“Շատ, շատ ուրախ եմ հոս ըլլալ”
“Բարեւ ձեզ, շատ ուրախ եմ հոս ըլլալ: Առաջին անգամն է, որ նվագելու եմ Հայաստանում: Այնքան հուզված էի, որ չկարողացա լավ քնանալ, ադոր համար ուշացա... Շատ, շատ ուրախ եմ հոս ըլլալ”,- այս խոսքերով Սերժ Թանգյանը մի քանի ժամ առաջ ողջունեց իր հետ հանդիպման եկած լրագրողներին:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի հայաստանյան առաջին համերգը: Ռոք-երգիչը ժամանել է Կոպենհագենից, երեւանյան մենահամերգով շարունակելու է իր “Imperfect Harmonies” շրջագայությունը, որը նվիրված է նույն խորագիրը կրող ձայնասկավառակի օգոստոսյան թողարկմանը եւ եզրափակում է Elect the Dead Symphony համաշխարհային շրջագայությունը: Համերգներով կներկայանա նաեւ Բուխարեստում եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներում:
“Նորեն գուքամ”. Սերժ Թանգյան
“Քանի անգամ փորձել ենք Երեւանում ելույթ կազմակերպել, բայց տարբեր պատճառներով չի հաջողվել: Այս անգամ բարեբախտություն էր հիմա հաջողացնելը: Ավելի լավ կլիներ տուռից առաջ կամ վերջում գայի, որ մի քիչ մնայի, ավելի լավ ժամանակ անցկացնեի, բայց վնաս չունի, նորեն գուքամ”,- ասաց Սերժ Թանգյանը:
Ռոք-երգիչը նշում է` այսօր հայերի համար ռոքի ու դասականի շատ գեղեցիկ խառնուրդ է նվագելու: Բեմում կլինի իր խմբի 6 անդամների եւ 8 հայաստանյան դասական երաժիշտների հետ: Համերգի բացմանը ելույթ կունենա ԱՄՆ-ից ժամանած հատուկ հյուր “Viza” ֆոլկ-ռոք խումբը:
“Viza խմբի 9 անդամներից 5-ը հայ են: Իրենց բավական օգտակար ենք եղել մենեջմենթի առումով: Եվրոպական տարբեր համերգների էլ ենք հրավիրում, որ մեզ հետ նվագեն”,- ասաց Սերժ Թանգյանը:
Լավ “մյուզիքի” սիրահար Սերժ Թանգյանը :)
Նա հայաստանյան ռոք-խմբերի էլ է ծանոթ, բայց. “Մի ժանրի սիրահար չեմ. լավ մյուզիքի սիրահար եմ: Ռոք լինի, փոփ, ջազ, դասական, տարբերություն չեմ դնում, կարեւորը` լավ երաժշտություն լինի: Կսիրեմ ոգեւորել հայ տարբեր երաժիշտների, լավ երաժիշտների հետ կնվագեմ` հայ լինի, թե օտար”:
“Պստիկության ժամանակ ընտանիքս ոգեւորում էր, որ դաշնամուր նվագեմ, կիթառ, հետաքրքրված չէի: Միտքս հանգստացնելու համար քոլեջում, համալսարանում սկսեցի նվագել եւ դա դարձավ իմ կյանքը: 19-20 տարեկան էի: Սիրահարվեցի երգ գրելուն եւ երաժշտության աշխարհին, մինչեւ որ “System of a Down”-ը հիմնեցինք: Տարիներ-տարիներ աշխատելով, տուր անելով, երգ գրելով, հազար ու մեկ օր անցնելով, էլի աշխատելով` կամաց-կամաց այս հաջողությունը տեսանք:)”,- իր անցած երաժշտական ուղին պատմեց Սերժ Թանգյանը:
Ու եթե ռոք-երաժիշտը նկարի իր երգերը, յուրաքանչյուր երգ տարբեր գույների համադրություն կլինի. “Օրինակ` System of a Down-ի երգերի գույների մեջ ավելի շատ սեւ ու կարմիր կա, մանուշակագույն, իսկ իմ առաջին սոլո ձայնասկավառակը քիչ մը ավելի բաց գույներ ունի. նարնջագույն, կապույտ, կանաչ, իսկ այս նոր CD-ս կապույտ է, ավելի հսկայական ձայնի ու գույնի հարաբերություն է իրենից ներկայացնում”:
“Systen of a Down”-ի մեներգիչը նշում է` ռոք-խմբով նոր նախագծեր չունեն. “Միշտ առաջարկություններ ենք ստանում միասին հանդես գալու համար, բայց դեռ որոշակի որոշում չենք կայացրել: Ոչ մի բան չեմ բացառում. մենք լավ բարեկամ-ընկերներ ենք մնացել, մշտապես կապի մեջ ենք, եթե այդպիսի որոշում լինի, մեր կայքում կտեղադրենք, իսկ Հայաստանում խմբով համերգ տալու գաղափարը լավն է”,- ասաց Սերժ Թանգյանը:
Հայոց ցեղասպանության թեման, բնականաբար, շոշափվեց. “Ցեղասպանության 100-ամյակը 2015 թվականին է, այսօր 2010-ն է դեռ, դժվար է իմանալ` 5 տարի հետո ինչ կլինի: Ղարաբաղի պահով... Ես երբեք չեմ նստում ու որոշում` որեւէ հարցի մասին վաղը կամ մյուս օրը պետք է երգ գրեմ: Ինչ որ զգամ… Ճիշտն ասած, ես ավելի շատ համընդհանուր խնդիրների վրա կսիրեմ գրել: Հիմա երգ մը գրես Ղարաբաղի մասին, ադիգա լավ է Հայաստանի համար, բայց աշխարհի ամենալավ երգերը նրանք են, որ որտեղից էլ լինես, քո երգը կլինի: Չեմ գիտեր` լավ բացատրե՞ցի: Կարեւոր է, որ երաժշտությունը ներսից գա, անկախ այն բանից` որտեղից ես դու: Որքան նեղ է տվյալ երգի թեման, այնքան ավելի դժվար է դրա հանրամատչելիությունը բարձրացնել: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ երգի բառերի մեջ չեն կարող լինել ազատության եւ ազգային ինքնաիրականացման մասին բառեր”:
Ռոք-երգիչը ռոքի աստղեր Թոնի Այոմիի եւ Իէն Գիլանի` Գյումրիի երաժշտական դպրոցին աջակցելու ծրագիրը հոյակապ որակեց` նշելով, որ կմիանա վերջիններին:
“Եվրատեսիլ”-ում Հայաստանը ներկայացնելուց էլ Սերժ Թանգյանը խոսեց. “2008-ին Ֆինլանդիայում համերգներով Էինք հանդես գալիս, մի լրագրող հարցրեց այդ մրցույթի մասին: Գաղափար անգամ չունեի, ինձ հարցրեց` չե՞մ ուզում հանդես գալ, բարձրացնել հասարակության իրազեկությունը Ցեղասպանության մասին… Հետո մի հոդված գրեց, որ ես կմասնակցեմ “Եվրատեսիլ”-ին:), հետո սկսեցին լրատվամիջոցները հետաքրքրվել, հետո տեսա, որ թուրքական խորհրդարանը հետաքրքրված է, իրենց քրքրում ու նեղացնում է դա, սկսեցի մտածել` կարելի է:)”,- ասաց նա:
Սերժ Թանգյանը իր անունով երաժշտական դպրոց հիմնել չի ցանկանում:). “Ես դպրոց շատ չեմ սիրել եւ կյանքում էլ շատ չեմ սիրած: Ինձ հրավիրում են գնալ, խոսել դպրոցներում, ես էլ գնում, խոսում եմ ժամանակ առ ժամանակ, բայց ես երաժիշտ եմ ու ցանկանում եմ իմ սրտի խոսքն ու գաղափարներն արտահայտել իմ երաժշտության միջոցով”:
“Imperfect Harmonies” ձայնասկավառակում հայերեն մի երգ կա, առաջին անգամ է ռոք-երգիչը իր CD-ում հայերեն ստեղծագործություն զետեղում: “Yes, it’s genocide”-ը, Սերժ Թանգյանի խոսքերով, իր համար շատ թանկ երգ է: Ռոք-երգիչը ազատ ժամանակ սիրում է երաժշտություն գրել, ընթերցանությամբ զբաղվել, վազել. “Երբ ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ հանգստություն ու խաղաղություն իմ ներսում կուտակել”:
Անձնական հարցերի Սերժ Թանգյանը չի պատասխանում. Ամուսնացա՞ծ է, թե՟ ոչ, ընտրյալը հայուհի՞ է արդյոք, դա թող գաղտնիք մնա:):
Սերժ Թանգյանի երեւանյան համերգի կազմակերպիչներն են Deem Communications եւ Fugitive Studios ընկերությունները, իսկ բացառիկ գործընկերը` VivaCell-MTS բջջային օպերատորը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: