե սեփականը չունենաս, աշխարհին հետաքրքիր չես լինի: Շատ երգիչների, փոփ-աստղերի լուման էլ կար այդ ամեն ինչի մեջ: Ըստ երեւույթին, շատերը սկսեցին համագործակցել դիզայներների հետ, քանի որ էքսկլյուզիվ ու եզակի հագնվելու խնդիր ունեին: Դա էլ բերեց նրան, որ այսօրվա երգիչները շատ հաճախ ճաշակ են թելադրում արդեն, հասարակությունն էլ ընդօրինակում է, օրինակ, սանրվածքները եւ այլն, չգիտեմ` դա լավ է, թե վատ, փաստ է, որ նպաստեց հայկականի, տեղականի նկատմամբ պահանջարկի աճին: - Դիազայներները պատվերներ շա՚տ են ունենում: - Լիլիթ Մարգարյանը արեւիկցիների համար հագուստներ կարեց, որով մանկական “Եվրատեսիլ”-ին մասնակցեցին, դատավորների համար էլ համազգեստ է կարել, որ այլ պետությունների դատավորների համազգեստին նման չլինի: Արեւիկ Սիմոնյանը վերջերս “ԱրԱրԱտ” կոնյակի ռեբրենդինգի ժամանակ պրեզենտացիոն հագուստներ ներկայացրեց: Երեւի ուղղորդելն է պակասում, մեր դերն էլ հենց դրանում է, որ ուղղորդենք, շուկան գոհ լինի, դիզայներները արդյունավետ աշխատեն, որ կարողանան եւ գոյատեւել, եւ անեն այն, ինչ սիրում են: - Հայ դիզայներների ոճն ու մտածողությունը որքանո՞վ է էթնիկ: - Բնականաբար, ամեն ինչի համատեքստում հայկական մշակույթը չպետք է տուժի: Մենք հիմա ձեւավորում ենք ժամանակակից հայկական նորաձեւության մշակույթ, եւ այն պետք է ունենա իր ձեռագիրը: Մեր “Pret-a-Porter” շոուները նպաստեցին, որ դա երեւա, ու ցնցող արձագանքներ եղան դրսից: Վերջերս էլ ԱՄՆ-ից հյուրեր ունեինք, ասում են` ձեր դիզայներները ֆանտաստիկ են: Իրենք մի այլ կարգի ստեղծագործական միտք ունեն, բազմակողմանի են մտածում, այդ մշակութային գենետիկ հարստությունը շատ բազմակողմանի է արտահայտվում, նույն հայ դիզայներները իրար նման չեն: Շատերն ասում են`եթե հայկական օրնամենտներով չի հագուստը, ուրմեն հայկական չի: Չէ, մտածողությունը պետք է հայկական լինի, այս նույն Բրիտանական Խորհրդի նախագծում էլ հայ դիզայները հայկական մտածողություն պետք է դրսեւորեն: Ինչպես է մեր կոմիտասյան երաժշտությունը` մաքուր, պարզ: Օրինակ` նույն եկեղեցիների ճարտարապետության մեջ գերիշխողը պարզ երկրաչափական մտածողությունն է, մինիմալիստական շիկ կոչվածը մերն է, իհարկե, ադապտացված դրսի միտումներին, պահանջներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/ եւ Նորաձեւության հայկական խորհրդի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: