«Ցանկալի ու սեքսուալ կարելի է լինել առանց մերկանալու»:) 17-ամյա Մարտան այսօր Երգի պետական թատրոնում «ատեստացիա» է անցնելու. ԵՊԹ-ի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի համար նոր սերնդի երգչուհին պետք է կատարի 9 երգ առանց դադարի. «Ամենատարբեր ոճերի երգեր կկատարեմ` սկսած սոուլից, ջազից, R&B-ից մինչեւ գուսանական: Երգի փոքրիկ քննություն է, որով կարող եմ հասկանալ, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում, ինչպես կերգեմ, ի վերջո կշարունակեմ մնալ հիմնական կազմում:)»: «6/8 չեմ երգի, որովհետեւ իմը չէ» 4 տարեկանից նա երգել է «Արեւիկ» մանկական անսամբլում, «Դո-ռե-մի» ստուդիայում, 10 տարեկանում ընդունվել է Երգի պետական թատրոն: Ընդունելության քննությունների շրջանում դադար է վերցրել, հիմա թատրոնի 5-րդ սերնդի կազմում է: Իրեն ապագայում տեսնում է ջազային ու սոուլ երգեր կատարող. «Չնայած հիմա մասսայական է «թեթեւ» երաժշտությունը, բայց, կարծում եմ, կա մարդկանց մի խումբ, որ ուզում է լսել ջազ ու սոուլ: Ինչ լսարանին տաս, այն էլ կլսի: Եթե ինտերնետով, հեռուստաալիքներով հեղեղեն ուրիշ ժանրի երաժշտություն, ժողովուրդը դրա պահանջարկը կունենա: Հիմա ինքս պարապում եմ, որ որակյալ երգչուհի դառնամ, ինչի համար տարիներ են պետք: Միանգամից տեսահոլովակներ նկարահանել չեմ ուզում, հիմա այնքան շատ են անիմաստ նկարում»: Երիտասարդ երգչուհին երկու ձայնագրված երգ ունի` «7 օր» եւ «I Believe in You»: Ասում է, որ ցանկացած ելույթից առաջ շատ է հուզվում ու անհանգստանում. «Միշտ մտածում եմ` հանկարծ կոշիկս չկոտրվի, չընկնեմ, երգի խոսքերը չմոռանամ, թեեւ բառերը մոռանում, հաճախ ինձնից եմ հորինում:)»: Որեւէ մեկին նմանվել չցանկացող Մարտան նպատակ չունի կատարել այնպիսի երգեր, որոնք արագ սիրվում, արագ էլ մոռացվում են. «Մոդայով չեմ շարժվում, եթե այսօր ավելի շատ երգում են 6/8 ոճում, զոհ չեմ գնա, ստիպված չեմ երգի, որովհետեւ իմը չէ»: «... ու դահլիճը լեփ-լեցուն կլինի» :) Այսօր Մարտան երազում է մեծ մենահամերգի մասին, որի ժամանակ կերգի բացառապես իրեն հոգեհարազատ երգեր. «Պատկերացնում եմ` տարբերվող բեմադրություններով մենահամերգ, որի ժամանակ իմ սիրելի երգերը կկատարեմ, ու դահլիճը լեփ-լեցուն կլինի:)»: Նպատակին հասնելու համար նա կատարելագործում է վոկալն ու պարային պլաստիկան: Մարտան պատմեց, որ Երգի պետական թատրոնի նոր սերնդի երգիչներն այժմ նոր նախագծի վրա են աշխատում. երգելու են Կոմիտասի 11 երգերն Արթուր Գրիգորյանի դաշնամուրային նվագակցությամբ. «Վստահ եմ` այդպիսի որակյալ բան քիչ է արվում Հայաստանում: Հիմա պարապում ենք, բազմաձայն ենք երգում, բայց դեռ պարզ չէ` համերգ կտանք, թե ձայնասկավառակ կլինի»: Երկրորդ մասնագիտությունը` լեզվաբան Երգչուհին սովորում է Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետում, անգլերեն լեզվի բաժնի առաջին կուրսում. լեզուների հանդեպ սերն է նրան բերել այս ֆակուլտետ: «Չէի ցանկանում սովորել Կոնսերվատորիայում: Միայն երգը չէ. ուզում էի երկրորդ մասնագիտություն ունենալ: Լեզուների իմացությունը ինձ հաստատ չի խանգարի:)»,- ասում է նորաթուխ ուսանողն ու հիշում, որ առաջին շաբաթը «լացելով» է համալսարան գնացել. «Այնքան անտրամադիր էի, հիասթափվել էի, կարոտում էի դպրոցն ու դասարանցիներիս: Ժամանակի ընթացքում համակերպվեցի: Նույնիսկ դասախոսներից մեկը քննության ժամանակ ասաց, թե ինչիս են պետք լեզուները, մանավանդ անգլիական թեքումով` Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցն եմ ավարտել»: Մարտան մերկ չի նկարահանվի Մարտան հավաստիացնում է, որ գայթակղիչ առաջարկներ չի ընդունի. չի մերկանա լուսատեսանկարահանումների համար. «Անկեղծ ասած, ոչ միայն ցանկություն չունեմ, այլ նաեւ գիտեմ, որ ծնողներիս դուր չի գա: Ցանկալի ու սեքսուալ կարելի է լինել առանց մերկանալու` ավելի փակ հագուստով: Եթե, օրինակ, Անջելինա Ջոլին հագնի սեւ հասարակ զգեստ, իսկ Փերիս Հիլթոնը` լողազգեստ, ինձ համար ավելի սեքսուալ կլինի առաջինը: Կարճ զգեստներն ավելի ցանկալի են դարձնում, քան մերկանալը: Հավատացնում եմ` 5-6 տարի հետո կարող ենք խոսել այս մասին, կարծիքս չեմ փոխի:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Մարտայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: