×


Քրիստինե Պեպելյան եւ Արեւիկ Սիմոնյան

Քրիստինե Պեպելյան եւ Արեւիկ Սիմոնյան

“Եվրատեսիլում”  զարմացրել  են:) “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչ Հայաստանը չանցավ ու հաղթանակի համար պայքարելու հնարավորությունը կորցրեց, փոխարենը եվրոպացիներին ցույց տվեց` ինչ ասել է ազնվություն:): Երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներ երգչուհի Քրիստինե Պեպելյանին ու դիզայներ Արեւիկ Սիմոնյանին անչափ շնորհակալ Է ու ի լուր աշխարհի իր գոհունակությունն է հայտնում գերմանացի մի զույգ:  Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Քրիստինե Պեպելյանը պատմեց “դեպքի” մանրամասները. Arevik Simonyan & Qristine Pepelyan “Մայիսի 16-ն էր, եւ Հայաստանի պատվիրակությունն արդեն պատրաստվում էր վերադառնալ Երեւան: Դյուսելդորֆի հինգաստղանի “Շթայգենբերգեր փարք” հյուրանոցի առաջին հարկում էինք բոլորս հավաքվել եւ մեր ճամպրուկներն էինք փորձում դասավորել: Ես ու Արեւիկ Սիմոնյանը զուգարանում լվացարանին մոտեցանք, եւ Արեւիկը նկատեց, որ մատանի են մոռացել: Վերցրի զարդը. ադամանդե  քարերով շատ գեղեցիկ մատանի էր: Յուրաքանչյուրն էլ կհասկանար, որ թանկարժեք զարդ է, ոչ թե` հասարակ բիժու: Մի քիչ սպասեցինք, տեսանք` ոչ ոք չի գալիս զարդի հետեւից ու որոշեցինք այն թողնել հյուրանոցի ընդունարանում:  Գերմանուհի աշխատակցին  ասացի` լվացարանի մոտ ինչ-որ մեկն իր զարդն է մոռացել, իսկ մենք Հայաստանի պատվիրակությունից ենք եւ շուտով պետք է գնանք: Նշեցի` վստահ եմ, որ զարդի տերը վերադառնալու է, որովհետեւ,  եթե այն արժեք էլ չունենա, գոնե հիշողությունների հետ կապված կլինի, եւ խնդրեցի փոխանցել տիրոջը”,- պատմեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Պարզվում է` զարդի տիրուհին Գերմանիայում հայտնի փաստաբան դոկտոր Ֆոլքեր Շրաթցլզեերի տիկինն է` Ռոզվիթան,  նրա կորցրած` 20 հազար եվրոյի ադամանդաքար սպիտակ ոսկուց պատրաստված մատանին էլ` մորից եւ մորաքրոջից ստացած ժառանգությունը:):  Հյուրանոցի  ընդունարանում Ռոզվիթային վերադարձնում են զարդը` նշելով հայաստանյան պատվիրակության անդամներն են գտել: “Եվրատեսիլ 2011”-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Bravo.am-ին հաղորդեց, որ գերմանուհուն կոնտակտներ են  փոխանցել. “Այդ կինը պետք է կապ հաստատի եւ շնորհակալություն հայտնի, որովհետեւ շատ շոյված է”: Qristine Pepelyan & Arevik Simonyan Ռոզվիթայի հայտարարությանը, թե ցանկանում է կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել հայուհիներին ազնիվ գտնվելու համար, Քրիստինե Պեպելյանին ժպտալու առիթ է տալիս: “Այդ ամենը չի արվել նրա համար, որ նվեր ստանանք: Մեր մարդկային քայլն ենք արել` մտածելով, որ դա ոգեղեն արժեք ունի: Ինձ համար նյութական արժեքները կարեւոր չեն. վարվել ենք այնպես, ինչպես կուզեինք` մեզ հետ վարվեն”,- ասաց Քրիստինե Պեպելյանն ու հավելեց. “Գոհարի հետ խոսում էի,  ասաց` գերմանուհին մամուլի ասուլիս է կազմակերպել եւ այս` իր կյանքի ամենասիրուն պատմություններից մեկը պատմել, որ կապված է մեզ հետ: Նա նշել է` չի  ճանաչում մեզ,  բայց շնորհակալ է ազնիվ գտնվելու համար, քանի որ գտնողը կարող էր եւ չվերադարձնել”: Երգչուհուն այս պատմությունն անչափ հուզել է. “Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք մի քանի րոպեների ընթացքում այդ կնոջ կյանքն առավել հետաքրքիր դարձնել,  ու եթե մինչ այս մատանին իր համար զարդ է եղել, ուզում եմ, որ այսօրվանից թալիսման դառնա, որովհետեւ իրենն էր եւ վերադարձավ իր մոտ, իսկ այն, ինչ մեզնից գնում է ու վերադառնում է, նշանակում է` իսկապես մերն է. ես հավատում եմ դրան”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները`Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին