Հարի Բարդինը, Բորիս Գրաչեւսկին ու շատ այլ հայտնիներ Հայաստանում են :) Հոկտեմբերի 12-ին “Մոսկվա” կինոթատրոնի կարմիր դահլիճում կայացավ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի բացումը, որից առաջ Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել էին փառատոնի հյուրերը, հանդիսականներն ու մասնակցում համերգային ծրագրին, որտեղ հանդես եկան Ալլա Լեւոնյանը, Հայկ Պետրոսյանը եւ տարբեր պարային խմբեր: Համերգային ծրագրին հաջորդեց փառատոնի բացումը, որին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կինոմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի արվեստի անվանի գործիչներ: Հյուրերի թվում էին «Երալաշ» մանկապատանեկան հանդեսի հեղինակ Բորիս Գրաչեւսկին, աշխարհահռչակ ռեժիսոր, անիմատոր Հարի Բարդինը: Փառատոնի ընթացքում կներկայացվի 81 ֆիլմ 27 երկրներից, որոնք կգնահատվեն նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Բացման սկզբում ներկայացվեց մասնակիցների ցանկը. փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ֆիլմեր Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Թուրքիայից, Բելառուսից եւ այլ երկրներից: Մանկապատանեկան փառատոնի շրջանակներում կկայանա Հարի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» հայտնի մուլտֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այս տարի փառատոնի մի շարք անվանակարգերի թվում ավելացել է եւս մեկը` «Դու մենակ չես, միասին կհաղթենք», որը կունենա նաեւ սոցիալական ուղղվածություն: Փառատոնի կազմակերպիչ, Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն այնքան հուզված էր, որ վախենում էր շնորհակալական խոսք հայտնելուց մոռանալ իրենց աջակիցներից որեւէ մեկի անունը. «Արդեն 6 տարի է` անց է կացվում փառատոնը, թվում է` տարեցտարի հուզմունքը պետք է վերանա, բայց այն ավելի է շատանում...շնորհակալ եմ բոլորից, որ մեր կողքին են...»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշերին էլ կարեւորեց, որ փառատոնի շրջանակներում կլինի բժշկական անվճար օգնություն երեխաներին, որը կիրագործեն արտերկրից ժամանած մասնագետները: Հանդիսատեսի համար փառատոնի կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել. իր ուրախ կատարմամբ հանդես եկավ Գրիգորի Գլադկովը, ում հետ էր նաեւ նրա դուստրը: Գլադկովը դահլիճի բոլոր երեխաներին բեմ հրավիրեց ու երգեց` կիթառ նվագելով: «Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է, ունի տաղանդավոր, լուսավոր երեխաներ, հիանալի բնություն, սա մի վայր է, որտեղ պետք է ստեղծվի կինո»,- ասաց Գլադկովն ու հավելեց, որ լինելով «Մանկական Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամ, ամեն անգամ այնտեղ տեսնում է, թե ինչպես են հայ երեխաները շատ լավ, փայլուն ելույթ ունենում ու բարձր տեղեր զբաղեցնում: Հայկ Պետրոսյանն էլ Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի համար սա մշակութային աշխուժություն առաջացնող միջոցառում է. «Շատ կարեւոր է նաեւ երեխաների համար, նրանց կուլտուրա է մատուցվում` իրենց հասանելի, մատչելի լեզվով, ոչ թե խիստ տոնով` բալիկ ջան, մի հատ նստի քեզ բան եմ ասում: Մենք այդ սովետական շրջանի մուլտիկներով ու ֆիլմերով ենք մեծացել, մի շարք ծիծաղելի մուլտեր, ֆիլմեր կան, որոնցից մենք հաճախ ինչ-որ բաներ ենք ցիտում...»: Փառատոնի բացում եղավ «Պիլոտ» ստուդիայի մուլտֆիլմերի հատուկ ցուցադրությամբ: Նշենք, որ փառատոնն անց է կացվում Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր նպատակն է երեխաներին ներկայացնել ուսուցողական ու հետաքրքիր ֆիլմեր, հնարավորություն տալ այցելել կինոթատրոն ու այնտեղ ֆիլմ դիտել. «Մենք ընտրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք ասելիք, հաղորդագրություն ունեն»,- ասաց Նունե Մանուկյանը: Բոլոր ֆիլմերը նոր են, առավելագույնը 2-3 տարվա նկարահանված: Փառատոնի ընթացքում կլինեն նաեւ վարպետության դասեր, կանցկացվի բարեգործական բուժօգնության ծրագիր, կլինի «Ես իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդես: Ֆիլմերի ցուցադրությունները կլինեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Մոսկվայի տանն ու Խնկո Ապոր անվան գրադարանում: Մանկապատանեկան 6-րդ միջազգային փառատոնը Երեւանում կտեւի մինչ հոկտեմբերի 16-ը, որից հետո կլինի շրջագայություն ՀՀ մարզերով. փառատոնը կտեւի 40 օր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: