Տրամաբանող մարդիկ սալսա էին պարում :) Ինտելեկտուալ խաղերի սիրահարներն առաջին անգամ ակումբային միջավայրում ինտելեկտուալ` Brain Fighting փարթիի էին մասնակցում: Երեւանյան մյուս փարթիներից վերջինս տարբերվում էր իր “ինտելեկտուալ” ակումբասերներով ու միջավայրով::) “Մտքերի աշխարհ” խմբի ստեղծողները հաճախ տարբեր վայրերում, օրինակ` բուսաբանական այգում, վիրտուալ տարածությունում կամ մայրաքաղաքից դուրս “ուղեղային պայքարի” խաղեր են անցկացնում, մինչդեռ փարթիի ձեւաչափով Երեւանում առաջին անգամ էր իրականացվում: Օգոստոսի 28-ին “Jamaica pub”-ում էլ անցկացվեց առաջին ինտելեկտուալ փարթին: “Ոչ սովորական փարթի է, մտավոր լուրջ պաշարով մարդիկ են մասնակցում: Մեզ հարցնում էին. “Որ ինտելեկտուալ փարթի է, գալու ենք Մոցարտի երգերի տա՞կ պարենք”: :) Ոչ, մենք սալսա ենք պարելու, խմելու եւ ուրախանալու ենք”, - ասաց խաղավար Հայկը: Ներկա երիտասարդները տեղում կազմեցին թիմեր, որոնց համար ընտրեցին անվանումներ` “Ջոնի”, “Բրեյնմինատոր”, “Յամայկա”, “Ինկոգնիտո” եւ այլն: Խաղավարը հնչեցնում էր հարցեր, որոնք պահանջում էին ոչ այնքան հաստատուն գիտելիքներ, որքան ճկուն ու տրամաբանող միտք::) Ներկայացնեմ հնչած հարցերից մեկը. “Ինչու՞ են ամերիկացիները նեխած մսի հոտ ավելացնում գազի մեծ խողովակների մեջ”: Պատասխանը գուշակեք ինքներդ: :) Մեկ խաղի ժամանակ հնչում էր 8 հարց, յուրաքանչյուր հարցի համար հատկացվում 1 միավոր ու 2 րոպե ժամանակ, իսկ պատասխաններն ընդունվում էին գրավոր տեսքով: Հանդիսատեսին եւս տրվում էր արտահայտվելու եւ հարցերին պատասխանելու իրավունք::) Հաղթողների համար կազմակերպիչները պատրաստել էին նաեւ խրախուսական մրցանակներ: Առաջին խաղի ժամանակ “Ջոնի” թիմը տվեց 5 ճիշտ պատասխան ու հաղթեց, երկրորդ խաղի հաղթողն էլ “Ինկոգնիտո” թիմն էր` 7 միավորով: :) Փարթիին առաջին անգամ խաղացին նաեւ “Топор” անվանումով կիսաէքստրեմալ պայմաններով ինտելեկտուալ խաղը. ““Топор”-ը ռաունդներով խաղ է, մի քիչ նման է “городoк” խաղին: Մասնակցում են մոտ 10 հոգի, ընտրված տարածաշրջանի մայրաքաղաքներն են հերթով ասում: Ամեն ռաունդի վերջում մասնակիցներն ինչ-որ ալկոհոլային խմիչք են խմում, վերջում էլ երկու ամենաուժեղ խաղացողներն են մնում, ու հաղթողին պարգեւատրում ենք”,- խաղի կանոնները բացատրեց կազմակերպիչ Հայկ Աղաբաբյանը: Ինտելեկտուալ “մարտերից” հետո ակումբասերները պարեցին, լիցքաթափվեցին, աչքի ընկած ինտելեկտուալներին կոկտեյլներ հյուրասիրեցին, սալսայի պարուսույցներն էլ փոքրիկ դասընթաց անցկացրին: :) Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցներից մի քանիսի մտահղացմամբ ստեղծվել է “Մտքերի աշխարհ” խաղը, որը սկզբում նախատեսված է եղել միայն իրենց դպրոցի համար, հետո խաղերին սկսել են հրավիրել ինտելեկտուալ խաղերով հետաքրքրված երիտասարդներին: Նախորդ տարվա դեկտեմբերից խմբի երիտասարդները հավաքվում են, իրավիճակային խնդիրներ լուծում, բանավեճեր կազմակերպում եւ այլն: Հ.Գ. Վերը նշածս հարցի պատասխանն էր` գիշատիչ լեշակեր թռչուններն արտահոսքի դեպքում հավաքվում են խողովակի մոտ, այդպիսով օգնում են մարդկանց իմանալու գազի արտահոսքի մասին: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: