Սիրահարների այգու սերը, խաղաղությունն ու բարությունը կրկնապատկվել է: Այլեւս պուրակի անբաժան մասն է կազմում նա, ով ժամանակին զբոսնում ու ստեղծագործում էր նույն վայրում: Դեկտեմբերի 11-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Գեւորգ Էմինը դուրս է եկել գետից` տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին` խնձոր, եւ զրուցում է իր կատվի հետ: Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է: Քանդակագործը անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ, արձանը կերտելիս ցանկացել է շեշտել Գեւորգ Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գեւորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արեւածաղկի սերմ էր կեղեւազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»:
Գեւորգ Էմինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության փոքրիկ այցելուն
Բանաստեղծի որդին` Արտաշես Էմինը, նշեց` քանդակը գերազանցել է իր ակնկալիքները. «Լրիվ վստահում էի քանդակագործին. իմ մանկության ընկերներից է` գրագետ մարդ, ով անձնական շփումներ է ունեցել հորս հետ եւ նրա բանաստեղծությունները իսկապես կարդացել է: Ես ավելի վատն էի պատկերացնում, ճիշտն ասած(ծիծաղում է-հեղ.)»,- ասաց նա ու հավելեց. «Հուսով եմ` ժողովուրդն էլ կհավանի: Երեխաներն արդեն կատվի հետ են խաղում: Հայրս բարի էր, անկաշառ, ուղղախոս եւ մեծ երեւակայության տեր: Այդ բոլոր հատկությունները, ինձ թվում է, արտացոլված են, լեզուս չի պտտվում ասել, անկենդան բրոնզի մեջ, որովհետեւ տվյալ դեպքում կենդանի բրոնզ է»:
Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին, երջանիկ է, որ ամուսինն արդեն արձանի տեսքով կրկին Սիրահարների այգում է. «Այս այգին Էմինի համար նորություն չէ. կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, այստեղ սիրում էր հանգստանալ, հանդիպում էր ընկերներին: Մենք այստեղ մեծացրինք մեր որդուն` Արտաշեսին, մեր թոռներին: Մոտակա շենքերի մարդիկ հավաքվում էին, նստարանները դնում իրար կողք ու զրուցում եղած, չեղածի մասին: Էմինը պատասխանում էր կյանքի, գրականության վերաբերյալ նրանց հարցերին: Այս արձանը, ինձ թվում է, կներձուլվի այգու մթնոլորտին, ինչպես ինքը` Էմինը, կազմում էր այգին սիրող մարդկանց մասը»:
Պերճ Զեյթունցյանն ու Գեւորգ Էմինի կինը` Արմենուհին
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վարդան Պետրոսյանը, Վահրամ Սահակյանը, Ֆորշը, մշակութային եւ հասարակական շատ այլ գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Պերճ Զեյթունցյանը: «Հիշողությունը բարոյական կատեգորիա է: Եվ եթե մենք այսօր հիշում ենք մեր մեծերին, տվյալ դեպքում` Գեւորգ Էմինին, նշանակում է` երբեմն ապրում ենք բարոյական չափանիշներով: Գեւորգ Էմինը արտակարգ բանաստեղծ էր: Թող այս կիսանդրին օգնի մեզ, որ մշտապես հիշենք հայ ականավոր բանաստեղծին»,- ասաց գրող, հրապարակախոսը: Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը պոետի ստեղծագործություններից մեկը ասմունքեց: Հենց Գեւորգ Էմինի կատարմամբ «Մենք» շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հնչեցին: Ելույթ ունեցան նաեւ բանաստեղծի անվան դպրոցի սաները:
Ֆորշը այն մարդկանցից է, ով պատիվ է ունեցել ծանոթ լինել ու շփվել Գեւորգ Էմինի հետ. «Հրաշալի մարդ էր, ամեն մի խոսքը լսելը` հաճույք: Քանդակն էլ շատ հավանեցի. Երեւանին համահունչ է, քաղաքի հարմոնիայի մեջ»:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Ֆորշն ու Քրիստ Մանարյանը
Ծնունդով Աշտարակից Գեւորգ Էմինը մահացել է 1998-ին Երեւանում: Երկու անգամ արժանացել է գրականության ասպարեզում ԽՍՀՄ պետական մրցանակի: Ամբողջ կյանքում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, պատգամավոր չի եղել: Ստեղծագործություններըթարգմանվել եւ հրատարակվել են երեք տասնյակ լեզուներով: Անվանի բանաստեղծը դրվատանքի խոսքերի է արժանացել Լուի Արագոնի, Բորիս Պաստեռնակի, Ջոն Ապդայկի կողմից: Որպես բանաստեղծ ձեւավորվել է երեք գործոնների ազդեցությամբ` Պոլիտեխնիկում ստացած ինժեներական կրթություն, աշխատանք Մատենադարանում եւ անմիջական շփում Եղիշե Չարենցի հետ:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: