«Դրական էներգիաս փոխանցելու համար պետք է աշխատանքս սրտանց թողնեմ» Նկարչական վրձինը ձեռքն առած, նկարչությամբ տարված բժշկուհի Սիրանուշ Բաղրամյանն իր գարնանային ցուցահանդեսով ներկայանում է արվեստասերներին: Նա պատմում է, որ նկարչական ձիրքն իր մեջ հայտնաբերել է 11 տարի առաջ, նույնիսկ օրն է հիշում` 2000 թվականի օգոստոսի 12-ին: Սկզբում կերամիկական ներկերով նկարել է տարատեսակ ափսեների վրա, ապա դիմանկարներ, վերջին շրջանում նրա ուշադրության կենտրոնում ծաղիկներն են. «Միշտ փորձել եմ նոր ու հետաքրքիր լուծումներ գտնել, տեխնիկապես չկրկնօրինակել ոչ մեկին, տարբեր նորամուծություններ անել: Իմ արվեստանոցն իմ տունն է. բնակարանիս տարբեր անկյուններում ստեղծագործում եմ:): Տան պահարանի, ապակե սեղանի, պատի վրա կտեսնեք իմ նկարչությունը»: Ապրիլի 2-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը Սիրանուշ Բաղրամյանի 8-րդ անհատականն է: «Գարնանային անուրջներ» խորագիրն է ընտրել այս ցուցահանդեսի համար, թանգարանի պատերը զարդարող ծաղիկներում առկա են բազմաշերտ ծավալներ, ռելիեֆային անհարթություններ, նկարելիս շեշտադրել է նուրբ երանգները. «Գույներ եմ սիրում, նրբերանգներ: Որոշ շրջան հոգեհարազատ են լինում սառը պաստելային գույները, որոշ ժամանակ էլ վառ ու տաք երանգները:)»: Ցուցադրված մոտ 40 նկարը վերջին ժամանակաշրջանի աշխատանքներ են. «Հաճախ մի քանիսի վրա միաժամանակ եմ աշխատում, մեկ նկարի վրա մեկ ամսից մի փոքր ավել կամ պակաս ժամանակ եմ ծախսում»: Նկարչուհին 2007-ին պետական հրավերով Ֆրանսիայում երկու անհատական ցուցահանդես է ունեցել: Նույն թվականի հոկտեմբերին նրա գործերը ներկայացվել են Ֆրանսիայում կազմակերպված միջազգային տոնավաճառում` «Foire»-ում. «Հիշում եմ, երբ Ֆրանսիայից վերադառնում էինք, մեզ հետ մի ֆրանսիացի կար, ում ցույց էի տալիս թոռնիկիս լուսանկարները: Ֆոտոյի մեջ իմ նկարներից մեկն էր երեւում, ու ֆրանսիացին այդ գործի օրիգինալն էր ուզում գնել: Մի քանի ամիս հետո նորից Ֆրանսիայում նա եկավ իր հավանած նկարը տանելու ու միանգամից ճանաչեց այդ գործը:)»: Ֆրանսիայի ցուցահանդեսից հետո նա վերադարձել է Հայաստան` այնտեղ թողնելով մոտ 55 աշխատանք. «Սկզբում շատ դժվար էր ինձ համար, որ իմ «մասնիկները» թողնելու եմ ֆրանսիացիներին: Ինքս գիտակցեցի, որ եթե ուզում եմ դրական էներգիաս փոխանցեմ մարդկանց, ուրեմն պետք է նկարը սրտանց թողնեմ»: Աշխատանքներն անվանումներ չունեն, բայց հեղինակը հստակորեն տարբերում է մեկը մյուսից նրբերանգներով. «Ֆրանսիայի գործերս վերնագրեցի. այնտեղ ընդունված է, բայց չեմ ցանկանում անվանումով պարտադրել դիտողին, մարդն ազատ է ընկալել ինչպես ուզում է»: Ի դեպ, Սիրանուշ Բաղրամյանի նկարչական տեխնիկան հատուկ անվանում ունի` «Սիրանժ»: Այդ տեխնիկան ներառում է տարատեսակ նյութեր` հիմնականում ակրիլ, տուշ, սիլիկոն. «Շատ էի ուզում ծավալային երկչափ ծաղիկներ անել, իրոք, ստացվեց: «Սիրանժ» անունը ես չեմ ընտրել, այլ մի արվեստասեր տիկին, որը դիտելով նկարները, այդպես անվանեց»: Իր առաջին մասնագիտությամբ ալերգոլոգ նկարչուհին այժմ ամբողջությամբ նվիրվել է նկարչությանը, նշում է` ծնվել է, չի դարձել նկարիչ. «Ես պետք է իմ կյանքը ապրեի, կուտակեի, որ կարողանայի մատուցել: Նկարելու ունակությունն ինձ տրվել է, ինձանից ժայթքում է, նույնիսկ նկարելուց հետո մեջս հարց է առաջանում` արդյոք ես եմ հեղինակը:)»: Ցուցահանդեսի նմուշները կարող եք անձամբ գնահատել մինչեւ ապրիլի 17-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Սիրանուշ Բաղրամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: