×


Իէն Գիլանն ու Թոնի Այոմին կրկին կայցելե՞ն Հայաստան

Գյումրիում այսօր տեղի է ունեցել թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, “Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդը, ՀՕՖ-ի նախագահն ու հոգաբարձուների խորհրդի անդամները, Շիրակի մարզպետն ու Մարդիգյանների ընտանիքը եւ ուրիշներ:

Գյումրիում կայացել է թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքը


Հուզիչ եւ գեղեցիկ արարողության ընթացքում Էդվարդ ու Ժանետ Մարդիգյանները, որոնք կազմակերպիչների կողմից հավաքագրված գումարը եռապատկել են, որդիների ուղեկցությամբ  բետոնով ծածկեցին խորհրդանշական գրությունը: “Անչափ ուրախ եմ, որ այս դպրոցը կառուցվելու է Գյումրիի երեխաների համար”,- ասել է Էդվարդ Մարդիգյանը: Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը օրհնեց շինարարական աշխատանքների մեկնարկը:

23 տարի շարունակ դպրոցի սաները սովորել են փայտաշեն տնակներում, որոնց ժամկետը, ի դեպ, հինգ տարի է եղել: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը հետեւյալն է նշել. “Այսօր 230 աշակերտ ունենք, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ երեխաները նոր շենք ու բարենպաստ պայմաններ կունենան սովորելու համար”:

Թիվ 6 երաժշտական դպրոցի սաներից


“Մեդիամաքս”-ի տնօրեն Արա Թադեւոսյանը ներկայացրել է նախագծի յուրահատուկ էությունը: “Այս դպրոցը կառուցելու համար իրենց ջանքերը միավորեցին ամենատարբեր կազմակերպություններ ու անհատներ` հայկական բարեգործական կազմակերպություն, ավստրալական ոչ կառավարական կազմակերպություն, հայկական լրատվական գործակալություն, համաշխարհային ռոքի աստղեր, սփյուռքահայ բարերարներ, մասնավոր ընկերություններ, ՀՀ նախագահ ու կառավարություն: Արդյունքում հաջորդ տարի այս դպրոցի սաները վերջապես հրաժեշտ կտան տնակներին ու կուսանեն նոր, հարմարավետ դպրոցում”:

“Այս ծրագրի հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ այն կունենա իր դրսեւորումներն ու շարունակությունը: Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Թադեւոսյանին ու “Մեդիամաքս”-ին, հայտնի երաժիշտներին, եւ բոլոր կազմակերպություններին ու անհատներին, ովքեր մասնակցեցին այս ծրագրի կայացմանը: Շատ հուզված եմ, որ ներկա եմ այսօր այս միջոցառմանը: Ուզում եմ հավելել, որ որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն ամեն ինչ կանենք, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կրեն”,- ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Գյումրիում կայացել է թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքը


“Մեդիամաքս”-ին իր հաղորդագրությունն է հղել նաեւ լեգենդար երաժիշտ Իէն Գիլանը` նշելով, որ իր համար “մեծ պատիվ է այդ նախագծի մի փոքր մաս լինելը”: Գիլանը նաեւ հավելել է. “Ես գիտեմ, թե ինչ հսկայական աշխատանք եք դուք եւ շատերը կատարել, որպեսզի սա իրականություն դառնա: Եվ ահա մենք տեսնում ենք, որ աշխատանքը սկսված է, երաժշտության վերածննդի համար հիմք է դրվում: Ես արդեն լսում եմ դաշնամուրի ստեղների եւ ջութակի լարերի հնչյունները, կիթառի եւ հարվածային գործիքների ձայները, գործիքներին տիրապետելու փորձեր անող աշակերտների սրտի դողը եւ հիասթափության արցունքները”:

Մեդիամաքսին իր ուղերձն է հղել նաեւ լեգենդար մեկ այլ երաժիշտ Թոնի Այոմին` ասելով հետեւյալը. “2009 թվականին Հայաստան այցը անմոռանալի հետք է թողել իմ հիշողության մեջ: Ձեր ջերմությունը եւ հյուրընկալությունը անհնար է մոռանալ: Հուսով եմ, որ նոր դպրոցը շատ երեխաներին կոգեշնչի երաժշտությամբ զբաղվել, ընդ որում ոչ միայն ամենատաղանդավորներին: Հիմա ես զբաղված եմ “Black Sabbath”-ի նոր ալբոմի ձայնագրությամբ, սակայն հուսով եմ` ներկա գտնվել դպրոցի բացման արարողությունը”:

Թիվ 6 երաժշտական դպրոցի սաները


Գյումրիում կայացած արարողության ընթացքում Արա Թադեւոսյանը նշել է, որ դպրոցը շահագործման կհանձնվի 2013 թվականի ամռանը եւ հույս է հայտնել, որ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին ներկա կգտնվեն բացման արարողությանը:

“Մեդիամաքս”-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի պատմության մասին կարող եք կարդալ այստեղ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/ եւ Մեդիամաքսի
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW