×


Վլադիմիր Արզումանյան

Վլադիմիր Արզումանյան

Bravo.am-ը հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթողին:) «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողն արդեն Երեւանում է: Ժամանման նույն օրը` նոյեմբերի 22-ին Bravo.am-ը զրուցել է փոքրիկ երգչի հետ, ով մեզ պատմեց Մինսկում անցկացրած օրերի ու իր տպավորությունների մասին: Պարզվեց, որ մեր ներկայացուցչի համար շատ հաճելի են եղել այդ օրերը, լարված չի եղել ու բոլորի հետ ընկերացել է. «Բելառուսի, սերբի, շվեցարացու... բոլորի հետ ընկերացա:)»: Մրցութային համերգից առաջ էլ հեռախոսով խոսել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ. «Նա շատ օգնեց ինձ, միշտ զանգում էր, իր լավ տրամադրությունն ինձ փոխանցում, ոգեւորում, իսկ վերջին անգամ` ելույթից առաջ, կատակով ասաց, որ եթե չհաղթեմ, չի թողնի վերադառնամ: Ասեցի` լավ, կկրեմ, կվերադառնամ, չնայած` չէի ուզում վերադառնալ:)»: Vladimir Arzumanyan Մինսկում փոքրիկ Վովան միայն փորձերով է զբաղված եղել. «Մյուս տղաներին ժամանակ էին հատկացնում, միշտ գնում էին լավ-լավ տեղեր, իսկ ես միայն փորձ էի անում»,- այնուամենայնիվ, Վլադիմիրը չի դժգոհում,- «Մինսկում ավելի լավ էր, քան Երեւանում ու Արցախում. այնտեղ լավ զվուկ կար, համ էլ ռեժիմ կար, իսկ այստեղ ոչինչ չանելուց ձանձրանում եմ»: Մրցույթի հաղթողն ասում է, որ մեծ բեմում իրեն լավ է զգում. «Շատ եմ սիրում մեծ բեմերը, այնտեղ ինձ լավ եմ զգում. շարժվելու տեղ կա, հանդիսատեսն էլ շատ է լինում, իսկ երբ երկու հոգով նստում են փոքր զալում, ինձ ավելի դժվար է»: Փոքրիկն իրեն մրցակից էլ չի տեսել. «Հենց առաջին օրից իմ ուսուցիչն ասաց, որ ես ռեալ շանսեր ունեմ: Ես ինձ մրցակից չէի տեսնում, իրենք իմ ընկերներն են ու նրանց հանդեպ հատուկ մրցակցություն չէի զգում, միայն Վրաստանի հետ էի մրցում, քանի որ էնքան էլ չեմ սիրում»: Հաղթանակն էլ իր համար հեշտ է եղել. «Ինձ շատ հեշտ էր, քանի որ մյուսներն այնքան էլ ուժեղ չէին. շատ ուժեղ էր Բելառուսը: Ինձ ամենաշատը դուր եկան սերբն ու բելառուսը, ռուսներն էլ այդքան ուժեղ չէին, բայց մեզ բարձր գնահատեցին»: Վլադիմիրին դուր էր եկել իր երգի ժամանակ բեմում դրված մեծ`3 մետրանոց գիրքը, որն էլ ողջ Եվրոպային ներկայացրեց երգի պատմությունը. «Գիրքն ինձ շատ դուր եկավ, այն թողեցինք տեղի գրադարանում, կարող է գրանցվի նաեւ Գինեսի գրքում. ամենամեծ գիրքն է: Հագուստներն էին լավը, իմն ինձ շատ դուր եկավ, պարի խումբն էլ էր լավը»: Vladimir Arzumanyan Վովան ասում է` նախքան մրցույթը երազ էր տեսել, թե հաղթելու է. այդպես էլ եղավ, հիմա ուզում է, որ եւս մեկ անգամ կրկնվի մրցույթի օրը, իսկ իրենից բացի կցանկանար, որ հաղթեին բելառուսն ու սերբը: Խոսելով երգի մասին` Վովան ասաց, որ կրկին նույն կարծիքին է. այն աղջկան, ում մասին գրել էր «Մամա»-ն, այլեւս չի սիրում. «Հիմա կա մի աղջիկ, ով ինձ շատ է դուր գալիս, բայց չեմ ասի, թե ով է, որովհետեւ ամբողջ քաղաքով հայտարարում են»,- իսկ երբ ասացինք, որ համացանցում տարածված տեղեկություններից մեզ հայտնի է, որ այդ աղջիկը Սերբիայի ներկայացուցիչն է, փոքրիկ Վովան ասաց, որ գիտի այդ մասին, ու համացանցում այդ տեղեկությունը տարածողի համար վատ է լինելու:). «Դեռ չգիտեմ` ինչ եմ անելու, բայց շատ վատ ա լինելու:)»: Իսկ ծնողներից ակնկալվող իր ամենամեծ նվերի` եղբայր ունենալու մասին Վովան ասաց, որ շատ է ուզում, բայց եղբորը դեռ անուն չի որոշել. «Թող մաման ու պապան որոշեն, միայն եղբայր ունենամ, քանի որ քույրիկ արդեն ունեմ. նա 9 տարեկան է, սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոն»: Vladimir Arzumanyan Այժմ Վովան պատրաստվում է Արցախ մեկնել, ասում է` դասընկերներին կարոտել է, իսկ ապագա ծրագրերի մասին չի խոսում. «Ես չգիտեմ, դասատուս կասի: Ուզում եմ մասնակցել  «Լավագույն եվրոպական երգիչ» մրցույթին, որտեղ փոքրերը չեն լինում, ես էլ կմեծանամ, նոր կմասնակցեմ: Երբ մեծանամ, ինձ համար լրացուցիչ մեկ մասնագիտություն էլ կընտրեմ, բայց դեռ չգիտեմ` ինչ»: Իսկ Վլադիմիրի պրոդյուսերը` Լիրա Քոչարյանը, Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ինքն  է աշխատել տղայի հետ. «Երբ առաջին անգամ լսեցի նրան, ուղարկեցի մի մասնագետի մոտ, ով սկզբնական ձայնի մշակմամբ զբաղվեց, հետո մի քիչ իրեն պահեցի դասական մանկական ռեպերտուարի մեջ, մի քանի անգամ ելույթ ունեցավ Արցախի կամերային նվագախմբի հետ, կամաց-կամաց սկսեցի մեծացնել դիապազոնը` փորձելով այլ ստիլիստիկայի մեջ. էստրադա, ջազ, ռոք, հայկական եւ այլն, հետո դուրս եկավ մեծ բեմեր`Օպերայի բեմ, Մոսկվայի “Կարոտ” փառատոն, իսկ վերջին` ամենամեծ բեմը «Մանկական Նոր Ալիքն» էր: Ամեն ինչ եղել է պլանավորված ու հերթականությամբ, որ Վլադիմիրը սովորի մեծ բեմին»: Vladimir Arzumanyan Լիրան ասում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի փորձերի ընթացքում եւ հաղթանակից հետո Վլադիմիր Արզումանյանին մի շարք հրավերներ են արել տարբեր մրցույթների ու փառատոնների մասնակցելու համար, իսկ Մինսկում իրենց բեմական դեկորի համար շնորհակալություն հայտնում Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին. «Մեր դեկորը շատ մեծ էր եւ հնարավոր չէր տեղափոխել, իսկ տիկին Ռիտա Սարգսյանը կազմակերպեց այդ ամենը, մարդ ուղարկեց, ու տեղում այն պատրաստեցին. բոլորը գիտեին մեր դեկորի մասին, ոչ ոք նման բան չուներ, եւ դա եւս մեծ դեր ունեցավ: Մեր նախապատրաստական աշխատանքներին միացել էր նաեւ «Շարմ» ընկերությունը»: Իսկ  մեր հարցին, թե ի՞նչ տվեց այդ հաղթանակը Վովային, Լիրան պատասխանեց. «Եվ դրական, եւ բացասական կողմեր կան: Բացասականն այն է, որ շատ դժվար էր այդ տարիքի եւ այդքան աշխույժ երեխայի համար կտրվել խաղից ու անընդհատ փորձեր անել, անընդհատ ժպտալ, քանի որ բոլորի ուշադրությունն իր վրա էր, իսկ դրականն այն է, որ արդեն այս տարիքից բոլորը ճանաչեցին նրան, ու նա մեծ ապագա է ունենալու, «Մանկական Եվրատեսիլ»-ի պատմության մեջ նրա անունն էլ իր տեղն ունի, ու հետագայում որպես հաղթող նա կրկին կլինի այդ բեմում»: Vladimir Arzumanyan Եզրափակելով մեր զրույցը` պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, ով նաեւ «Արցախի ձայն»-ի հիմնադիր ղեկավարն է, ասաց, որ շնորհավորում է բոլոր հայերին . «Եթե միանանք, միասին աղոթենք եւ այդ աղոթքի հետ նաեւ աշխատենք, միացնենք մեր բոլոր գործնական ուժերը, ապա  հաղթանակ կունենանք. այս անգամ եւս այդպես եղավ»: Հ.Գ.  Ի դեպ, ի տարբերություն շատ երգիչների, «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող փոքրիկ երգիչն իրեն աստղ չի համարում` գիտակցելով, որ աստղերը միայն երկնքում են լինում: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW