BRAVO.am-ը պատմել էր, որ Երեւանը պատրաստվում է մայիսի 12-ին տոնական օր անցկացնել:): Եվրոպայի մշակութային բազմազանությունը, ինչպես նաեւ ԵՄ- Հայաստան համագործակցության ընթացքն ու արդյունքները ներկայացնելու համար Հյուսիսային պողոտայում մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:
Երեւանում նշել են Եվրոպայի օրը
Եվրոպայի օրվա առթիվ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնած հանրային բացօթյա տոնակատարությունը մեկնարկել է տեղեկատվական ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում ներկայացվել է ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող ավելի քան 50 ծրագրի՝ տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Լիտվական ժողովրդական երգերի կատարումը յուրահատուկ գույն է հաղորդել միջոցառմանը, լեհական պարեր էլ են ցուցադրվել: ԵՄ պատվիրակության եւ եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկում է տեղի ունեցել, կրթական ծրագրեր են ներկայացվել, վիկտորինաներ եւ խաղեր են անցկացվել:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը
Տպավորիչ են եղել լիտվական ձեռագործ եւ թղթե աշխատանքների վարպետության դասերը: Էլ ի՞նչ Եվրոպայի տոն առանց խոհանոցի. միջոցառման այցելուների եւ հյուրերի համար հյուրասիրություն է կազմակերպվել, նաեւ ցուցադրվել են եվրոպական ֆիլմեր: Տոնակատարության մաս են կազմել նաեւ ֆրանսիական կարաոկեն, հունգարական երգն ու պարը, գերմանական փունջի պատրաստումը:
Երեկոյան էլ հայկական եւ եվրոպական մշակույթների ինքնատիպ համադրությամբ ֆոլք-DJ համերգ է կայացել, որի ընթացքում ելույթ են ունեցել “Լոս լոկոս” խումբը, Մարիաննա Պողոսյանը, “Miqs Art Project”-ն ու DJ Vakcina-ն:
Նադեան եւ “Cross Blues Band”-ը
Համերգային մասի կուլմինացիոն պահը Ֆրանիսայից Երեւան ժամանած հատուկ հյուրի՝ շիկահեր երգչուհի Նադեայի ելույթն է եղել, որը “Cross Bluses Band”-ի երաժիշտների նվագակցությամբ ներկայացրել է հայկական եւ եվրոպական երաժշտության հետաքրքիր միախառնում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
3,138






