“Լավ է, որ տաղանդ կա, բայց հաջողության գրավականի 95 տոկոսը աշխատասիրությունն է” Ռուսաստանում դեռեւս չկա պետական երիտասարդական նվագախումբ, Ղազախստանում այն ստեղծվեց միայն 2009 թվականին, Ադրբեջանում` 2010-ին: Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսոկովի խոսքերով` դիրիժորը “մութ” մասնագիտություն է, ով պետք է տարիներով երաժշտությամբ ապրի: Մեր պետական երիտասարդական նվագախումբը` ի դեմս գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, արդեն 5 տարի է` երաժշտությամբ է ապրում, այս տարի հոբելյանն է:): Հենց այս առիթով էլ հանդիպեցի Սերգեին: - 2005 թվականին հիմնադրեցիք ու գլխավորեցիք Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Ինչպե՞ս կգնահատեք այդ անցած հինգ ստեղծագործական տարիները: -Այո, այս տարի մեր կոլեկտիվի 5-ամյա հոբելյանն է: Նվագախումբը դեռ երիտասարդ է: Հինգ տարին այնքան էլ երկար ժամկետ չէ նվագախմբի կայացման համար, բայց բավական շատ բան ենք հասցրել իրականացնել: Հինգ տարիների ընթացքում ունեցել ենք բազում հյուրախաղեր տարբեր երկրներում: Շատ լուրջ երգացանկ ենք ձեռք բերել, իսկ դա կարեւոր է: Համագործակցել ենք աշխարհահռչակ երաժիշտների հետ` Մաքսիմ Վենգերով, Վլադիմիր Սպիվակով, Վալերի Գերգիեւ, Դենիս Մացուեւ, Վադիմ Րեպին: - Ինչպե՞ս եք նշելու ձեր 5-ամյա հոբելյանը: - Չենք ուզում հատուկ նշել. ոչ մի ֆիքսված օր չկա: Մի շարք համերգներ ենք ունենալու, հրավիրված շատ մենակատարներ են ժամանելու: Օրինակ` մայիսին Երեւան կժամանի աշխարհահռչակ ջութակահար Նինգ Ֆենգը: - Այդքան երիտասարդ տարիքում ` 18 տարեկանում, ինչպե՞ս ծագեց նվագախումբ հիմնադրելու միտքը: - Իրականում սկզբում սա մեծ նախագիծ էր, որովհետեւ ստեղծել երիտասարդական նվագախումբ այն երկրում, որտեղ այն երբեք չի եղել, բավական բարդ էր: Բայց գաղափարը միշտ էլ եղել է: Նվագախումբը ստեղծվեց 2005թվականի նոյեմբերին, դաժան ռեժիմով էինք աշխատում, եւ 2006 թվականի հունվարին արդեն տեղի ունեցավ մեր առաջին համերգը: - Ինչպե՞ս ընտրեցիք երաժիշտներին: - Սկզբնական գաղափարն էր ստեղծել մի օջախ Երեւանի պետական կոնսերվատորիան ավարտած երիտասարդ երաժիշտների համար: Հենց այդպես էլ ստացվեց. հավաքվեցին երիտասարդ երաժիշտները, եւ ստեղծվեց նվագախումբ: Երաժիշտներին կոնսերվատորիայում ուսանելու տարիներից գիտեի, շատերը կուրսեցիներս և ընկերներս էին:): Միասին էլ որոշեցինք` “իսկ ինչո՞ւ ոչ”, ու հինգ տարի անց կարող ենք փաստել, որ մեզ հաջողվեց: -13 տարեկանում Դուք արդեն բազմաթիվ մրցույթների դափնեկիր եւ հաղթող էիք , բակում խաղալու ժամանակ մնո՞ւմ էր :): - Շատ լավ էր, որ այդ տարիքում որոշակի հաջողություններ ունեի, բայց, եթե նկատի ունենք առօրյա կենցաղային կյանքը, ընկերներին, իհարկե, այդ ամենը ևս եղել է :): Այն ամենը, ինչ մենք ամեն օր զգում ենք, այդ թվում` բակը, ընկերությունը, շրջապատը, պետք է ճիշտ կառուցվի դեռեւս մանուկ հասակից, եւ ես դրա պակասը չեմ զգացել : -Դուք երկու մասնագիտություն ունեք` սիմֆոնիկ դիրիժոր եւ ջութակահար: Ջութակը ընտրեցիք, որովհետեւ Ձեր տատիկն էլ է՞ ջութակահարուհի: -Ջութակ սկսել եմ նվագել չորս տարեկանից ու հենց տատիկիս շնորհիվ: Երաժիշտ դառնալուս համար հենց նրան եմ պարտական, նա է հիմքը դրել: Սիրում էի երաժշտություն ու հաճույքով էի պարապում: Ընտանիքիս բոլոր անդամները երաժիշտներ են ու խոսում էին երաժշտությունից: Ես չէի հասկանում`ինչպես կարելի է չսիրել կամ չզբաղվել երաժշտությամբ: Բայց, ամեն դեպքում, այդ տարիքում պետք է մեկը, ով կոնկրետ ուղղություն ցույց կտա: Իմ դեպքում տատիկս էր, որ մինչեւ հիմա էլ օգնում է ինձ : -Իսկ որպես ջութակահար հիմա ներկայանո՞ւմ եք: -Հազվադեպ : Պատճառը ժամանակն է: Դիրիժորի գաղափարը ներառում է նաեւ կազմակերպչական աշխատանքներ: Կոլեկտիվը իրականում բավական բարդ մեխանիզմ է: 60-70 երաժիշտ, յուրաքանչյուրը` անհատականություն, եւ պետք է կարողանալ նրանց բոլորին համախմբել մեկ գաղափարի շուրջ: Եվ, ցավոք, այդ ամենի պատճառով չեմ հասցնում, բայց հուսով եմ` դրա ժամանակն էլ կգա : -Տատիկից ջութակի հանդեպ սերն է փոխանցվել, իսկ հայրիկից` կոմպոզիտորական տաղա՞ նդը : - Հուսով եմ` ոչ, որովհետեւ կոմպոզիտորը եւ երաժիշտ-դիրիժորը լրիվ տարբեր գաղափարներ են:): Դա շատ բարդ է: Ցանկացած գործ պահանջում է անմնացորդ նվիրում եւ աշխատանք: Իսկ դա շատ դժվար է համատեղել այլ գործունեության հետ, նույնիսկ` նույն ասպարեզում: -Բացի դասականից, ի՞նչ երաժշտություն եք լսում: -Ամեն ինչ եմ լսում: Նույնիսկ պահ է գալիս` դասական չեմ լսում : Ռոք էլ եմ լսում ու շատ ուրախ եմ, որ Հայաստանում ռոքը բավական մեծ զարգացում է ապրել: Շատ տաղանդավոր երաժիշտներ ունենք, օրինակ` “Դորիանս” խումբը: Ինձ թվում է` նրանք շատ բարձր կատարողական մակարդակ ունեն, եւ ոչ միայն Հայաստանում: -Այնուամենայնիվ, լինելով երիտասարդական նվագախմբի դիրիժոր` գուցե մեկ օր համատեղե՞ք դասականը այլ ժանրի հետ: -Ռոք իմ մեջ չկա, բայց ժանրերը կարող ենք խառնել: Օրինակ`Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը մի քիչ այլ ձևաչափով էր: Իսկ որոշ ժամանակ առաջ նույն նվագախումբը ներկայացավ Մաքսիմ Վենգերովի հետ` արդեն դասական ձևաչափով: Հենց դրա համար էլ երիտասարդական ենք, այո, կարող ենք մեզ թույլ տալ եւ փոխել ձևաչափը: - Նշեցիք, որ բազում հյուրախաղեր եք ունեցել, որտե՞ղ է եղել ամենատպավորիչ ելույթը: -Շատ հիշարժան ճամփորդություններ ու ելույթներ ենք ունեցել, բայց ամենից տպավորիչը 2007 թվականին էր, երբ մենք համերգով ներկայացանք Բեռլինում` դասական երաժշտության մայրաքաղաքում: Այդ ժամանակ դեռ պետական նվագախումբ չէինք: Համերգի ավարտին չափազանց խիստ գերմանացի հանդիսատեսը հոտնկայս ողջունեց մեզ, և վստահ եմ, որ դա նվագախմբի համար ամենից տպավորիչ պահն էր: Հենց այդ ելույթից հետո մենք պետական նվագախմբի կոչում ստացանք : -Հաճախ բոլորը պատմում են տարբեր երկրների հանդիսատեսների մասին, բայց նշում են, որ հայ հանդիսատեսը տարբերվում է : - Դե մերն ուրիշ է :): Եթե կա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, ուրեմն մենք առաջին հերթին աշխատում ենք հայ հանդիսատեսի համար: Բայց դա բավական բարդ է: Բոլորս էլ գիտենք` մենք `հայերս, հին ու բարդ ազգ ենք: Հայրենիքում նվագելը շատ ավելի պատասխանատու է, քան այլ տեղ: Այնտեղ, եթե վատ ես նվագում, հավաքվում ես ու տուն վերադառնում, իսկ այստեղ` սխալվելու իրավունք չունես: - Երիտասարդական նվագախումբը կարճ ժամանակահատվածում բավական ձեռքբերումներ է ունեցել: Տաղանդն ու հաջողությունը համադրելի՞ են: -Դասախոսներիցս մեկը միշտ ասում էր` լավ է, որ տաղանդ կա, բայց հաջողության գրավականի 95 տոկոսը աշխատասիրությունն է: Իսկ աշխատասիրությունը գալիս է, երբ դու սիրում ես գործդ, այն, ինչին դու նվիրվում ես առավոտից երեկո: - Նշեցիք, որ համագործակցել եք Մաքսիմ Վենգերովի, Վլադիմիր Սպիվակովի, Վալերի Գերգիեւի, Դենիս Մացուեւի, Վադիմ Րեպինի նման աշխարհահռչակ անունների հետ: Ո՞ւմ հետ եք երազում համագործակցել: -Համագործակցում ենք բոլորի հետ, ում հետ երազում ենք: Մինչեւ 2013 թվականը նվագախմբի համագործակցություններն արդեն պլանավորված են եւ երազելու ժամանակ նույնիսկ չկա : Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Սերգեյ Սմբատյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: