“Ջազը մտածել սիրող մարդկանց համար է” Սեպտեմբերի 24-ին “Մեցցո” ակումբում ջազ էին ունկնդրում: “Կատուների” Վահագն Հայրապետյանն իր` Նյու Յորքից ժամանած ընկերոջ` Զեիդ Նասերի հետ ջազային ստանդարտներ էր նվագում: “15 տարի առաջ հյուրախաղերով գնացել էի Նյու Յորք, որտեղ էլ ծանոթացա Զեիդի հետ, ու այդ ժամանակվանից մտերիմ ենք: Զեիդը 7 տարի առաջ երեք շաբաթով Երեւան էր եկել, բայց երեք տարի մնաց ու սկսեց հայերեն սովորել”, - ասաց Վահագն Հայրապետյանը, իսկ Զեիդ Նասերը հայերենով ավելացրեց, որ հիմա էլ է սովորում, մի քիչ հասկանում է, բայց դեռ լավ չգիտի: “Այն ժամանակ Վահագնի տրիոյի հետ ծանոթացա, գիտեի Հայաստանի մասին, Սեւանա լճի մասին, նույնիսկ խորովածի մասին: Եկա ու հավանեցի Հայաստանը: Հետո տարբեր երկրներ եմ գնացել հյուրախաղերով, հիմա էլ պետք է գնամ, բայց փետրվարին նորից գալու եմ Երեւան”,- այս անգամ իր մայրենի անգլերենով ասաց ջազմենը: Զեիդի կարծիքով` հայ հանդիսատեսի որոշ հատված ջազ շատ է սիրում. “Կապ ունի ակումբն ու միջավայրը, տեղեր կան, որ չեն գալիս, բայց շատ ակումբներում իսկական ջազ լսողներ են գալիս: Ջազն ավելի շատ ակումբային մթնոլորտ է սիրում, հանդիսատեսի մեծ թիվն այդքան էլ կապ չունի: Երբեմն տարիքով մարդիկ են գալիս, որովհետեւ ջազը մտածել սիրող մարդկանց համար է”, - նշեց սաքսոֆոնահարը: Վահագն Հայրապետյանը պատմեց, որ շուտով համերգներով ու վարպետության դասեր տալու նպատակով մեկնելու են Կիպրոս. “Մեզ ամերիկյան կառավարությունն է ուղարկում ջազը պրոպագանդելու, նվագելու ու դասավանդելու համար”: Երեկոյի ընթացքում երաժիշտները ջազային իմպրովիզներ էին կատարում, նախապես չէին որոշել երգացանկն ու հերթականությունը. “Հաճախ ըստ տրամադրության ենք ընտրում երգերը, սիրում ենք ընթացքում իմպրովիզներ անել, որ մեզ համար էլ հետաքրքիր լինի”, - ասաց Վահագն Հայրապետյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: