“Հայ տղամարդիկ ավելի համով են:)”
Ջուս. հայկական շոու-բիզնեսի անկաշկանդ եւ անկանխատեսելի երգչուհին իրականում ունի բարդույթներ, որոնց մասին սովորաբար չի խոսում: BRAVO.am-ի հետ երգչուհու զրույցը` տղամարդու իր իդեալի, տարվա սիրելի եղանակի ու ազատության մասին:
Կրքոտ Ջուսն ասում է` երբեք թույլ չի տալիս տղամարդկանց օգտվել իր ազատությունից. “Ուզում են, բայց չի ստացվում, քանի որ ես անկեղծությունից բացի նաեւ խելք ունեմ, գիտեմ, որ տղամարդիկ ասում են մի բան, մտածում` այլ, անում` միանգամայն ուրիշ բան”:
Արտերկրում ապրած երգչուհին, համեմատելով հայ եւ օտարազգի տղամարդկանց, առավելությունը տալիս է հայրենակիցներին. “Մենթալիտետի տարբերություն կա. նրանք ազատ են, առանց բարդույթների, բայց հայ տղամարդիկ ավելի համով են, աղը տեղն է...:)”:
Իր իդեալի մասին խոսելիս Ջուսը նշում է, որ նման տղամարդ գտնելը բարդ է. “Պետք է լինի հումորով, խելացի, ճաշակով, աղա, ինձ հասկացող մարդ: Անընդհատ զարմացնի եւ այնպես անի, որ չգժվեմ, որովհետեւ “գժված” Ջուսը երբեք չի նայում, թե ով է իր առջեւ կանգնած: Բայց որտեղի՞ց նման տղամարդ...:)”:
Բաց, կարճ ու թեթեւ
“Սիրում եմ ոչ շատ շոգ ամառը, երբ կարող եմ հագնել բաց, կարճ, թեթեւ ու հանգիստ զգեստներ: Օրինակ` ձմռանը ստիպված հագնում են ծանր վերարկուներ, իսկ տարվա այս եղանակը մեզ թույլ է տալիս կրել ավելի գեղեցիկ ու հարմարավետ հագուստ”: Ջուսը գիտի` որտեղ եւ ում ընկերակցությամբ կարող է իր ուզածի պես հագնվել. “Եթե մենակ եմ, շատ կարճ չեմ հագնում, քանի որ սկսում են խոսել, հեռախոսով նկարել: Ինձ հետ պետք է մայրս կամ էլ շատ մոտ ընկերուհիներիցս մեկը լինի”:
Այս ամառ երգչուհու զգեստապահարանում գերակշռում են վառ գույները. “Դա պայմանավորված է մազերիս վարդագույնի հետ: Չեմ սիրում միատոն` սեւ, շագանակագույն, շեկ գույները, որոնք այսօր տարածված են: Ավելի լավ, հետաքրքիր գաղափարներ ունեմ մազերիս հետ կապված, բայց հիմա չեմ ասի, կլինի նաեւ հագուսի ոճային հետաքրքիր փոփոխություն”:
Ջուսին հագուստի ընտրության հարցում օգնում է մայրը, ով, ինչպես երգչուհին է ասում, շատ լավ ճաշակ ունի. “Որեւէ շոր հավանելու դեպքում, միասին եւս մեկ անգամ նայում ենք ու գնում: Բեմական հագուստներիս համար էլ խորհրդակցում եմ ոճաբանների հետ. սիրում եմ, որ նման դեպքերում երկու կողմն էլ միմյանց լսում են, ոչ թե ոճաբանն անում է այն, ինչ պատվիրատուն է ուզում` առանց խորհուրդ տալու կամ որեւէ բան շտկելու”:
“Մանկուց աչքի եմ ընկել”
Իր ազատ ու անկաշկանդ հագուստներով Ջուսն աչքի է ընկել դեռ մանկուց. “Դպրոցում էլ կարող է ինձնից ավելի բոյով, երկար ոտքերով աղջիկները կարճ հագնեին, բայց, միեւնույն է, ես էի աչքի ընկնում, ինձ վրա էին սկսում խոսել”: Իսկ երգչուհու կարծիքով` աչքի ընկնելն արտիստի համար երջանկություն է.“Երբ ինձ կարճ կամ մի քիչ բաց հագած տեսնում են ու ոգեւորված սկսում նկարել, նորմալ է...:)”:
“Չեմ հանվի...”
“Կան մարդիկ, որ ձեւացնում են, ցույց տալիս, թե ազատ են, ինչը շատ շուտ հասկացվում է: Պետք չէ անել այն, ինչը քոնը չէ: Ոմանք իրենց ազատ ցույց տալու համար պատրաստ են հանվել: Ազատությունն իր սահմաններն ունի. ես երբեք չեմ հանվի, դա էժանագին PR է”,- նշում է երգչուհին:
Ջուսի խոսքերով` մի հոգեբանի հաջողվել է ճիշտ թվարկել իր բոլոր բարդույթները. “Շատերը կարծում են, թե ես կոմպլեքսներից զուրկ եմ: Երեւի, նմանները գժանոցում են ապրում: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես էլ կոմպլեքսներ ունեմ, բայց այդ մասին չեմ խոսի, որ չիմանան, ուղղակի պետք է այնպես անել, որ դրանք չերեւան:)”:
Կենսուրախ երգչուհին ասում է, որ երբեմն ժպտում է ժպտալու համար. “Ինձ ճանաչողները գիտեն, որ տխուր եմ, բայց ժպտում եմ:): Առօրյաս անցնում է շատ ակտիվ: Ուզում եմ ստեղծագործական կյանքս ավելի ակտիվանա, աճեմ, չեմ սիրում տեղում դոփել: Բեմից եւ հեռուստատեսությունից դուրս էլ ամեն ինչ շատ լավ է”:
Ջուսն իր կարգավիճակից գոհ է, հայ աղջիկներին էլ խորհուրդ է տալիս լինել այնպիսին, ինչպիսին կան, “չվախենալ ծնողներց, եղբայրներից ու ընկերներից, որ ազատություն ստանալու դեպքում ավելի տխուր վիճակում չհայտնվեն”:
Զրույցի վերջում երգչուհին ասաց, որ մի շարք նորություններ ունի սետղծագործական կյանքում. պետք է թողարկի երկրորդ ձայնասկավառկը շատ օրիգինալ ու, իր խոսքերով, Հայաստանում դեռեւս անհայտ ոճում: Կա նաեւ նոր տեսահոլովակի գաղափար, ինչի մասին կխոսի իրագործելուց հետո:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ջուսի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: