×


Ֆաինա VS Արեւիկ

Ֆաինա VS Արեւիկ

“Մի կաթիլ մեղրը” դիզայներական ոճում Վերջերս հայկական ամսագրերից մեկում ներկայացվել էր մի քանի հայ դիզայներների մեկնաբանությունը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հագուստների վերաբերյալ:  Նման քննարկումներն այսօր շատ արդիական ու սովորական են դարձել մեզ համար, որոնց կարող ենք հանդիպել ոչ միայն ամսագրերում, այլեւ հեռուստատեսությամբ:  Հերթական քննարկման ժամանակ խոսվել էր «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010»-ին  Արսեն Գրիգորյանի կրած հագուստի մասին, որն աչքի ընկավ իր համարձակ ու վառ գույներով: Faina Harutyunyan Վարդագույն կոստյումի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է: Կոստյումի մասին կարծիք էին հայտնել դիզայներներ Արամ Նիկոլյանը, Գեորգի Հարությունյանը, Արեւիկ Սիմոնյանն ու ստիլիստ, վիզաժիստ Հրանուշ Եղոյանը: Արամ Նիկոլյանն ու Գեորգի Հարությունյանը գույների ընտրությունը համարձակ ու տեղին էին համարել, հավանել կերպարը` ասելով, որ կփոխեին միայն սպիտակ վերնաշապիկը, իսկ Արեւիկ Սիմոնյանն ասել էր, որ շատ է սիրում Արսենին, հագուստի ամենամեծ թերությունն էլ անփույթ կարն է համարում: Arsen grigoryan Այս հրապարակումից հետո դիզայներ Ֆաինա Հարությունյանն իր բլոգում հանդես եկավ  հայտարարությամբ, որում ասվում էր, որ նման քննարկումների համար աշխարհում կան պրոֆեսիոնալ ոճաբաններ ու նորաձեւության քննադատներ, ովքեր ավելի չեզոք են, ու նրանց կարծիքը չի հակասում գործընկերական էթիկայի կանոններին: Ֆաինան նշել էր, որ ամսագրում կարծիք հայտնող «դիզայներներից մեկը» արդեն երկրորդ տարին է` իր զգեստներն «անփույթ կար»-ով է բնորոշում. «Ես ինքս հաճախ քննարկում ու քննադատում եմ իմ գործերը, դա նորմալ է, բայց որ քեզ անուն է դնում մեկը, ում կարած զգեստի կարերը քանդվել են կուլիսներում դեռ անցյալ տարի` մրցանակաբաշխության ժամանակ, ես էլ ասեղ-թելով կարեցի այդ շորը, խղճալով արտիստուհուն, հեռուստատեսությունում էլ ասացի, որ այդ կադրերը չդնեն եթեր, քանի որ մտածեցի` գործընկերական էթիկայի հարց է, ասացի` ամոթ է... բայց պարզվում է` ”с волками жить- по-волчьи выть”... Այնպես որ, սխալս շտկում եմ, հիմա տեղադրում եմ մի վիդեո, նայեք... ես իմ ասածներն ապացուցում եմ, նայեք ու հասկացեք, թե ում աշխատանքն է անփույթ»,- գրում է դիզայներն ու տեղադրում «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2009»-ից մի վիդեո, որտեղ ետնաբեմում Արմինկան իր զգեստի մասին խոսում է Արմեն Գալյանի հետ: Վիդեոյում հատուկ նշվում է երգչուհու զգեստի քանդված կարը: Հիշեցնենք, որ Արմինկայի տվյալ զգեստի հեղինակը Արեւիկ Սիմոնյանն է: Arevik Simonyan Bravo.am-ն այս հարցի շուրջ փորձեց խոսել դիզայներների հետ: Ֆաինա Հարությունյանն ասաց, որ այս թեմայի մասին խոսելն իրեն տհաճ է. «Ես իմ ասելիքը բլոգում ասել եմ»:   Դիզայներն իր գրառման վերջում նշել էր. «Ի դեպ, ես չեմ նեղանում, քանի որ ես դիզայներ եմ, ոչ թե «պարտնիխա»: Ավելի վատ ինձ կզգայի, եթե մեղադրեին ինձ Natali Portman-ի քոփիի մեջ, կամ անունս դնեին «Բանտիկների թագուհի»...»: Իսկ Արեւիկ Սիմոնյանը նախ մեզ ասաց, որ չի հասկանում, թե ինչի մասին ենք ուզում զրուցել, ապա ասաց, որ միայն Արմինկայի հետ խոսելուց եւ հասկանալուց հետո, թե ինչ է կատարվում, կպատասխանի մեզ: Մեր հաջորդ զրույցը դիզայների հետ շատ կարճ տեւեց. Արեւիկ Սիմոնյանն ասաց, որ այս թեմայի մասին ասելիք չունի: Արմինկան էլ ասաց, որ ոչ թե զգեստի կարն է քանդվել, այլ շղթան է փչացել. «Ամեն բան կարող է պատահել զգեստի հետ, լինի դա Արեւիկ Սիմոնյանի, թե համաշխարհային ինչ-որ դիզայների գործը: Ես արդեն վեց տարի է` աշխատում եմ Արեւիկի հետ, կարի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ֆաինան է կարել իմ զգեստը, ապա ես շնորհակալ եմ նրանից. այդ պահին նա էր կողքս, նա կարեց, եթե ուրիշ մեկն էլ լիներ, կարծում եմ, կօգներ ինձ»: Arminka Ի դեպ, կոստյումի կարը թերի էր անվանել նաեւ Հրանուշ Եղոյանը. «Արսենն ինքնին վառ կերպար է: Նրա կոստյումի մտահաղացումը նման է Moschino-ի ոճին, թերի է կարը, ինչը շատ կարեւոր է կոստյումի պարագայում»,- ասված է ստիլիստ, վիզաժիստի խոսքում: Իսկ «eLSi» նորաձեւության ստուդիոյի դիզայներ Լիանա Սարգսյանն ասել էր, որ որակի ու կարի առումով կոստյումը թերություններ ունի, բայց, ընդհանուր առմամբ, վառ կերպար է ստացվել: Bravo.am-ի հետ զրույցում քննարկվող կոստյումի հասցեատեր Արսեն Գրիգորյանն էլ ասաց. «Եթե որեւէ բան այնպես չլիներ, ես այդ կոստյումով չէի հայտնվի հանրության առջեւ: Ես ուրախ եմ, որ կրել եմ այդ կոստյումը, շնորհակալ եմ Ֆաինային,  որովհետեւ իր դիզայնի շնորհիվ ես մրցանակաբաշխությունից մինչ օրս չեմ դադարում կոմպլիմենտներ ստանալ այդ օրվա իմ վառ կերպարի հետ կապված»: Արսենը նշեց, որ արդեն երկրորդ տարին է` «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ կրում է Ֆաինա Հարությունյանի դիզայնով կարված կոստյումները. «Մայքլ Ջեքսոնի ոճով կարված կոստյումի հեղինակը եւս Ֆաինան է, ում հետ եղել են նաեւ խորհրդակցություններ, բայց որպես լուրջ համագործակցություն այս երկու մրցանակաբաշխությունների կոստյումներն են. համագործակցություն կլինի նաեւ հաջորդ մրցանակաբաշխությանը:)»: Մեր զրուցակիցն ասաց, որ Արեւիկ Սիմոնյանի եւ Հրանուշ Եղոյանի` կոստյումի կարին տրված բնորոշումից անձնապես չի վիրավորվել. «Դա անմիջապես ինձ չի վերաբերում. դերձակներին է վերաբերում, ես այդ իմաստով առանձնապես ոչինչ չունեմ ասելու նրանց»: Երգիչը նշեց, որ կա լուսանկար, որտեղ կոստյումի գրպանը փոքր-ինչ ուռած է, բայց դա ոչ թե կարի հետ է կապված, այլ իր դրամապանակից  է. «Ես շատ, իսկապես շատ գոհ եմ այդ կոստյումից ու իմ դեղին սրտիկից. այն ամենավառ կետն էր «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ, որն արժանացավ բոլորի ուշադրությանը, ու դրա համար ես շատ շնորհակալ եմ Ֆաինային:)»: Նորաձեւության հայկական խորհրդի փոխնախագահ, “Infashion Marketing”-ի տնօրեն, ֆեյշն-մարկետոլոգ Արմինե Թադեւոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կատարվածից, որի մասին կարող է երեք մեկնաբանություն անել. «Նախ` անկախ հանգամանքներից`  սխալ է դերձակի մասնագիտությունը թերարժեվորելը, քանի որ նորաձեւության դիզայների մասնագիտացումը ծնունդ է առել հենց դերձակներից, իսկ դրան տիրապետելը խոսում է դիզայների վարպետության մասին: Երկրորդ` կամայական աղմուկը 21-րդ դարում համարվում է PR գործիք, իսկ այդ PR-ի համար ընտրված միջոցներով կարելի է կարծիք կազմել այն կիրառողի մասին, արդյունքում կերեւա, թե ով կշահի: Եվ երրորդը. իմ կարծիքով, երբ մարդիկ տնօրինում են որեւէ մեդիա գործիքի, անկախ նրանից` դա տպագրական, թե ինտերնետային միջոց է, պետք է զանգվածային լրատվության միջոցի կառավարման ունակություն ունենան, վերաբերմունքն այդ գործիքի հանդեպ պետք է լուրջ լինի, քանի որ 21-րդ դարի մեր իրականության մեջ դրանք կարող են նույնիսկ պատերազմների հանգեցնել»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները`Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW