“Դորիանս”, “Բամբիռ”, Սուրեն Առուստամյան, “Ayas”, “Hayard” եւ մյուսները Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դեմ պայքարի միջազգային օր: Հիվանդությունը Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1988 թվականին: 2009 թվականի պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 84 դեպք, ՁԻԱՀ-ից մահացել է 46 մարդ: Հիվանդների ավելի քան 60%-ը 25-39 տարիքային խմբում են, որոնց մոտ կեսը գրանցվել է Երեւանում: Դեկտեմբերի 4-ին «Գիզա» ակումբում հավաքվել էին Հայաստանի ռոք-երաժիշտները` աշխարհում ամենավտանգավոր հիվանդություններից մեկի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հիշեցնելու համար: “Ռոքն ընդդեմ ՁԻԱՀ”-ի համերգը բացեց “Դեղ” խումբը, որի վոկալիստ Սրբուհին նշեց, որ միգուցե մի օր ունենան ՁԻԱՀ- ի դեմ ուղղված “դեղի տեսքով” երգ: 2 երգ ներկայացրեց “Դորիանս” խումբը, իսկ վոկալիստ Գոռ Սուջյանը կոչ արեց հետեւել առողջությանը ու ապրել առողջ, քանի որ հենց դա է կյանքում ամենից կարեւորը: “Բամբիռ” խմբի վոկալիստ Նարեկ Բարսեղյանը խնդրեց, որ մարդիկ ավելի զգույշ լինեն, քանի որ ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը շատ արագ 84-ից կարող է հասնել 100 000-ի: Ելույթ ունեցան նաեւ Սուրեն Առուստամյանը, «Hayard» խումբը, Ռաիսա Ավանեսյանը, Աղվան Պապոյանը, Ջիվան Խաչատրյանը: Կազմակերպիչները հատուկ անակնկալ էին պատրաստել ռոքասեր հասարակության համար: 1980-ական թվականներին ստեղծված առաջին հայկական ռոք խմբերից մեկը`“Ayas”-ը, որը երկար տարիներ ստեղծագործելուց հետո ցրվեց, սակայն մի քանի տարի առաջ կրկին վերամիավորվեց, եւս ելույթ ունեցավ: “Ռոքն ընդդեմ ՁԻԱՀ”-ի նախագծի կազմակերպիչը “Էյ Վի Շոու Պրոդաքշն” կազմակերպությունն էր: “Մենք որոշեցինք կազմակերպել համերգը դեկտեմբերի 4-ին, քանի որ շաբաթ օրը ավելի հարմար է նման հագեցած ծրագրով համերգի համար: Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի միջազգային օրն է, սակայն ամեն օր պետք է գիտակցենք հիվանդության վտանգը, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլում: Այսօր ելույթ են ունենում սիրված երաժիշտներ, ես որակյալ նախագծերի կողմնակից եմ, որպեսզի երկիրը զարգանա, իսկ մարդիկ էլ` բարիանան”,- նշեց “Էյ Վի Շոու Պրոդաքշն”-ի տնօրեն Արմեն Սարգսյանը: “Բավականին դժվար է կազմակերպել ռոք-ուղղվածության համերգ, թե տեխնիկայի , թե ձայնի առումով, շատ ծավալուն աշխատանք է տարվել: Ես ինքս ռոք չէի սիրում, բայց սկսեցի սիրել այս համերգի նախապատրաստական աշխատանքներից հետո :)», - պատմեց “Էյ Վի Շոու Պրոդաքշն”-ի փոխտնօրեն Վազգեն Ֆիշյանը: Առաջին հանրահայտ անձնավորությունը, ով հանրության առջեւ խոստովանել է, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով` ամերիկացի դերասան Ռոք Հադսոնն էր, իսկ ամերիկացի նկարիչ Ֆրենք Մուրը, ով նույնպես մահացել է ՁԻԱՀ-ից, հանդիսանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարը խորհրդանշող կարմիր ժապավենի ստեղծողը: ՁԻԱՀ-ից մահացած հանրահայտ մարդկանց թվում են ջազմեն Մայլս Դեւիսը, հայտնի ֆոտոմոդել Գիա Կարանջին, “Queen” ռոք խմբի վոկալիստ Ֆրեդի Մերքյուրին, գրող Այզեք Այզիմովը, բալետի պարող Ռուդոլֆ Նուրիեւը, երգչուհի Օֆրա Հազան, Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մադելայի որդին` Մագատո Մանդելան: Bravo.am-ը կոչ է անում հետեւել բժիշկների խորհուրդներին` պատահական սեռական հարաբերությունների ժամանակ միշտ օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միանվագ ներարկիչներ եւ ասեղներ, քանի որ ՁԻԱՀ-ը մինչ օրս էլ անբուժելի է: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: