Օրբելյանների ընտանիքին նվիրված երեկո Երեւանում : )
Հունիսի 26-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացավ հայ-ամերիկյան համերգ` նվիրված Օրբելյանների ընտանիքին, որին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել Եյլի շրջանավարտների երգչախումբը:
1997-ից գործող երգչախմբին անդամակցում են Եյլի համալսարանի երաժշտական տաղանդով օժտված շրջանավարտները: Երգչախումբը հանդես է եկել դիրիժորներ Վալերի Գեորգիեւի, Կոնստանտին Գ. Օրբելյանի, Սըր Դեյվիդ Վիլքոքսի, Ռիչարդ Քոքի, Հեսոս Մեդիայի եւ այլ հայտնի երաժիշտների հետ: “Yale Alumni Chorus”-ի երգացանկն ընդգրկում է բարոկկո դարաշրջանից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր, ինչպես նաեւ տարբեր ժողովուրդների երգեր: Օրբելյանների ընտանիքին նվիրված համերգային ծրագրով Հայաստանում հանդես գալու գաղափարը պատկանում է “Yale Alumni Chorus”-ի անձնակազմին:
BRAVO.am-ի հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ համերգի կազմակերպման եւ գաղափարի մասին լսել է իր զարմիկից, ով եւ աշխատել է Եյլի երգչախմբի հետ: «Բնականաբար շատ ուրախ եմ, շատ շնորհակալ նրանց, որ հատուկ Օրբելյանների ընտանիքին նվիրված համերգ են կազմակերպել եւ եկել Երեւան»,-ասաց կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Իսկ դաշնակահար, դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի եղբորորդի` Կոնստանտին Օրբելյանը BRAVO.am-ին պատմեց, որ բազմիցս առիթ է ունեցել աշխատելու Եյլի համալսարանի երգչախմբի հետ. «Միասին համերգներով հանդես ենք եկել տարբեր երկրներում, մասնակցել ենք Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, բայց ինձ համար այս համերգն անակնկալ էր, հաճելի անակնկալ:)»:
Ծրագրի ընթացքում Եյլի համալսարանը հատուկ մրցանակ հանձնեց դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին: “Yale Alumni Chorus”-ի հետ հանդես եկան նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը`գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Րաֆֆի Միքայելյանի գլխավորությամբ, եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում ընդգրկված էին տարբեր ստեղծագործություններ: “Yale Alumni Chorus”-ը եւ «Փարոս» կամերային երգչախումբը կատարեցին Արամ Խաչատրյանի «Ժողովուրդների բարեկամություն» եւ «Երգ Երեւանի մասին» ստեղծագործությունները, Լեոնարդ Բերնսթայնի «Աճեցնենք մեր այգին» գործը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի հետ ներկայացրեց «Նվիրում Գերշվինին» ստեղծագործությունը, Կոնստանտին Օրբելյանի կատարմամբ հնչեց Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Ծրագրում ընդգրկված էին նաեւ Քոլին Բրիթի, Կոմիտասի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ Գրիգոր Սյունու ստեղծագործություններից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: