Երգչուհին չի երգի եզրափակչում
Մայիսի 14-ին` այս գիշեր, Դյուսելդորֆում կկայանա “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչը: Մրցույթի կիսաեզրափակիչը չհաղթահարած` Հայաստանը ներկայացնող Էմմին “Boom-Boom”-ը չի հնչեցնի այս փուլում:
“Ոչ մի կատարող, ով չի անցել եզրափակիչ, չի երգի, այդ թվում` Էմմին: 4 երկրի բողոքը չի ընդունվել: Նորից եմ կրկնում` Հայաստանը չի բողոքարկել”,- քիչ առաջ այս հայտարարությամբ է հանդես եկել երգչուհու մայր ու պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում:
Նադեժդա Սարգսյանը նաեւ գրել է հետեւյալը. “Շուշան ջան, Երզնկյան ջան, Լեյլա ջան, Էմմա Պետրոսյան ջան, Հայկո ջան, Սպիտակցի Հայկո ջան եւ բոլոր նրանք, ովքեր ճնշման են ենթարկվել չուզողների կողմից մեր պատճառով, շատ շնորհակալ եմ”:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան պատվիրակության որոշ անդամներ հայտարարում էին այն մասին, թե Հայաստանը բողոքարկել է մրցույթի առաջին փուլի արդյունքները: Իսկ երեկ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու Նադեժդա Սարգսյանը հայտարարություն տարածեցին, թե ոչ երգչուհին, ոչ էլ հայաստանյան պատվիրակությունը իրականում չեն բողոքարկել “Եվրատեսիլ 2011”-ի մրցույթի արդյունքները:
“Եվրատեսիլ 2011”-ի եզրափակչում մրցող 25 երկրից առաջինը “Arena”-ի բեմ դուրս կգա Ֆինլանդիայի մասնակիցը, այնուհետեւ իրենց երգերը հետեւյալ հաջորդականությամբ կներկայացնեն Բոսնիա եւ Հերցեգովինայի, Դանիայի, Լիտվայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ավստիրայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Վրաստանի ներկայացուցիչները:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: