×


Սիրուշո

Սիրուշո

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը “Եթերը լացելու տեղ չէ” Վերջին շրջանում մշտապես զբաղված Սիրուշոն, ինչպես ինքն ասաց ժպիտով, դարը մեկ մարզվելու էր գնացել, եւ հենց մարզումների ընդմիջմանն էլ տեղի ունեցավ մեր զրույցը: Հետաքրքրվեցի, թե իր առօրյայում այժմ առավել շատ ինչի համար է ժամանակ գտնում: - Վերջին շրջանում առօրյայումս առավել շատ ժամանակ հատկացնում եմ երաժշտություն լսելուն, երգեր գրելուն: Օրվաս մեծ մասն այդպես է անցնում: Sirusho - Հատկապես ի՞նչ երաժշտություն ես լսում, ի՞նչն է քեզ դուր գալիս: - Վերջին շրջանում շատ հետաքրքիր բան եմ նկատել իմ մեջ. կարող է ողջ օրը լսեմ արտասահմանյան երաժշտություն, ժամանակակից գործեր, իսկ հետո գրեմ հայկական ժողովրդական մոտիվներով որեւէ երգ: Կամ հակառակը, կարող է ողջ օրը լսեմ դասական երաժշտություն եւ արդեն օրվա վերջում, երբ ինձ տրամադրեմ երգ գրելուն, գրեմ արեւելյան ոճի որեւէ երգ: Այսինքն`  ինչ-որ հետաքրքիր ու տարօրինակ բան է կատարվում ու չեմ հասկանում, թե ինչու: Տրամաբանորեն պետք է այդ ոճի կամ այդ շունչը ունեցող մի բան անեի, բայց լրիվ հակառակն է ստացվում: - Հետաքրքիր է  նաեւ այն, որ ինչ երգ գրում ես, մարդիկ փորձում են դրա մեջ ինչ-որ անձնական տարր տեսնել  ու գրածդ բառերը վերագրել քեզ`  քո անձնականին: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում: - Իմ երգերից անգամ չգիտեմ` որն է իմ մասին: Երգեր գրելիս դու կարող ես շատ տարբեր զգացումներ ունենալ, շատ տարբեր ազդեցությունների եւ տպավորությունների տակ կարող ես լինել եւ անպայման չէ, որ դա հենց քո հոգեվիճակից բխի: Այսինքն`  երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում քո շրջապատում. ես էլ կարողանում եմ ցավը վերցնել ինձ վրա… Երեւի այդպես է արտահայտվում: - Զգացմունքայի՞ն մարդ ես: - Փորձում եմ չլինել. աշխատում եմ իմ զգացմունքայնության վրա: Ամեն ինչ շատ իմ մեջ պահող մարդ եմ: Այսինքն` եթե վատ բան կա, դա պահում եմ իմ մեջ, փորձում եմ զգացմունքներս շատ ի ցույց չդնել, բայց որքան էլ փորձեմ, երեւի հայկական գեների մեջ շատ է զգացմունքայնությունը, հուզմունքը: Sirusho - Առհասարակ հաջողակ մարդ ես. թվում է`  ինչ էլ ձեռնարկես  կամ ինչում էլ ընդգրկված լինես, հաջողությամբ  է  պսակվում, արդյոք այդպե՞ս է եւ արդյոք ճի՞շտ  է այդ տպավորությունը: - Ընդհանրապես, վերջին շրջանում մարդկանց տպավորությունն իմ մասին գրեթե չի համապատասխանում իրականությանը, բայց դրա մեջ ինքս էլ ներդրում ունեմ: Ինչո՞ւ, որովհետեւ իմ մասին մշտապես պտտվող բամբասանքներ են լինում, որոնք իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում` անգամ մեկ տոկոսով: Բայց իմ բնավորության համաձայն չեմ արձագանքում դրանց, չեմ սիրում ինտրիգներ, չեմ սիրում պարզաբանել ինչ-որ բաներ. դրա պատճառով էլ ոչ ոք չի իմանում իրականությունը, քանի որ անգամ չեմ էլ հերքում: Կարող են նաեւ լուրեր պտտվել իմ ֆան- ակումբներում, որտեղ տեսնում եմ, թե ինչեր են քննարկում, անգամ դրանց  չեմ  արձագանքում` իմանալով, որ ամբողջությամբ սուտ է: Ինչ վերաբերում է հաջողակ լինելուս` այդպիսի տպավորություն թողնում եմ, որովհետեւ երբեք չեմ սիրում եթերից կամ հարցազրույցների ժամանակ խոսել իմ դժվարությունների մասին կամ, որ ինձ էլ ինչ -որ բան մի քիչ դժվար է տրվում: Ես այդպիսի բան չեմ սիրում եւ կարծում եմ` եթերը լացելու համար չէ: Սիրում եմ ոգեւորել մարդկանց: - Խոսեցիր մանկությունից,  հիշո՞ւմ ես քեզ 5 տարեկանում: - Հիշում եմ, շատ լավ եմ հիշում, ինչի համար շնորհակալ եմ ծնողներիս, քանի որ տեսագրել են ամեն ինչ :): Շատ աշխույժ երեխա էի, ու հետաքրքիր է, որ ասում են` երբ երեխան աշխույժ է լինում, մեծանում, հանդարտվում է, դա, երեւի, իմ մասին է, այժմ շատ հանգիստ եմ: Աշխույժ եմ միայն աշխատանքի մեջ ու բեմում, ողջ էներգիաս պահվում է նման առիթների համար: Բեմում էներգիաս անսպառ է: - Թվում  է`  5 տարին կարճ ժամանակամիջոց  է, բայց իրականում մի ողջ կյանք է: Այս տարիների ընթացքում այնքան զարգացումներ են եղել, քեզ համար հատկապես ի՞նչն ես կարեւորում այս ժամանակամիջոցում: - Այս 5 տարվա ընթացքում շատ բան է տեղի ունեցել,  հատկապես իմ կյանքում: Կարող է այս 5 տարին լիներ մի այլ տարիքային հատվածում եւ այսքան բան տեղի չունենար, բայց քանի որ դա այն պրոցեսն է, երբ ինչ-որ փոփոխությունների շրջանում ես, այդ ժամանակ ավելի շատ է թվում: Իմ դեպքում եղավ թե ամուսնություն, թե աշխատանքային ձեռքբերումներ. լսարանիս սահմանները դուրս եկան Հայաստանից,  հայ համայնքից ու տարածվեցին Եվրոպա եւ այլուր, երկրպագուների թիվը, բնականաբար, մեծացավ եւ փոխվեց, ընդգրկեց բոլորովին ուրիշ լսարան: Ես` որպես ստեղծագործող, գնալով ավելի եմ զգում նաեւ, որ տրվում եմ այդ աշխատանքին: Ու այսպես փոփոխությունները շատ-շատ են եղել`  կարեւորման արժանի, բայց հիմնականում թվեցի գլխավորները: Sirusho - Թերություններիդ մասին խոսելիս ո՞րը կնշեիր եւ ո՞րն է քեզ խանգարում ու կցանկանայիր ձերբազատվել դրանից: - Մանկուց թերություն եմ ունեցել, որի վրա աշխատում եմ մինչ օրս: Ընդհանրապես աշխատասեր չեմ, բայց այնքան եմ աշխատում դրա վրա, որ աշխատասեր լինեմ, որ արդեն տպավորությունն էլ շատերի մոտ փոխվել է: Նաեւ շատ եմ ուշանում եւ ամեն անգամ դրանից վատ եմ զգում: - Պարտաճանաչ, պունկտուա՞լ չես: - Չեմ ուզում ասել, որ պունկտուալ չեմ, բայց երեւի պունկտուալ չեմ (ծիծաղում է): Իմ ծանոթներն ինձ ժամադրելիս 1 ժամ շուտ են ասում  ու թեեւ հաճախ իմանում եմ, որ ճիշտ չեն ասում, բայց իմ թերությունն իմանալով` հանդուրժում եմ այդ սուտը: - Անձնականդ շատ փակ ես պահում, դա անում ես եւս մեկ անգամ քննարկումների տեղիք չտալո՞ւ համար, թե պարզապես ցանկանում ես մարդկանց հեռու պահել քո անձնական կյանքից: - Երեւի երկուսն էլ: Բացի այդ կարծում եմ` իմ աշխատանքային կյանքն ավելի հետաքրքիր է, եւ ես ինքս էլ կենտրոնանում եմ դրա վրա: Չեմ սիրում, երբ մարդիկ ընդհանրապես խոսում են անձնականից: Ինձ էլ հաճելի չէ եթերից որեւէ մեկի անձնականի մասին լսելը: Այո, հավանաբար այն բացառիկ հայերից եմ, ում դա դուր չի գալիս: Հենց դրա համար էլ չեմ սիրում եւ ճիշտ չեմ համարում անձնականի քննարկումը: - Այդ դեպքում քեզ դուր չեն գա նաեւ վերջին շրջանում անգլիական թագավորական ընտանիքի հարսանյաց արարողության հետ կապված լուրերն ու քննարկումները: - (Ծիծաղում է)… Չեք պատկերացնի, թե ոնց դուր չի գալիս: Նախ`  հենց արթնանում եմ, CNN եմ միացնում, քանի որ հայկական ալիքներով այն, ինչ ցուցադրվում է, այնքան էլ համաձայն չեմ եւ դուր չի գալիս: Ու ինձ շատ է անհանգստացնում այն, որ CNN-ով շատ լուրջ մարդիկ շատ երկար կարող են խոսել այդ հարսանիքի մասին: Հասկանում եմ, որ դա թագավորական հարսանիք է եւ մեծ իրադարձություն է, բայց այն ժամանակ, երբ ինձ հետաքրքրում է Լիբիայի եւ Ճապոնիայի վիճակը, ժամեր շարունակ խոսվում է այդ հարսանիքից, եւ հավատացեք` դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս: Sirusho - Բայց Հայաստանում նույն կերպ քննարկվեց քո հարսանիքը`  սկսած նրանից, թե ով ինչ էր հագել, ով ինչ էր բերել եւ այլն: - Դա էլ ինձ համար շատ տարօրինակ է: Չեմ հիշում, երբ ինքս որեւէ մեկի անձնականը երբեւէ քննարկած լինեմ: Եթե մի բան էլ կա, որ հետաքրքիր է, 1-2 րոպե խոսեցիր, լավ, բայց չեմ հասկանում դրա` այդքան կարեւորելը եւ զարմանում եմ, թե իմ հարսանիքն ինչու այդքան քննարկվեց, եւ ինչու է դա մարդկանց հետաքրքրում: - Ծնողներիդ միակ դուստրն ես. առանց քեզ տունը դատարկվե՞լ է եւ քո նախկին ննջարանում լինելու առիթներ ունենո՞ւմ ես: - Դե, իհարկե, նախկին ննջարանումս լինելու առիթներ շատ եմ ունենում եւ առհասարակ մեր տանը շատ եմ լինում: Մենք երեքս էլ անընդհատ հյուրախաղերի ենք, եւ մեր տանը միշտ էլ այդպես է եղել. մեկը տանը չի եղել, բայց, միեւնույնն է, մենք աննկարագրելի շատ կապված ենք  եւ ամուսնությունից հետո երեքս էլ չենք խոսում այդ դատարկության մասին: 5 տարի անց Սիրուշոյի հետ  կրկին զրուցեց Անի Քոչարը Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք “Ե՞ս Yes” ամսագրում Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW