Պարուհին նպատակ ունի Բրազիլիա մեկնել Վիկա Մարտիրոսյանն այժմ զբաղված է իր խմբի պարային նոր բեմադրություններով: “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավարը մինչ աշխատանքային ռիթմին անցնելը, իր խոսքերով, դրական լիցքերով ամառային ուղեւորություն է ունեցել:): Պարուհին ամուսնու, մեկ ու կես տարեկան դստեր եւ ամուսնու ընտանիքի հետ հանգստացել է Բուլղարիայում՝ ծովափնյա Բուրգասում. “Մեր մեծ ընտանիքով հայկական իսկական հանգիստ ենք ունեցել: Քաղաքի բոլոր ժամանցավայրերով շրջել ենք, ակումբներ գնացել ու հետաքրքիր վայրեր տեսել”: Վիկան BRAVO.am-ին ասաց` հյուրախաղերով եղել է եվրոպական մի շարք երկրներում, բայց Բուլղարիա առաջին անգամ է մեկնել. “Մեր ծանոթների խորհրդով որոշեցինք այնտեղ գնալ: Ի ուրախություն մեզ, Նանան թռիչքը, օդափոխությունը շատ լավ տարավ: Չէր ուզում ծովից դուրս գալ. այնքան էր դուրն եկել, որ մի րոպե ուշադրություն չէինք դարձնում, վազում ու ջուրն էր մտնում, բացարձակ չէր վախենում”: Պարուհու խոսքերով` ճամպրուկները հավաքելիս առաջինը փոքրիկի հագուստն ու խաղալիքներն է վերցնում:): Վիկան նշում է` մինչ օրս կատարած ուղեւորություններից ամենից շատ տպավորվել է ֆրանսիական Կաննով, ուր կցանկանար նորից մեկնել. “Տարբերվում է հոյակապ ծովափով, բարձրակարգ սպասարկմամբ, գեղեցիկ վայրերով, խանութներով ու մթնոլորտով”: Պարուհին նպատակ ունի հետագայում այցելել իր սիրելի երկրներից մեկը՝ Բրազիլիա, ուր դեռ չի եղել. “Խնդիրը երկար ճանապարհն է, թռիչքը չեմ կարողանա թեթեւ տանել: Ինձ թվում է՝ Բրազիլիայի նման երկրորդ երկիր չկա, նրանց մշակույթը, պարերն ինձ շատ են հետաքրքրում: Թեեւ կարծում եմ` իրենց առանձնահատուկ պարերը պետք է հենց բրազիլացիները պարեն, ինչպես քոչարին կարող են հայերը լավ պարել”: “Ամարասի” գեղարվեստական ղեկավարը ընտանիքի հետ նաեւ հաճախ լինում է Հայաստանի մարզային քաղաքներում՝ Վանաձորում, Դիլիջանում. “Շաբաթ-կիրակի օրերին գնում ենք քաղաքից դուրս, հատկապես` Վանաձոր, որտեղից արմատներով ամուսինս է”: Այժմ պարուհին աշխատում է նոր նախագծերի վրա, պատրաստում է պարային բեմադրություններ տեսահոլովակների համար, որոնք կներկայացնի առաջիկայում, ինչպես նաեւ դասավանդում է մոդեռն բալետ Պարարվեստի պետական քոլեջում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Վիկա Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: