×


Աֆրիկյանների ակումբ

Աֆրիկյանների ակումբ

Համերգ-երեկո հանուն ակումբի պահպանման “Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը” նախաձեռնող խումբը օրերս Աֆրիկյանների առանձնատանը շաբաթօրյակ եւ համերգ-երեկո էր կազմակերպել, որը տարբերվում էր նմանատիպ երեկոներից. նվիրված էր շենքին ու տարածքի պահպանմանը: Afrikyans 19-րդ դարի վերջին Երեւանի կենտրոնում` Տերյան 11 հասցեում կառուցված պատմական շենքը ոչնչացման վտանգի տակ է: “Աֆրիկյան եղբայրները Երեւանի պատմության ստեղծման անմիջական մասնակիցներն են եղել, առաջին անգամ նրանք են քաղաք ջուր բերել, բարեգործություններ են կատարել, դպրոցներ են բացել: Կարելի է երկար խոսել Աֆրիկյանների գործունեության մասին, արխիվում շատ ուշագրավ նյութեր կան”, - ասում է ֆոտոլրագրող, միջոցառման կազմակերպիչներից Հայկ Բիանջյանը: Հայկ Բիանջյանն այստեղ ֆոտոցուցահանդես է ունեցել, նշում է՝ ուղղակի չի կարող անտարբեր լինել. “Վերջին տարիներին բոլորս էլ նկատում ենք՝ ինչպես է փոխվում մեր մայրաքաղաքը. հին շինությունները ոչնչացնում են, չենք կարող այլեւս լռել: Սկզբում չէինք սպասում, որ այսքան թվով մարդ կհետաքրքրվի ու կգա: Շուտով նաեւ ստորագրահավաք ենք անցկացնելու շենքի պահպանման խնդրով: Չեմ ուզում, որ երիտասարդները, հաջորդ սերունդները այս ճարտարապետական շինության մասին միայն լուսանկարներով իմանան”: Hayk Bianjyan Աֆրիկյանների ակումբի փոշոտ բակը ակտիվիստները հնարավորինս կարգի էին բերել, կարմիր գորգ էին փռել, մոմեր վառել ու հյուրասիրություն կազմակերպել: Ցուցադրվեցին շինության անցյալի, ինչպես նաև ակումբի բախտակից շինությունների մասին պատմող լուսանկարներ ու վավերագրական տեսագրություններ, Երեւանի մասին երգեր կատարեցին մի շարք հեղինակ-կատարողներ, որոնց թվում էին Էդուարդ Զորիկյանը, Լիլիթ Պիպոյանը եւ այլք: Էդուարդ Զորիկյանին անձնական հիշողություններն են կապում Երեւանի հին կենտրոնի ու ակումբի հետ. “Հիշում եմ՝ ինչպես հանեցին մեզ մեր տներից… Հիմա դժվար է ապացուցել մեր տուրիստ ընկերներին, որ մեր տունն է եղել, մեր մայրաքաղաքը հազարամյակների պատմություն ունի: Ոչ թե որպես հայ չեմ հասկանում նման վերաբերմունքը, այլ որպես մարդ, նույնիսկ ֆաշիստ` չեմ հասկանում: Փոքրիկ աղջիկս տեղափոխությունից հետո նկարում էր այն, ինչ տեսել էր ծնված օրվանից, կարոտում էր, իր հիշողության մեջ մնացել էր այդ տունը, բակը, ծառերը…”, - ասաց Զորիկյանը՝  երգելով “Դստրիկիս նկարը” հեղինակային գործը: Afrikyans Լիլիթ Պիպոյանը, չմասնակցելով շաբաթօրյակին,  որոշել էր համերգի օրը երգել ու իր ներկայությամբ օգտակար լինել. “Ինձ շատ է հուզում այս հարցը: Այնքան վաղուց եմ ապրում Երեւանի կենտրոնում, չեմ փոխել բնակավայրս. այս փողոցը, միջավայրն այնքան հարազատ է: Ինչ այս տարածքը քանդեն, ինչ իմ տան մեջ գան մի բան քանդեն, նույն բանն է: Երեւանի ծակերը գիտեմ, հատկապես կենտրոնն անչափ հարազատ է: Այն մարդիկ վատ կզգան, ովքեր հիշողություններ ունեն, ապրել, քայլել են այս մասերով”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշեց հեղինակ-կատարողը, ով կարծում է՝ լռելու փոխարեն պետք է գործել, խոսել, անտարբեր չլինել. “Եթե մեր քաղաքի մասին է խոսքը, պետք է հավաքվել, բողոքել, արտահայտվել, լռելով ամեն ինչ ենք կորցնելու: Շատ լավ է, որ լավագույն երիտասարդները եւս ակտիվ են, նրանց դեմքերից երեւում է՝ ազնիվ են ու մտահոգ այս հարցով”: “The Beautified Project” -ը եւս պետք է երգեր, սակայն երաժիշտները վատառողջ էին, եւ միայն  ռոք-խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն էր կարողացել գալ. “Քանի որ սիրահարված եմ հայկական հին շենքերին, չէի կարող չգալ, ափսոս, որ վատառողջ ենք: Իսկապես, կուզեմ, որ շենքն իր տեղում մնա: Մենք խմբով հատուկ թուլություն ունենք նկարվելու, տեսահոլովակներ նկարահանելու հին, կիսաքանդ շենքերում: Շատ երկրներ ուղղակի երազում են նման հնություններ ունենալ իրենց քաղաքներում, իսկ մենք շատ հեշտորեն քանդում ենք: Նույն Լոնդոնում հին շենքերն այնքան մեծ արժեք ունեն, որ վաճառելու դեպքում հատուկ  պայման է գործում, որ շենքի արտաքինը պահվի, հին քաղաքն իր դեմքը չկորցնի: Այնտեղ նոր շենքեր, վայրեր կառուցում են քաղաքի արվարձաններում, ոչ թե մեզ նման ամեն ինչ իրար գլխի են լցնում քաղաքի կենտրում”: Afrikyans Մինչ հեղափոխությունն այս շենքը պատկանել է Առաքել Աֆրիկյանին, ում ձեռքից խլել են 1922-ին. “Հիմա էլ ուզում են ամբողջովին վերացնել, բայց միթե ամբողջ Երեւանը միայն կենտրոնն է, որտեղ պետք է  բարձրահարկ շենքեր լինեն մայրաքաղաքի հին շինությունների հաշվին”, - ասում է Առաքել Աֆրիկյանի ժառանգը՝  Արմեն Աֆրիկյանը: Շենքն ու տարածքը պահպանելու համար նա մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել, դիմել քաղաքապետին, վարչապետին. “Եթե պետք լինի հարցը կբարձրացնենք մինչեւ երկրի նախագահը: Այս շենքը պարտադիր ենթակա է ռեստավրացիայի, ոչ բարվոք վիճակում է, հնարավոր է վերանորոգել, բայց քանդել կնշանակի ոչնչացնել Երեւանի ամենահին ու կարեւոր նշանակություն ունեցող կոթողը, որովհետեւ սա ուղղակի շենք չէ: Ով գնել ու սեփականաշնորհել է, մտածում է՝ ուղղակի մի հին շենք է, որից կարելի է ազատվել ու տեղում եւս մեկ բարձրահարկ “էլիտար” շենք կառուցել”: Հայկ Բիանջյանն ու Արմեն Աֆրիկյանը ծանոթացել են հենց Աֆրիկյանների բակում 2005 թվականին` Հայկի լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մտերմացել են, պահպանման խնդրով սկսել են միասին զբաղվել: “Արդեն վեց տարի է՝ չենք կարողանում հարցին վերջնական լուծում տալ: Կարելի է ասել՝  ծերացանք այս խնդրի շուրջ, շատ ուրախ ենք, որ մեր կողքին լավ մարդիկ են, միայնակ չենք”, - նշեցին նրանք ու հավելեցին, որ շարունակելու են գործել, տարբեր ակցիաներ ու երեկոներ կազմակերպել: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին