×


Դերեք Շերինյան. “Ես հայ եմ եւ հայկական ֆոլքը հոգուս մեջ է”

Նրան անվանում են ստեղնաշարի թագավոր, ստեղնաշարային գործիքներ նվագող նոր սերնդի հերոս եւ ավելին, քան ստեղնաշարի հանճար: Նա համագործակցել է Էլիս Քուփերի, Բիլի Այդոլի, Ինգվի Մալմսթինի, “Alice in Chains’’ բենդի հետ. այս ցանկը համալրում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ալ Դի Միոլան, “Guns n’Roses’’ խմբի Սլեշը: Հինգ տարի նա “Dream Theatre’’ խմբի անփոխարինելի անդամն է եղել: Նա պրոգրեսիվ “Planet X’’ խմբի հիմնադիրն է, այժմ էլ նվագում է “Black Country Communion’’ սուպերխմբում: Նա մեր հայրենակից, ստեղնաշարային գործիքներ նվագող Դերեք Շերինյանն է, ով այս օրերին Երեւանում էր եւ զրուցել է BRAVO.am-ի հետ:

Դերեք Շերինյանը


-Նախ՝ որքանո՞վ եք տիրապետում հայերենին:):

-(Պատասխանում է անգլերեն-հեղ.) Կինս՝ իրանահայ է: Ես ու 2 եւ կես տարեկան որդիս միասին հայերեն ենք սովորում (անցնում է հայերենի-հեղ.). մեկ, երկու, երեք, չորս, չի կարելի, ապուշ, անշնորհք, ամոթ քեզ, թուշիկ պաչի:): (Շարունակում է անգլերեն-հեղ.) Երբ կինս բարեկամների հետ հայերեն է խոսում, ասում եմ` ես գիտեմ, որ իմ մասին ես պատմում:

-Լավ, ուրեմն անգլերենով կզրուցենք:):

-Մերսի, մերսի:): Շատ շնորհակալ կլինեմ:):

- Նկարագրելով Ձեզ՝ ասել եք, որ ստեղնաշարային գործիքներին կիթառային ագրեսիվ մոտեցում ունեք: Այնուամենայնիվ, ստեղնաշարային գործիքներն ընտրեցիք:

-Գիտես, յուրաքանչյուր երաժշտի հենց սկզբից երաժշտական որեւէ գործիք է ձգում, որն իմ դեպքում դաշնամուրն էր: Մեծանալով ավելի ու ավելի խորացա ռոք երաժշտության մեջ: Ոգեշնչվելով Վան Հալենի, Ինգվի Մալմսթինի նման կիթառահարներով`նույն կերպ “հարձակվեցի’’ ստեղնաշարային գործիքիս վրա ու սկսեցի նվագել ուրիշ ձեւով: Հենց դա էլ ինձ առանձնացրեց մյուս ստեղնաշարային գործիքներ նվագողներից ու հայտնի դարձրեց, որովհետեւ այլ հայեցակետով մոտեցա ստեղնաշարայիններիս:

Դերեք Շերինյանը


-Եթե չեմ սխալվում, հինգ տարեկան էիք, երբ սկսեցիք նվագել:

-Այո, այդպես է: Տանը դաշնամուր ունեինք, մեկ օր մոտեցա եւ սկսեցի նվագել: Մայրս զգաց, որ լավ լսողություն ունեմ ու ինձ տարավ երաժշտության ուսուցչի մոտ: 12-13 տարեկանում արդեն բենդում էի նվագում: Երբեք կանգ չեմ առել: Հենց մանկուց հասկացել եմ, որ ուզում եմ ապրել ու հետագայում գումար վաստակել հենց երաժշտության միջոցով: 1981 թվականին նվագեցի Էլիս Քուփերի հետ, հետո “The Kiss’’-ի, Բիլի Այդոլի, Ինգվիի հետ, “Black Country Communion’’ խմբում եւ մեծանուն այլ շատ ու շատ երաժիշտների հետ: Ինձ օրհնված եմ համարում, որ երաժշտության միջոցով կարող եմ ապահովել ընտանիքիս: Բայց ես այս ամենին որպես աշխատանք չեմ նայում, սա իմ կյանքն է ու այն, ինչ ես սիրում եմ: Երաժշտության շնորհիվ ես ճանապարհորդում եմ:

-Ու հենց երաժշտությունը Ձեզ Հայաստան բերեց…

-Այո, արդեն երկրորդ այցս է Երեւան:

Դերեք Շերինյանը


- Ասացիք, որ Վան Հալենն ու Ինգվի Մալմսթինն են ոգեշնչել Ձեզ: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է եղել երաժշտական ազդեցությունը:

-Ամեն ինչ սկսվեց “The Beatles’’-ից: Իմ երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են ունեցել “The Queen’’, “Led Zeppelin’’, “Aerosmith’’ խմբերը: Ամեն ինչ ռոքից է սկսվել, բայց սիրում եմ նաեւ դասական երաժշտությունը, ջազն ու  ջազ-ֆյուժնը:

- Ծանո՞թ եք հայկական ֆոլք երաժշտությանը: Գուցե ինչ-որ կերպ համատեղե՞ք այն Ձեր երաժշտության հետ:

-Ճիշտն ասած՝ այնքան էլ ծանոթ չեմ հայկական երաժշտությանը: Համագործակցել եմ  Ջիվան Գասպարյանի հետ. նա հրավիրեց ինձ իր ծննդյան 80-ամյա հոբելյանին, նվագել ենք միասին: Որոշ էլեմենտներ փորձում եմ օգտագործել երաժշտությանս մեջ, բայց դրանք ինձնով եմ անում: Ես հայ եմ ու այդ ամենը հոգուս մեջ է:

Ջո Բոնոմասան, Դերեք Շերինյանն ու Ջոն Պետրուչին


- Երբ 1999 թվականին դադարեցիք նվագել “Dream Theatre’’ խմբի կազմում, սկսեցիք համագործակցել համաշխարհային մի շարք մեծությունների հետ: Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը:

-Նվագել եմ շատ ու շատ մարդկանց հետ, որոնցով հիացել ու հպարտացել եմ:  Միշտ մեծ, վեհ մտքեր եմ ունեցել եւ արդյունքում իրականացրել եմ դրանք: Հարվածային գործիքներ նվագող Սայմն Ֆիլիփսը ծանոթացրեց ինձ կիթառահար, երաժիշտ Սթիվ Լուքաթերի հետ, վերջինս էլ Ալ Դի Միոլայի հեռախոսի համարը տվեց: Ես ճանաչում էի Ինգվիին, նրա միջոցով ծանոթացա Զաք Վայլդի հետ: Եթե բիզնեսի մեջ ես այնքան ժամանակ, որքան որ ես եմ, սկսում ես ճանաչել շատերին, ընկերանում ես, նրանք էլ իրենց հերթին ճանաչում են մյուսներին, եւ ցանկացած երաժշտի հետ համագործակցությունն իրական է դառնում, բոլորն էլ հասանելի են: Դու այն ես, ինչ քո ընկերներն են:

-Իսկ կա՞ մեկը, որը դեռեւս անհասանելի է, որի հետ երազում եք համագործակցել:

-Դեռեւս չեմ նվագել Ջեֆ Բեքի հետ: Շատ կուզեի համագործակցել իր հետ: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց ճիշտ ժամանակին ամեն ինչ էլ հնարավոր կդառնա:

Դերեք Շերինյանը


-Երբեւէ  մտածե՞լ եք համագործակցել  ծագումով հայ հայտնի մեկ այլ  ռոքերի` Սերժ Թանգյանի հետ:

-Այնքան հպարտ եմ  “System of a Down’’ խմբով: Բենդի յուրաքանչյուր անդամն իմ հայ եղբայրն է, այնքան ուրախ եմ իրենց նվաճումների համար: Իհարկե, մեծ հաճույքով կհամագործակցեմ Սերժի հետ, ես բաց եմ լավ ցանկացած երաժշտի հետ համագործակցության համար: Մի անգամ հանդիպել ենք Սերժի հետ հյուրանոցներից մեկում. ես շրջագայում էի Էլիս Քուփերի հետ: Շատ արագ խոսեցինք, ասացինք, որ ճանաչում ենք իրար :):

-Այդքան տարբեր երաժիշտների հետ համագործակցելով` ինչպե՞ս է հաջողվել պահպանել սեփական ոճը:

-Պարզապես ամեն ինչ յուրահատուկ կերպ եմ լսում եւ ընկալում: Ամենը, ինչ լսում եմ, անցնում է հոգուս, սրտիս, ականջներիս, աչքերիս միջով, եւ այն պահին, երբ ներքինս դուրս է գալիս, դա հենց ես եմ: Եվ կարծում եմ՝ հենց դա է ամենից կարեւորը, որ երաժիշտը պետք է ունենա, որովհետեւ հազարավոր լավ երաժիշտներ կան, որոնք տեխնիկապես անզուգական են, բայց ոճ, հնչողություն չունեն: Իսկ ես անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ ձայնագրությունը լսելուն պես յուրաքանչյուրը միանգամից հասկանա` սա Դերեք Շերինյանն է: Չեմ կարողանում բացատրել այն, ինչ զգում եմ: Սեփական ոճը կարծես օդ լինի ինձ համար: Պարզապես անում եմ այն, ինչ զգում եմ:

Դերեք Շերինյանը


- Ծանո՞թ եք արդյոք “Rock Aid Armenia’’ նախագծին, որի շրջանակում աշխարհահռչակ Թոնի Այոմին “Black Sabbath’’-ից եւ Իէն Գիլանը “Deep Purple’’-ից համատեղ ուժերով օգնում են վերակառուցել Գյումրիի երաժշտական դպրոցը:

-Այո, լսել եմ ու ծանոթ եմ նախագծին: Հոտնկայս ծափահարում ու ողջունում եմ նրանց բոլոր ձեռնարկումներն այս ուղղությամբ: Աստված օրհնի նրանց, որ օգնում ու աջակցում են Հայաստանին: Շնորհակալություն:

- Խոսեցիք “Black Country Communion’’  խմբի մասին: Ինչպե՞ս հանդիպեցին Գլեն Հյուզը “Deep Purple’’-ից, “Led Zeppelin’’-ի հարվածային գործիքներ նվագող Ջոն Բոնհեմի որդին, Ջեյսոն Բոնհեմը, հայտնի կիթառահար Ջո Բոնամասան եւ Դերեք Շերինյանը:

- Պրոդյուսեր Քեւին Շիրլիի հետ աշխատել ենք “Dream Theatre’’ խմբում ու շատ լավ հարաբերություններ ունենք: Մեկ անգամ նա ներկա է եղել Ջո Բոնամասայի ու Գլեն Հյուզի ջեմին ու հենց այդ պահին միտք հղացել նրանց մասնակցությամբ ռոք բենդ կազմել: Առաջին մարդիկ, որոնց նա զանգահարել է այդ գաղափարն իրականացնելու համար պայմանավորվելու, ես ու Ջեյսոն Բոնհեմն էինք: Նախ` մի քանի երգ ձայնագրեցինք, հետո արդեն ամբողջական ձայնասկավառակ: Այն լավ արձագանքներ ունեցավ: Ի դեպ, անցյալ շաբաթ ավարտել ենք մեր երրորդ ձայնասկավառակի աշխատանքները:

Դերեք Շերինյանն ու Լենա Գեւորգյանը (Bravo.am)


- Տեղյակ եմ, որ Երեւանում եք աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հրավերով:

- Գարիկը շատ հայտնի ու հարգանք ունեցող աստղաֆիզիկոս է: Հանդիպել ենք Լոս- Անջելեսում: Ի դեպ, հենց նա ծանոթացրեց ինձ Ջիվան Գասպարյանի հետ, հենց նա էր պատասխանատու իմ` Երեւան կատարած առաջին այցիս համար: Այս անգամ Գարիկը ծանոթացրեց ինձ հայկական “Դորիանս’’ ռոք-բենդի հետ, որոնց պատճառով է, որ այստեղ եմ այս անգամ: Գարիկը անհավանական տաղանդ ունեցող անձնավորություն է: Ի դեպ, միասին աշխատում ենք մի նախագծի վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ուզում ենք մեծ համերգ կազմակերպել “Ռոքն ընդդեմ Ցեղասպանության’’ անվանմամբ: Համերգը կկայանա Երեւանում: Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ իմ լուման ներդնեմ այդ նախագծի իրականացման մեջ: Պատմական միջոցառում է լինելու:

Դերեք Շերինյանը


- Դե պատմեք նաեւ “Դորիանս’’-ի հետ համերգի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 10-ին: Գլեն Հյուզը եւս ներկա կգտնվի որպես հատուկ հյուր, քանի՞  երգ է կատարելու:

- Երբ լսեցի Գոռի ձայնը, մտածեցի` գրողը տանի, հիասքանչ է: Հույս ունեմ, որ հանդես կգամ որպես նրանց երկրորդ ձայնասկավառակի պրոդյուսեր: Տղաները կձայնագրեն այն Լոս- Անջելեսում՝ հաջորդ տարվա հունվարին: Կարծում եմ՝ կկարողանամ օգնել նրանց` նոր մակարդակի հասնելու ու միջազգային ասպարեզ դուրս գալու հարցում: Սեպտեմբերի 10-ին ողջ համերգի ընթացքում կնվագակցեմ “Դորիանս’’-ին: Համերգի վերջում մեզ կմիանա նաեւ Գլեն Հյուզը: Կարծում եմ` կներկայացնենք մի քանի երգ “Deep Purple’’-ի, “Black Country Communion’’-ի երգացանկից:

-Եթե հիշեք Ձեզ կարիերայի սկզբում ու համեմատեք այն բոլոր նվաճումների հետ, որ հասել եք հիմա, երազանքներն իրականացե՞լ են:

-Կարծում եմ՝ ամեն ինչ նախապես պլանավորված էր, իսկ ես բազմաթիվ շարժառիթներ ունեցող եւ դրանք օգտագործող անձնավորություն եմ: Եթե ցանկացել եմ մի բանի հասնել, համոզված եմ եղել` կհասնեմ: Չեմ հավատում ճակատագրին, հավատում եմ իմ սեփական ուժերին ու վստահ եմ՝ դրա շնորհիվ կարող եմ ամեն ինչի հասնել: Ես վայելում եմ իմ կյանքը, սիրում եմ ամեն օր արթնանալ ու զգալ երաժշտական արկածներս: Շատ ուրախ եմ, որ կարող եմ ճանապարհորդել ու հաճելի մարդկանց հետ ծանոթանալ:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW