Ի՞նչ դժվարություններ ունի երգչուհին Սոնա Շահգելդյանն այս օրերին երաժիշտների հետ իր առաջին մենահամերգի վերջին փորձերն է անում: Երգչուհու մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: BRAVO.am-ն այցելել է այն ստուդիան, որտեղ եւ Սոնան ու Արսեն Գրիգորյանը փորձեր էին անում երաժիշտների հետ: Երգչուհու մենահամերգին կհնչի 20-ից ավելի երգ՝ սեփական երգացանկից, միջազգային հիթեր ու նոր երգեր: Սոնան զուգերգեր կկատարի Արսեն Գրիգորյանի, Ռուբեն Հախվերդյանի հետ. “Այլ դուետ ու անակնկալներ եւս կլինեն: Բենդում պրոֆեսիոնալ երաժիշտներ են՝ բաս-կիթառահար ու սոլո-կիթառահար Արթուրները, ստեղնաշարային գործիքներ նվագող Սամվելը եւ Տիգրանը, հարվածային գործիքներ նվագող Գեւորգը, նաեւ մասնակցելու է Ֆիլհարմոնիայի փոքրիկ նվագախումբը”: Ինչպես նշել է երգչուհին, մենահամերգին ակնկալում է հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծ ծափերը. “Համերգը լինելու է առանց ընդմիջման: Նոն-ստոպ վիճակում ավելի շատ էներգիա, դրայվ ու էմոցիա կլինի: Ինքս եմ շփվելու հանդիսատեսի հետ, բայց ավելի շատ կերգեմ, քան կխոսեմ”: Սոնայի փոխանցմամբ՝ մենահամերգին ինչպես երգերը կլինեն բազմաոճ, այնպես էլ իր կերպարները. “Չեմ սիրում կրկնօրինակել, նմանվել ուրիշներին: Գովազդային պաստառների լուսանկարների դեպքում նույնպես փորձել եմ յուրօրինակ լինել: Լուսանկարի մեջ հետաքրքիր խորհուրդ կա. քանի որ երգում եմ մի քանի ոճերում՝ փոփ, սոուլ, ժողովրդական եւ ջազային, կերպարն էլ այդ ոճերի միախառնումն է”: BRAVO.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը նշել է՝ մենահամերգը կազմակերպում է իր ուժերով. “Համերգի տոմսերը հնարավորինս մատչելի են՝ 3000-ից մինչեւ 12 000 դրամ: Հովանավորներ կան, բայց ամեն մանրուքի վրա ինքս եմ աշխատել, դժվարություններն իմ ու ընտանիքիս ուսերին են: Առաջին մենահամերգը կարող էի ավելի շուտ կազմակերպել, բայց հիմա ճիշտ ժամանակն է”: “Համերգի ընթացքում 6/8-ային միակ երգը “Հարսի շոր”-ը կլինի, որի տեսահոլովակը շուտով կներկայացնեմ: Այս երգի հետ կապված սինգլ թողարկելու պլաններ ունեմ: Առաջին մենահամերգով չեմ սահմանափակվելու, նոր երգեր ունենալու դեպքում նոր ելույթներով, համերգներով նորից կներկայանամ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Զավեն Խաչիկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: